ՀԱՐՑ. Եթե բանկը ինձ գցել է «սեւ ցուցակ», այդ դեպքում, այսպես կոչված, սեւ ցուցակից ինչպես կարող եմ դուրս գալ: Ինձ մի անգամ ասացին, որ իմ վարկերը դասակարգված են, ի՞նչ է դա նշանակում:
Արգամ Սահակյան (36 տարեկան, վարորդ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Վարկային պայմանագրից բխող վճարումների ուշացումներ ունենալու դեպքում վարկը դասակարգվում է: Վարկի դասակարգումը վարկի խմբավորումն է հետեւյալ 5 դասերի՝ ա) ստանդարտ, բ) հսկվող, գ) ոչ ստանդարտ, դ) կասկածելի, ե) անհուսալի: Վարկերի դասակարգման վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ՝ ՀՀ ԿԲ Խորհրդի 23.04.2014թ. թիվ 63 որոշմանը ծանոթանալով:
Վարկային տեղեկատվությունը դա վարկառուի վերաբերյալ վարկային տեղեկատվությունն է, որը բնութագրում է վարկառուի ստանձնած վարկային պարտավորությունների մասով պարտքերը, վճարումները, վճարումների սովորությունները կամ պարտավորությունների կամ դրանց կատարման վերաբերյալ տեղեկատվություններ: Ժամկետանց պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվությունը պահպանվում է վարկային պատմությունում դրանք կատարելուց հետո:
Օրենսդրությունը այդ կապակցությամբ նշում է, որ վարկային բյուրոն չպետք է ներառի վարկային զեկույցում վարկային տեղեկատվության սուբյեկտի վերաբերյալ վարկային զեկույցի տրամադրման պահին նախորդող 5 տարուց ավել վարկային տեղեկատվություն: 5 տարին ավարտվելուց հետո նշված տեղեկատվությունը արխիվացվում է: («Վարկային տեղեկատվության շրջանառության եւ վարկային բյուրոների գործունեության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ ենթակետ):
Ֆինանսական հաշտարարի գրասենյակ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». 2014թ. ընթացքում Հայաստանի ֆինանսական հաշտարարի գրասենյակը ֆինանսական խնդիրներին վերաբերող 3244 բողոք է ստացել: Քննարկման ընդունված դիմումների թիվն աճել է 56%-ով` հասնելով մինչեւ 1277-ի: Միաժամանակ բանկերի դեմ եղել է 230 բողոք, վարկային կազմակերպությունների դեմ` 5, գրավատների դեմ` 3, 4 բողոք` դրամական փոխանցումներ իրականացրած ընկերությունների դեմ:
Բանկերի դեմ բողոքների թիվը ամենաշատն է, եւ կարծես թե նվազում է բնակիչների վստահությունը բանկերի եւ վարկային կազմակերպությունների հանդեպ, թեեւ սոցիալապես ծայրահեղ վիճակում հայտնված մարդիկ ստիպված են դիմել բանկերին: