2013 թվականի հոկտեմբերի 1-ին ՀՀ ԱԺ-ի կողմից ՀՀ գլխավոր դատախազ նշանակված 39- ամյա Գեւորգ Կոստանյանը երեկ հրաժարականի դիմում ներկայացրեց ՀՀ նախագահին` պաշտոնապես հայտնելով, թե առողջական խնդիրներ ունի: Նկատենք, որ վերջին մի քանի ամիսներին Հայաստանի քաղաքական կյանքում չէր եղել ոչ մի իրադարձություն, որը կհուշեր Գեւորգ Կոստանյանի հնարավոր հրաժարականի մասին: Իհարկե, ՊՊԾ գնդի շուրջ ծավալված իրադարձությունների օրերին Գեւորգ Կոստանյանն արձակուրդում էր` Հունաստանում, սակայն անգամ վերադարձից հետո հրաժարականի հարցը որեւէ կերպ չէր դիտարկվում, քանի որ առավել առաջնային հրաժարականի պահանջներ էին բարձրացվում: Եւ ուրեմն ինչո՞ւ նա հրաժարական ներկայացրեց: Նկատենք, որ նշանակման օրվանից Գեւորգ Կոստանյանը հասցրեց թշնամանալ գրեթե բոլոր շրջանակների հետ` սկսած իր` նախագահականի երիտթեւից, վերջացրած ուժային կառույցների ղեկավարներով: Նա չէր ընդառաջում խնդրանքները, անգամ ԱԺ պատգամավորներն ու նախարարները որեւէ հարցով դատախազին դիմելու իմաստ չէին տեսնում` քաջ գիտակցելով, որ մերժվելու են: Եւ հասկանալի է, որ այս «չոր» պահվածքը մի օր ունենալու էր իր հետեւանքը: Ու եկավ այդ պահը: Երբ հանգստից վերադարձած Կոստանյանը եռանդով հրահանգեց քրեական գործեր հարուցել հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Սարի թաղում լրագրողների եւ ցուցարարների նկատմամբ բռնություն կատարած քաղաքացիական համազգեստով անձանց նկատմամբ, իրավիճակը պայթեց: Ըստ ամենայնի, Կոստանյանին բացատրվել է, որ քաղաքացիական հագուստով անձանց պետք է «մաքրել» քրգործերից, նրանք չպետք է պատժվեն, այլ մեղադրյալներ պետք է լինեն միայն արդեն կալանավորվածները: Գլխավոր դատախազն էլ որոշեց հրաժարական տալ` դրանով փաստելով, որ այդ պաշտոնն իր համար «սրբավայր» չէ, եւ դատախազության շենքից էլ դուրս եկավ հետնամուտքով` չհամբուրելով դուռը: Թեեւ, եթե նա իսկապես սկզբունքային պաշտոնյա էր, պարտավոր էր մնալու եւ պայքարելու, բայց… հանձնվեց` հիասթափեցնելով երիտասարդ գործիչների հետ հույսեր կապողներին: Նկատենք, որ պաշտոնավարման 3 տարիների ընթացքում Կոստանյանը հասցրեց Հայաստանի քաղաքական պատմության մեջ մնալ իր տված «տղամարդու» խոստումով, որ ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը, ով սպանել էր Գյումրեցի Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքին, «դատվելու է Հայաստանում»: Այդպես էլ եղավ` Պերմյակովը, որի համար դատախազը պահանջելու է ցմահ ազատազրկում, «դատվեց» Հայաստանում: Ինչը նշանակում է, որ Կոստանյանն իր «տղամարդու խոստումը» կատարեց ու լքեց պաշտոնը` իր տեղը ժամանակավորապես զիջելով ԳԴ տեղակալ Արմեն Հարությունյանին:
Երեկ պաշտոնանկությունների մասին ազդարարող լուրերի իսկական շքերթ էր: ՀՀ ԱԱԾ քննչական վարչության պետ Մնացական Մարուխյանի պաշտոնանկության մասին լուրերի թանաքը դեռ չէր չորացել, երբ հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանի՝ երեկ ստորագրած հրամանագրով ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ Հրանտ Եպիսկոպոսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: «Ժողովուրդ»-ն այս տարվա մարտի 5-ին գրել էր, որ ՀՀ ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանը ցանկանում «տարեց» կադրերից ազատվել, եւ հերթում առաջինը Հրանտ Եպիսկոպոսյանն է: Նույնիսկ լուրեր տարածվեցին, որ նա արդեն հրաժարականի դիմում է ներկայացրել եւ թոշակի է անցնելու, բայց հետագայում պարզ դարձավ, որ նա, այնուամենայնիվ, չէր ցանկացել հրաժարական ներկայացնել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Հրանտ Եպիսկոպոսյանն իր ազատման մասին իմացել է հրամանագրի ստորագրվելուց հետո միայն: Կասկածից վեր է, որ եթե նա մարտին իմանար, որ իրադարձություններն այսպես կզարգանան, ապա հաստատ ինքնակամ եւ պատվով թոշակի կգնար:
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարվա վեց ամիսների արդյունքներով Հայաստանում ալյուրի արտադրությունը նվազել է 16,7 տոկոսով: «Ժողովուրդ»-ը փորձեց անմիջական ալյուր արտադրողներից պարզել, թե ինչով է պայմանավորված նման մեծ ծավալի անկումը: «Մանչո գրուպ» ընկերության գլխավոր տնօրեն Իվան Մոսոյանն ալյուրի շուկայում ստեղծված վիճակը հետեւյալ կերպ պարզաբանեց. «Իմ գոտին էլ է բավականին ձգված, ժողովուրդն էլ է բավականին ձգվել, որովհետեւ փող չունեն ապրելու, դրա համար քիչ են ուտում: Իսկապես այդպես է: Ալյուրի պահանջարկը բավականին նվազել է. անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ առնվազն 30 տոկոսով եւ ավելի նվազել է ալյուրի պահանջարկը: Միայն կա ուտողի քանակի նվազում, այլ պատճառ չի կարող ունենալ, որովհետեւ հացն այսօր առաջին անհրաժեշտության սննդատեսակ է»: Այսինքն՝ մի կողմից բնակչությունն արտագաղթում է, մյուս կողմից էլ Հայաստանում մնացածներն ավելի են աղքատանում:
ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վահան Բադասյանը համոզված է, որ Սերժ Սարգսյանը, միեւնույն է, հրաժարական է ներկայացնելու, անկախ նրանից, որ նրան հաջողվել է «Սասնա ծռերին» բանտարկել: «Ռոբերտ Քոչարյանն ո՞ւր է, ԶԼՄ-ներն ասում են, որ նա ապրում է Ամերիկայում մեկ տարուց ավել, իր թոռների ու որդիների հետ: Աստված պահի, բայց ինքը մի քանի միլիարդ դոլար մեզանից թալանի, առանց պատժի գնա, վայելի՞, մենք այդ դառնությունը կրե՞նք, մեր բանակը մնա առանց սպառազինությա՞ն, մեր անվտանգությունը լինի խարխլվա՞ծ, մեր տնտեսությունը քայքայվա՞ծ: Սերժ Սարգսյանը Հայաստանում զավակ էլ չունի, իր աղջիկներն ու փեսաները ապրում են դրսում: Ինքը վաղը իր միլիարդները վերցնելու է, գնա դուրս, նորից մենք չարքաշ կյանքով ապրելու ենք այստեղ: Եւ մենք քանի ուշ չէ, պետք է այս վարվելակերպին վերջ դնենք, որ չթալանեն: Մենք պետք է ձեռնամուխ լինենք, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տա: Մեկ է` տալու է: Անկախ նրանից, որ նա «Սասնա ծռերին» խաբեց, լցրեց բանտերը»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց Բադասյանը:
ԱՉՔՆ ԸՆԴ ԱԿԱՆ
Հուլիսի 31-ի՝ «Սասնա ծռեր» խմբի տղաների կողմից զենքը վայր դնելու եւ հանձնվելու որոշմանը հաջորդող յուրաքանչյուր օր ավելի ու ավելի ակնառու է դարձնում այն իրողությունը, որ գործող իշխանությունները՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, ստեղծված իրավիճակի բացարձակապես ոչ համարժեք ընկալում ունեն: Այս օրերին, երբ թվում է՝ պետք է հնչեն սեփական սխալների, անցած օրերին իրավապահների կողմից թույլ տրված անթույլատրելի ձախողումների մասին բարձրաձայնումներ եւ տրվեն հստակ գնահատականներ, մենք ոչ միայն չենք լսում նման հայտարարություններ, այլեւ դեռ մի բան էլ Սերժ Սարգսյանի մակարդակով հնչում են պնդումներ մեր իրավապահ համակարգի «մեծահոգի եւ պրոֆեսիոնալ» գործունեության մասին:
Երեկ էլ ՀՀԿ ԳՄ նիստից հետո ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, երկրորդելով իր կուսակցապետին, ով առանց անհարմարության զգացողության օգոստոսի 1-ին շնորհակալությունների մի ողջ շարան հնչեցրեց առնվազն ՀՀ 100 քաղաքացիների տարբեր աստիճանի վնասվածքներ հասցրած ոստիկանների հասցեին, ավելի հեռուն գնաց՝ հայտարարելով. «Մեր ոստկանների շատ գրագետ աշխատանքը, մեր ԱԱԾ մարմինների շատ գրագետ աշխատանքը բոլորիս աչքի առաջ է՝ ինչպես են իրենք աշխատել: Եվ կարծում եմ, որ աչք ունեցողն անպայման կտեսնի այդ փոփոխությունները, որ կատարվել են այս տարիներին մեր ոստիկանների աշխատանքի մեջ, եւ արդյունքում այսօր մենք կարողացել ենք այսպիսի հանգուցալուծում ունենալ»: Այն ցինիզմը, որն առկա է այս խոսքերում, ուղղակի անչափելի է. փաստորեն այդ նույն ոստիկանները «շատ գրագետ» աշխատանքի արդյունքում նախ հանում են 16-ամյա դպրոցականի աչքը, հետո էլ Նաղդալյանի նման խոսնակների շուրթերով ասում՝ ով աչք ունի, կտեսնի:
Էլ չասած, որ գրեթե այն նույն պահին, երբ Նաղդալյանը նման հայտարարություններ էր անում, ոստիկանները ցուցադրաբար, առանց որեւէ հիմնավորման, քաղաքացիներին բերման էին ենթարկում Ազատության հրապարակից: Ակնհայտ է դառնում, որ այս խայտառակ գործելաոճը՝ մարդկանց բերման ենթարկել՝ առանց որեւէ հիմնավորում ներկայացնելու, արդեն դառնում է մեր ոստիկանության համար սովորական գործելաոճ: Երեւի թե սա է այն փոփոխությունը, որն ըստ Հերմինե Նաղդալյանի՝ աչք ունեցողը պիտի տեսնի: Բայց եթե իշխանության մեջ դեռ կան մարդիկ, ովքեր չեն կորցրել տեսնելու եւ ընկալելու ունակությունը, ապա պիտի հասկանան, որ մարդկանց ահաբեկելով կամ բերման ենթարկելով՝ այլեւս դժվար է լինելու լռեցնել:
Արդեն իսկ տարբեր հեղինակավոր վերլուծական կենտրոններ ահազանգում են, որ կտրուկ փոփոխությունների չգնալու դեպքում Հայաստանում հուզումները ոչ միայն չեն նվազի, այլեւ կլինեն նոր՝ անհամեմատ ավելի հզոր եւ աղետալի հետեւանքներ խոստացող պայթյուններ: Մնում է՝ Սերժ Սարգսյանը աչք ունենա եւ տեսնի, որ իր ասած «չհասկացվածության պատը» քանդելու փոխարեն այն Չինական պատի է վերածել: