Մեզ համար հողային զիջումն ուղղակի անընդունելի է և դուրս է մեր պատկերացումներից. ԼՂՀ պատգամավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՂՀ հարցի կարգավորման դիմաց տարածքների զիջման, վերջրերս մի խումբ քաղաքական և հասարակական գործիչների կողմից Շուշիի հռչակագրի կնքնման և ԼՂՀ անկախության ճանաչման շուրջ ArmLur.am-ը զրուցեց ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանի հետ.

-Պարո´ն Իշխանյան, անընդհատ քննարկվում և տարատեսակ կարծիքներ են հնչում ԼՂՀ հարցի կարգավորման շրջանակներում տարածքների հանձման շուրջ: Ի՞նչ կասեք Դուք այս մասին:

-Թեման այնքան նուրբ է, որ տարաբնույթ և բազմաբնույթ քննարկումների տեղիք է տվել, բնականաբար, նաև վերջին զարգացումները ապրիլյան ռազմական գործողություններից մինչև Վիեննայի հանդիպում, նախագահների սանկտպետերբուրգյան հանդիպումները և վերջրես նաև տարածաշրջանային հանդիպումները լուրջ մտահոգությունների, մեկնաբանությունների առիթ են դարձել: Սակայն պետք է մեկ անգամ ևս կրկնել, որ ԼՂ բանակցային հարցը բարդ և բազմաշերտ է, և այն կարգավորելուն ուղղված քայլերը պետք է լավ հաշվարկված լինեն:

Ղարաբաղյան կողմն անընդհատ բարձրաձայնում է, որ բանակցային գործընթացում որևէ առաջընթաց կամ քայլ չի կարող լինել առանց Ղարաբաղյան կողմի միջամտության: Սա պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումն ու տեսակետն է:

-Իսկ զիջումներ, այնուամենայնիվ, հնարավո՞ր եք համարում:

-Պետք է հասկանալ և ընկալել, որ զիջումներ և փոխզիջումներ պետք է լինեն, բայց դա չպետք է կապել հողային զիջումների հետ: Մեզ համար հողային զիջումն ուղղակի անընդունելի է և դուրս է մեր պատկերացումներից: Պետք է փնտրել փոխզիջումային այլ տարբերակներ, և բանակցային գործընթացը, որն ավարտվեց ապրիլյան գործողություններով, պետք վերսկսվեն, որովհետև երկու կողմերի համար էլ դա անհրաժեշտություն է, բայց Ադրբեջանը պետք է գիտակցի, որ այդ գործընթացին, առանց ղարաբաղյան կողմի ներգրավման որևէ առաջընթաց ապահովելը դժվար է և, գուցե, անհնարին: Սա պետք է հաշվի առնեն նաև բանակցային գործընթացում հանդես եկող միջնորդ երկրները:

-Վերջերս  մի խումբ քաղաքական և հասարական գործիչներ մեկնարկել էին «Շուշիի հռչակագրի» ստորագրումը, որը քննարկումների տեղիք տվեց և անգամ կազմակերպիչներից մեկի հասցեին ԼՂՀ-ից քննադատություն հնչեց: Ինչպիսի՞ն է Ձեր վերաբերմունքը:

-Ես հետևել և հետևում եմ Շուշիից մեկնարկած այդ գործընթացներին, որը կայացավ նաև Երևանում: Իհարկե, նման մոտեցումները ողջունելի են, և մեր հասարակության մեջ պետք է այդ մտայնությունը արթուն պահել, այնուհանդերձ, պետք է յուրաքանչյուր քաղաքական քայլի դեպքում հաշվարկել հետագա քայլերը և ունենալ հետևորդներ:

Ես կարծում եմ, որ այդ թեզը` հողեր հանձնելուն դեմ լինելու, որն ընդունվել է հռչակագրում, պետք է ունենա համընդհանուր կողմնացկիներ արդեն իսկ Արցախում, կարծես, թե ապրիլյան դեպքերից հետո ստեղծվել են, և ժողովուրդը միանշանակորեն շատ ցավոտ է ընդունում, երբ խոսվում է բանակցային գործընթացում խաղաղ հանգուցալուծման հասնելու համար հողեր հանձնելու մասին:

-Նաև ԼՂՀ անկախության ճանաչման հարցն է բազմակարծության տեղիք տալիս. մի մասը պնդում է, որ ՀՀ-ն պետք է ճանաչի անկախությունը, մյուս մասը, հակառակը, պնդում է, որ պետք է միանան:

-ՀՀ-ի կողմից ԼՂՀ-ի ճանաչման վերաբերյալ տեսակտներ ասել ենք և նշել, որ դա պետք է քաղաքական նպաստավոր և հարմար պահի տեղի ունենար, որոնք ունեցել ենք, սակայն ամեն անգամ հարմար առիթը բաց թողնելով` մենք փորձում ենք քաղաքական այդ գործընթացների հետևից վազելով` պոպուլիստական հայտարարություններ անել, և կարծում եմ, որ այդ բաց թողնված առիթից հետո անիմաստ է օդում սուր ճոճելը:

Պետք է հարմար առիթի դեպքում ստեղծել բոլոր նախադրյալները, իսկ դա նշանակում է ամբողջական փաստաթղթային այն փաթեթի ստեղծումը, որը պետք է ներառի ՀՀ-ի և Արցախի օրենսդիր մարմինների, ռազմական գերատեսչությունների նաև այլ օղակնեի մասնակցությամբ ստեղծված համակարգված փաթեթ:

Զրուցեց Լիլիթ Շաբոյանը




Լրահոս