«ՊԵՏՔ ՉԷ ՏԽՐԵԼ` ԿԱՐ ՈՒՀԱ-Ն ՈՒ ՎԵՐՋԱՑԱՎ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Ռուսաստանում եւ ԱՊՀ մի շարք երկրներում նշվեց Ուրախների եւ հնարամիտների ակումբի (ՈՒՀԱ) միջազգային օրը, որը դեռեւս ընդգրկված չէ ՄԱԿ-ի համաշխարհային տոների ցուցակում, պաշտոնական տոն չէ նաեւ հենց Ռուսաստանում։ Սակայն, հաշվի առնելով խաղի հեղինակությունը նախկին ԽՍՀՄ երկրներում, շատերը դա չեն բացառում։ Տոնի գաղափարն առաջարկել է ՈՒՀԱ-ի միջազգային ակումբի նախագահ Ալեքսանդր Մասլյակովը, եւ այն առաջին անգամ նշվել է 2001թ.։ Իսկ ամսաթիվն ընտրվել է ի պատիվ ՈՒՀԱ-ի առաջին խաղի, որը եթերում է հայտնվել 1961թ. նոյեմբերի 8-ին։
Նշենք, որ ՈՒՀԱ-ի խաղերում բազմիցս փայլել են մեր հայրենակիցները, բայց հանդիսատեսը հատկապես լավ է հիշում Երեւանի բժշկական ինստիտուտի եւ «Նոր հայեր» թիմերին, մինչդեռ առաջինը, ընդ որում հաջողությամբ, հանդես է եկել Երեւանի պոլիտեխնիկ ինստիտուտի թիմը, որը 1971թ. ստեղծել է Արա Երնջակյանը։ Նա այսօր հայտնի է որպես  պիեսների, կինոսցենարների, մի շարք գիտական աշխատանքների հեղինակ, իրականացրել է ավելի քան 50 բեմադրություն, մի շարք հեռուստանախագծեր, տասնյակ շոու միջոցառումներ, նկարահանել է երկու լիամետրաժ գեղարվեստական կինոֆիլմ։ 1981թ. հիմնադրել է Երեւանի պետական կամերային թատրոնը, որի գեղարվեստական ղեկավարն ու տնօրենն է:
-Պարո՛ն Երնջակյան, ՈՒՀԱ-ն ազդեցություն, հետք թողե՞լ է հայկական շոու բիզնեսի, հեռուստատեսության վրա։
-Ձեր հարցերը միանշանակ պատասխան ունեն. եթե ուշադիր նայենք, նույնիսկ անզեն աչքով կարելի է տեսնել, որ շոու բիզնեսում, հեռուստատեսությունում հիմնականում աշխատում են ՈՒՀԱ-ի հետ առնչություն ունեցող մարդիկ։ Կարծում եմ՝ դա նորմալ է, որովհետեւ ՈՒՀԱ-ն` որպես երեւույթ, շատ ճկուն էր, եւ շատ երիտասարդներ, անցնելով այդ դպրոցը, բավականին հետաքրքիր ձեռքբերումներ ունեցան եւ դեռ շարունակում են ունենալ։ Ինչ վերաբերում է մեր թիմին, ապա մենք մասնակցեցինք առաջին (կարող եմ ասել` իսկական) ՈՒՀԱ-ներին մինչեւ դրա արգելումը: Դա 1971-1972թթ. խաղաշրջանն էր, որն սկսվեց եւ ավարտվեց 1971-ին։ Մեր՝ Երեւանի պոլիտեխնիկ ինստիտուտի թիմն այնքան հաջող ելույթ ունեցավ, որ միանգամից Օդեսայի հետ հասավ եզրափակիչ։ Եվ հենց այդ խաղի ժամանակ էլ ՈՒՀԱ-ն արգելվեց, որովհետեւ մեզ չափից շատ ազատություններ էինք թույլ տվել։
-Իսկ եզրափակչում հաղթող չեղա՞վ։
-Կարծում եմ, որ, այնուամենայնիվ, Օդեսան հաղթեց, բայց պաշտոնապես այդպես էլ չհայտարարեցին այդ մասին։ Եվ դրանից հետո, եթե չեմ սխալվում, մոտ 15-17 տարի այն արգելված էր մնում մինչեւ «պերեստրոյկա» ասվածը։ Ու Մասլյակովը կարողացավ վերականգնել այն, ինչ ուրիշներն էին ստեղծել։ Ոմանք, իհարկե, հենց նրան են վերագրում ՈՒՀԱ-ի ծնունդը, բայց դա այդպես չէ։
-Արդեն վերականգնումից հետո մեծ հաջողությամբ հանդես եկան Երեւանի բժշկական ինստիտուտի, ապա «Նոր հայեր» թիմերը։ ՈՒՀԱ-ն փոխվե՞լ էր այդ ընթացքում։
-ՈՒՀԱ-ն իր էությամբ բավականին փոփոխություն կրեց այդ ընթացքում։ Օրինակ` մեր ժամանակ այն ավելի շատ էքսպրոմտի վրա էր կառուցվում, այսինքն՝ մասնակիցների հարցուպատասխանների, մտքի ճկունության վրա։ Իսկ արդեն վերջին շրջանի ՈՒՀԱ-ն ավելի շատ շոու է, մասնակիցները նախօրոք պատրաստվում են, եւ բեմում շատ քիչ բան է ստեղծվում։ Ինչ վերաբերում է հայկական թիմերին, ապա Ձեր նշած թիմերից հետո ամեն ինչ մարող ճանապարհով գնաց։ Մեր հիմնական նպատակը պետք է լինի եզրափակիչ դուրս գալը, իսկ Մոսկվայում, բնական է, խաղալու ենք ռուսերեն, եւ պարզից էլ պարզ է, որ մեզ մոտ` հատկապես երիտասարդության շրջանում, ռուսերեն լավ իմացողները քչացել են։ Կարծում եմ՝ դժվար թե երբեւէ կունենանք ՈՒՀԱ-ի թիմ, եթե այդ քաղաքականությունը շարունակվի։ Ընդ որում, ոչ թե լավ, այլ բացառիկ պետք է իմանաս ռուսերեն, որպեսզի տեղում կարողանաս կողմնորոշվել ու դիպուկ պատասխանել։
-Այսինքն` լեզվի իմացությունն այն աստիճանի պետք է լինի, որ կարողանաս նաեւ մտածել ռուսերեն։
-Այո՛։
-Բացի այդ` այն ժամանակ ընդհանուր երկրի զգացողություն, ընդհանուր հետաքրքրությունների շրջանակ կար, հումորն էլ, կարելի է ասել, ընդհանուր էր, հասկացվում էր։ Օրինակ` շատ կատակներ ստեղծվում էին գովազդի հիմքի վրա, սակայն այսօր Հայաստանում ներկայացվող այդ նույն գովազդը Ռուսաստանում կամ ԱՊՀ այլ երկրում չգիտեն, մենք էլ ռուսականը չգիտենք։
-Իհարկե, ճիշտ եք նկատել: Բայց ընդհանրապես պետք չէ տխրել. կար ՈՒՀԱ-ն ու վերջացավ։
-Ձեր թիմից ո՞ւմ կնշեիք։
-Մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցին, փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանին, Արմեն Մարգարյանին, Հակոբ Զադոյանին, ում տղան՝ Վարդանը, «Նոր հայեր» թիմի անդամ էր։

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս