Նշվեց Շինարարի մասնագիտական տոնը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շինարարի մասնագիտական տոնի առթիվ այսօր ՀՀ կառավարության շենքի սրահում կազմակերպված տոնական հանդիսությանը ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ Շինարարների միության նախագահ Գագիկ Գալստյանը շնորհավորանքի խոսքեր ուղղելով շինարարներին՝ պատվոգրեր և հուշամեդալներ են հանձնել բնագավառի ներկայացուցիչներին:

Նարեկ Սարգսյանը շնորհավորելով հայ շինարարներին մասնագիտական տոնի կապակցությամբ, շեշտել է ոլորտի առանձնահատուկ նշանակությունը տնտեսության զարգացման համար:

Նա նշել է, որ շինարարության ոլորտը, շինարարի մասնագիտությունը, մեր տնտեսության համար ավանդաբար կարևոր դեր և նշանակություն ունի և այդ կարևորությունը նկատի առնելով հարց էր բարձրացվել հանրապետության վաստակավոր շինարարի կոչումը վերականգնելու վերաբերյալ: Այսօր ուրախությամբ փաստում ենք, որ մեր լավագույն շինարարներին նույնպես այլ մասնագետների հետ համատեղ օրենսդրորեն գնահատելու և արժևորելու հնարավորություն ունենք:

Նախարարը արձանագրել է, որ շինարարությունը թեև դանդաղ, բայց որոշակի աճի միտումներ է ցույց տալիս՝ վստահություն հայտնելով, որ առաջիկա տարիներին Երևանում և մարզերում կլսվի շինարարի մուրճի մշտական հարվածի ձայնը և կանգնած կռունկներ այլևս չեն լինի:




Լրահոս