Քաղաքական թեստը մեկնարկում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

 Հայաստանի երեք հարյուր համայնքներում սկսվում է սեպտեմբերի 18-ին նշանակված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների թեկնածուների առաջադրումը, որը կավարտվի օգոստոսի 19-ին, ժամը 18.00-ին: 

Այս ընտրությունների օրինակով, թերեւս, պարզ կդառնա, թե վերջին տարիներին որքանով է փոխվել Հայաստանի քաղաքական դաշտը: Վերջին տասնհինգ տարիների ընթացքում Հայաստանի քաղաքական դաշտի դեգրադացման եւ ընդդիմադիր քաղաքական ուժերի կազմալուծման հետ զուգահեռ ՏԻՄ ընտրությունները դարձան միայն իշխանությունների «մենաշնորհը»: 2002 թվականից հետո Հայաստանում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին մասնակցել են միմիայն իշխանական կամ մերձ իշխանական քաղաքական ուժերը ներկայացնող թեկնածուները: Այս երույթն այն աստիճան աղճատեց քաղաքական դաշտը, որ ընդդիմադիր հայացքներ ունեցող թեկնածուները ՏԻՄ ընտրություններում նախընտրում էին մասնակցել հիմնականում որպես անկուսակցականներ: Այսինքն՝ ամենաքաղաքական գործընթացը` ընտրությունները, աստիճանաբար վերածվեցին ապաքաղաքական գործընթացի, որտեղ փոքր համայնքներում հաղթողները որոշվում էին գերդաստանների պայքարի, իսկ մի փոքր ավելի մեծ գյուղերում կամ քաղաքներում` իշխանական թայֆաների բախման արդյունքում:
Սակայն Հայաստանի քաղաքական դաշտի ընդդիմադիր հատվածում վերջին երկու տարիներին ընթացող փոփոխությունների արդյունքում ընդդիմադիրները սկսեցին կրկին խոսել ՏԻՄ ընտրությունների եւ դրանց կարեւորության մասին: Այսինքն՝ ընդդիմությունը սկսեց չժխտել իրեն շրջապատող իրողությունը` ընդունելով, որ քաղաքական ուժը չի կարող ԱԺ ընտրություններում լուրջ հաջողության ակնկալիք ունենալ, եթե ի վիճակի չէ ՏԻՄ ընտրություններին մասնակցել: Ի դեպ, մասնակցելը դեռ չի ենթադրում պարտադիր հաղթել: Տվյալ դեպքում առավել կարեւոր է, որ լուրջ հավակնություններ ունեցող ընդդիմադիր քաղաքական ուժը գործնականում ապացուցի, որ գյուղերում եւ քաղաքներում ունի անդամներ, որոնք տեղերում որոշակի հեղինակություն ունեն: Եթե անգամ նրանց հեղինակությունը բավարար չէ գյուղապետ կամ քաղաքապետ դառնալու համար, ապա այն լիարժեք կբավարարի, որպեսզի իրենց կուսակցության համար խորհրդարանական ընտրություններում կաթիլ-կաթիլ լուրջ հաջողություն ապահովեն: Այսինքն՝ վերջին տարվա ընթացքում ընդդիմադիր քաղաքական ուժերի համար գնալով ավելի ընդունելի դարձավ այն մոտեցումը, որ միայն Երեւանում գրասենյակ ունենալով՝ իրենք, որքան էլ խարիզմատիկ առաջնորդ ունենան, միեւնույն է՝ չեն կարող լուրջ հաջողության հասնել: Մի խոսքով, սեպտեմբերի 18-ի եւ հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրություններում ընդդիմադիր կուսակցությունների մասնակցության մակարդակը ցույց կտա, թե Հայաստանում քաղաքական դաշտը որքանով է առողջացել:
Սեպտեմբերի 18-ին ՏԻՄ ընտրություններ տեղի կունենան Հայաստանի Արագածոտնի, Արարատի, Արմավիրի Սյունիքի եւ Տավուշի մարզերում: Նշված մարզերի 22 համայնքներում տեղի կունենան համայնքի ղեկավարի, 80 համայնքներում` ավագանու անդամների ընտրություններ: Իսկ 215 համայնքներում էլ միաժամանակ պետք է անցկացվեն համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամների ընտրություններ: Մարզերից ամենաշատը համայնքի ղեկավարի ընտրություններ տեղի կունենան Արագածոտնի մարզում` 80 համայնքներում: Արարատում եւ Արմավիրում համայնքի ղեկավարի ընտրություններ տեղի կունենան համապատասխանաբար 64 եւ 57 համայնքներում, Տավուշում էլ համայնքի ղեկավար կընտրեն ընդամենը 31 համայնքներ: Իսկ Սյունիքում համայնքի ղեկավարի ընտրություններ պետք է տեղի ունենան ընդամենը 5 համայնքներում: Այս դեպքում թվի փոքր լինելը պայմանավորված է այն փաստով, որ համայնքների խոշորացման վերջին ծրագիրը հենց այս մարզում է նախատեսված: Արդյունքում, Գորիսի քաղաքապետի ընտրությունները փաստացի տեղի կունենան այդ քաղաքը շրջապատող մոտ մեկ տասնյակ գյուղերում եւս, որոնք այլեւս ընդգրկված են նշված համայնքի վարչական տարածքի մեջ: Նույն վիճակն է նաեւ Մեղրի քաղաքի պարագայում, այս համայնքը եւս իր մեջ է կլանել իր հարեւանությամբ գտնվող բոլոր գյուղերը, այդ թվում նաեւ Ագարակ քաղաքը: Նշենք նաեւ, որ սեպտեմբերի 18-ին Հայաստանի քաղաքային համայնքներից քաղաքապետի ընտրություններ տեղի կունենան 17-ում:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս