Գույքը էժան գնով վաճառել են ՀՀԿ-ականի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարության երեկվա նիստի օրակարգում ընդգրկված հարցերից մեկով պետական գույքի կառավարման վարչությունը առաջարկել է Ջրվեժի 13-րդ փողոց, թիվ 58 հասցեում գտնվող 219.1 քմ մակերեսով շինությունը եւ 970 քմ մակերեսով հողամասը ուղղակի վաճառքի ձեւով օտարել: Բանն այն է, որ նշված շինությունն ու հողամասը պատկանում են «Երկրագործության եւ բույսերի պաշտպանության գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ին: Եւ հիմա այն ուղղակի վաճառքի ձեւով օտարվում է Նոր Նորք համայնքի ՀՀԿ-ական ավագանի, «Ջրվեժ-1» համատիրության նախագահ Վրեժ Դավթյանին: 

Նշենք, որ ուղղակի վաճառքի ձեւով օտարման ենթակա գույքի վաճառքի գինը կազմում է 12 մլն 406 հազար 720 դրամ: Ի դեպ, դեռ նախօրեին պարզ չէր, թե կառավարությունը ում է նման նվեր մատուցում: Ինչպես եւ կանխատեսել էինք՝ նվեր ստացողը պատահական մարդ չէ, նա ՀՀԿ-ական է, Նոր Նորք համայնքի ավագանու անդամ եւ «Ջրվեժ-1» համատիրության նախագահ:

Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը դիմեց ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչություն՝ ուղղելով հետեւյալ հարցերը:
-Որքա՞ն են չարչարվել Ձեր գերատեսչության մասնագետները՝ նշված գույքը իր շուկայական արժեքից չորս անգամ էժան գնահատելու համար:
-Նշված գույքի գնահատումն իրականացվել է առանց որեւէ չարչարանքի, քանի որ այն համապատասխանում է ՀՀ-ի անշարժ գույքի շուկայում գործող արժեքներին եւ իրականացվել է «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքի ու Հայաստանում անշարժ գույքի գնահատման ստանդարտի պահանջներին համապատասխան:
-Պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքերը շուկայականից չորս անգամ էժան ուղղակի վաճառքի սկզբունքով գնելու պայմանները որո՞նք են, արդյո՞ք նման արտոնություն ունեն միայն ՀՀԿ-ականները:
-ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն է դիմել քաղաքացի Վ. Դավթյանը՝ /ի դեպ, դիմումում նշված չէ վերջինիս կուսակցական պատկանելությունը/ խնդրելով իրեն օտարել վերոնշյալ գույքը՝ գրությանը կից ներկայացնելով, որպես «Երկրագործության եւ բույսերի պաշտպանության գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի լիազոր մարմնի՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության համաձայնությունը՝ վերը նշված գույքն իրեն օտարելու վերաբերյալ: Հետեւաբար, հիմք ընդունելով գործող ՀՀ օրենսդրության պահանջները՝ Վարչությունը սահմանված կարգով իրականացրել է պետական գույքի օտարման գործընթացը:
-Չե՞ք կարծում , որ նման գործելաոճը  պետական գույքի վատման դրսևորում է:
-Նշված գույքը քաղաքացուն օտարվել է ուղղակի վաճառքի եղանակով՝ գնահատված արժեքի 100 տոկոսի չափով, եւ օտարման գործընթացի բոլոր տարրերը համապատասխանում են ՀՀ գործող օրենսդրության պահանջներին: Իսկ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը գործել է բացառապես իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում:
-«Ժողովուրդ» օրաթերթը կարո՞ղ է Ձեր գերատեսչությունից ուղղակի վաճառքի սկզբունքով գնել համանման անշարժ գույք` կադաստրային նույն գոտում, նույնքան մակերեսով եւ նույն վիճակում գտնվող շինությամբ, կից նույնքան հողամասով եւ ընդամենը 12 մլն դրամով:
-16.12.2015թ.-ի դրությամբ կատարված ՀՀ Կոտայքի մարզ, համայնք Ջրվեժ 13-րդ փողոց թիվ 58 հասցեում գտնվող 0.097 հա հողամասի եւ 219.1 քառ. մետր մակերեսով շենքի գնահատման համաձայն՝ միայն շինության գնահատված արժեքը կազմել է 12 մլն 406 հազար 720 դրամ, իսկ հողի կադաստրային արժեքը՝ 4 մլն 388 հազար 820 դրամ: Ինչ վերաբերում է Ձեր օրաթերթին ուղղակի վաճառքի սկզբունքով պետական գույքն օտարելուն, տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարության 13.06.2003թ. «Պետական կառավարչական հիմնարկներին ամրացված, պետական ոչ առեւտրային կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող եւ դրանց ամրացված գույքի օտարման կարգը հաստատելու եւ ՀՀ կառավարության 1994 թվականի փետրվարի 25-ի N92 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N882-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն՝ պետական գույքը օտարվում է աճուրդով կամ մրցույթով, կամ ուղղակի վաճառքի եղանակով, ընդ որում, պետական գույքն օտարվում է ուղղակի եղանակով ներդրումային ծրագիր ներկայացրած նախօրոք հայտնի գնորդին՝ տվյալ դեպքում քաղաքացի Վ. Դավթյանին, որը որպես հայտատու հանդիսացել է նախօրոք հայտնի գնորդ եւ պարտավորվել է գույքն իրեն օտարելու դեպքում առաջիկա հինգ տարվա ընթացքում իրականացնել 5 մլն դրամի ներդրում, յուրաքանչյուր տարի հավասարաչափ:
Հ. Գ. Ներկայացված հարցուպատասխանից եզրակացությունները թողնում ենք մեր ընթերցողներին եւ կոռուպցիայի դեմ անհաշտ պայքար հայտարարած ՀՀ կառավարության ղեկավարին:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս