Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ազատամարտիկ Վահան Բադասյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ «Սերժ Սարգսյանը ուղերձ տվեց յուրայիններին, թե իրենց թիմը հաղթել է, իսկ մյուսներին ասաց` բոլորդ պատժվելու եք ոչ թե ՀՀ, այլ իրենց թայֆայի օրենքներով»:
-Պարո՛ն Բադասյան, Դուք միշտ աչքի եք ընկնում համարձակությամբ. անձերին անուններով քննադատում եք՝ գեներալ Մանվել, Սյունիքի մարզպետ եւ այլն: Այսօրվա իրավիճակում չկա՞ն ուրիշ անուններ, որոնք մեր երկիրն այս վիճակի մեջ են դրել:
– Էստեղ հարցն անունները չեն, անունները ես տվել եմ, որովհետեւ նրանք ուզում էին դեր խաղային: Հարցը համակարգի մեջ ընդգրկված մարդիկ են, որոնք դերակատարություն ունեն այս կամ այն վատ երեւույթների մեջ: Համարձակության հարցն էլ, չէի ասի ամենահամարձակն եմ, պարզապես ես իրավունք չունեմ չասելու: Ես այն մարդկանցից եմ, որ ողջ եմ մնացել, իմ ընկերների մեծ մասը չկան: 23-24 տարի առաջ մենք կարողացել ենք մեզանից գերազանցապես շատ հակառակորդին կանգնեցնել, ազատագրել մեր հայրենիքը ու արդյունք ունենալ: Բայց պատերազմի ավատից հետո արժեքները, ազգային արժանիքները, մեր իսկ ստեղծած բանակը դեգրադացնելով, նոր սպառազինություն չունենալով, տնտեսությունը քայքայելով, Հայաստանի ինքնիշխանությունը հանձնելով՝ եկել, հասել ենք այս օրվան, որ ընդհանրապես հայ մարդը չի կարողանում իր ապրուստի միջոցը հոգալ:
Եթե մինչեւ հիմա Հայաստանից գնում էին աշխատանք չունեցողները, հիմա արդեն աշխատանք ունեցողներն են գնում: Ես սահմանի վրա հաց քամելով եմ ապրում, բայց ապագա չկա, չեմ ուզում թողնել, որ ընդվզումս լինի պարզունակ` թողնել, հեռանալ: Եթե ես չասեմ, ո՞վ պետք է ասի: Բայց եթե ես ասում եմ, պետք է աջակցեն ինձ:
Անուններ եք ասում, ասեմ Ռոբերտ Քոչարյան, ո՞ւր է նա, ԶԼՄ-ներն ասում են, որ ապրում է Ամերիկայում մեկ տարուց ավել, իր թոռների ու որդիների հետ: Աստված պահի, բայց ինքը մի քանի միլիարդ դոլար մեզանից թալանի, առանց պատժի գնա, վայելի՞, մենք այդ դառնությունը կրե՞նք, մեր բանակը մնա առանց սպառազինությա՞ն, մեր անվտանգությունը լինի խարխլվա՞ծ, մեր տնտեսությունը քայքայվա՞ծ: Ո՞րն է երաշխիքը, որ վաղը Սերժ Սարգսյանը նույն բանը չի անելու: Սերժ Սարգսյանը Հայաստանում զավակ էլ չունի, իր աղջիկներն ու փեսաները ապրում են դրսում: Ինքը վաղը իր միլիարդները վերցնելու է, գնա դուրս, նորից մենք չարքաշ կյանքով ապրելու ենք այստեղ: Եւ մենք քանի ուշ չէ, պետք է այս վարվելակերպին վերջ դնենք, որ չթալանեն: Երկիրը դարձել է միաբեւեռ, քաղաքական կուսակցությունները գոյություն չունեն: Կա ՀՀԿ-ն, որը թայֆա է, որն ունի իր օրենքները: Նրանք կեղեքում են ժողովրդին:
-Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում, Ձեզ համար պա՞րզ է՝ Արցախ ասելով՝ ի՞նչ սահմաններ նկատի ունի նա:
-Կազանի համաձայնագիրն է դրանով նա փաթաթում մեր վզին: Նա դրանով ասաց, որ տարածքները զիջելու ենք, նա Ղարաբաղ ասելով նկատի ունի նախկին ԼՂԻՄ-ը, այսինքն` 4.5 հազար քառակուսի կիլոմետրը չի լինելու Ադրբեջանի կազմում: Սա մանիպուլացիա է: Սրանով նա ուզում է միջին մակարդակի մարդկանց համար ասել, որ Ղարաբաղը չի լինելու երբեք Ադրբեջանի կազմում: Բայց ո՞ր Ղարաբաղը: Բայց նա հողեր է զիջելու: Ես Հադրութում եմ ապրում, եթե նա հարակից տարածքները զիջելու է, ինչպե՞ս է հադրութցին ապրելու, կամ Ասկերանում ինչպես են ապրելու մարդիկ, եթե Աղդամը զիջի: Այդ համաձայնագրի մեջ կա նաեւ խաղաղապահների հարցը, որը մենք տեսել ենք: Սովետական բանակը մենք տեսել ենք… Հիմա որ Սերժ Սարգսյանը վատ դիվանագետ է, մենք` բնակիչնե՞րս պետք է պատասխան տանք: Այդ մարդը բացեիբաց ասել է, որ հանձնելու է տարածքները: Այստեղ` Արցախում, ամեն տեղ խոսվում է: Բայց տարածքները չի հանձնվելու, մենք պետք է ձեռնամուխ լինենք, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տա: Մեկ է` տալու է: Անկախ նրանից` նա «Սասնա ծռերին» խաբեց, լցրեց բանտերը:
-Զինված խմբավորման հետ Դուք էլ էիք եկել բանակցելու, ի՞նչ խոսեցիք, ի՞նչ համոզեցիք տղաներին: Կմանրամասնեք մի քանի բան բանակցությունների ընթացքից:
-Ես պատրաստակամություն հայտնել էի, որ պիտի բանակցեի, բայց ինձ թույլ չտվեցին:
-Զինված խմբավորմանը կալանավորելուն զուգահեռ մոտ 100 մարդ է բանտարկվել: Արդա՞ր են, ըստ Ձեզ, դատարանների այդ որոշումները:
-«Սասնա ծռերի» գաղափարական տղաների ծայրահեղ քայլը, որ կատարել են` զինված ապստամբությունը, հենց մեկը ուղղված է նրան, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ: Բացի Արցախի հարցով զիջումներից:
Այսօր Սերժ Սարգսյանը եւ համակարգը չի հասկանում, որ հարյուրավոր քաղբանտարկյալներով լցնելով բանտերը՝ փորում է մեր պետականության գերեզմանը, խարխլում է մեր պետականության հիմքերը:
-Սերժ Սարգսյանը խոստացել էր, որ երբ «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամները հանձնեն զենքերը, կհանդիպի Ժիրայր Սէֆիլյանին: Բայց չեղավ այդ հանդիպումը:
-Կարծում եմ՝ չի էլ հանդիպելու Սերժ Սարգսյանը: Նա վերջին 10 տարիների ընթացքում միշտ հայտարարություններ արել է եւ խաբել, սա առաջինը չէ: Կա՛մ իրարամերժ հայտարարություններ է արել, կա՛մ միշտ խաբել է:
Զրուցեց ՀՈՎՍԵՓ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ
ԻՆՉՈՒ ՀԱՆՁՆՎԵՑԻՆ
Ընդհատակում գտնվող «Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարության անդամ Գարեգին Չուքասզյանը, պատասխանելով «Ազատության» հարցին, թե ի՞նչ պայմաններով է «Սասնա ծռերը» համաձայնել զենքը վայր դնել եւ հանձնվել իրավապահներին, ասել է. «Սասնա ծռերը» զենքերը վայր են դրել, սակայն ես համաձայն չեմ, որ նրանք հանձնվել են: Նրանք իրենց պայքարը շարունակում են բանտում եւ ղեկավարելու են պայքարը այնտեղից, եւ հերոսների առկայությունը բանտում էլ ավելի վտանգավոր է այս ոստիկանապետության համար, քանի որ միայն ավելացնելու է ժողովրդի համակրանքը եւ մասնակցությունը «Սասնա ծռերի» դիմադրական շարժմանը.. «Սասնա ծռերի» ապստամբները բացառիկ կարճ ժամանակի ընթացքում մեր հանրային գիտակցության մեջ հեղափոխություն իրականացրին եւ հասան անհավանական արդյունքի: Այո՛, ծնվել է «Սասնա ծռերի» զանգվածային շարժումը, որի վկան քաղաքական «ծռության» կամ անհնազանդության դրսեւորումներն էին՝ սկսած վերջին տարիների ամենամեծաքանակ՝ տասնյակ հազարներ հաշվող ցույցերից եւ երթերից, մինչեւ Սարի թաղի քաղաքացիների ընբոստություն, հաց հասցնող քաղաքացու հանդուգն արարք եւ, ցավոք, ողբերգությամբ ավարտված ինքնահրկիզում… «Սասնա ծռերը» ապացուցեցին, որ իրենք ոչ թե գիտակցության մթագնմամբ տառապող քաղաքական մոլագարներ են, այլ իրենց առաքելությունը գիտակցյալ մահապարտ գաղափարակիրներ, որոնք ընտրել են զինված ապստամբությունը որպես ծայրահեղ, բայց եւ միակ միջոց՝ երկրի դավաճանական մոտալուտ աղետը կանխելու, երկրից արտագաղթող ժողովրդի հուսահատությունը չեզոքացնելու եւ նրան քաղաքացիական անհնազանդությամբ իր իրավունքները ետ նվաճելու համար ոտքի կանգնեցնելու համար… Այս առաքելությունը իրականացնելուց հետո «Սասնա ծռերը» կարող են զենքը վայր դնել, քանի որ նորից բացվում է քաղաքացիական խաղաղ անհնազանդությամբ երկրի ապագայի ճակատագիրը որոշելու հեռանկարը…»:
ԱԶԱՏՎԵԼ Է
ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով երեկ զբաղեցրած պաշտոնից ազատվել է Երեւան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնի պետ Արմեն Վաթյանը։ «Ա. Վաթյանը ազատվել է աշխատանքից ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, անբավարար օպերատիվ կանխարգեկիչ միջոցառումներ ձեռնարկելու համար, որի արդյունքում հուլիսի 19-ին տուժել են քաղաքացիներ, ոստիկաններ, նաեւ միջադեպ է գրանցվել տարածքում նկարահանում կատարող լրագրողի հետ»,- ասված է ոստիկանության պարզաբանման մեջ:
ԹՈՇԱԿԻ ԳՆԱՑ
Երեկ ԱԱԾ քննչական վարչության պետ Մնացական Մարուքյանն ազատվել է աշխատանքից: Նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվել է Միքայել Համբարձումյանը: Նշենք, որ Միքայել Համբարձումյանը մինչ այդ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության պետի տեղակալն էր:
ՄԻՇՏ ՊԱՏՐԱՍՏ
Ղարաբաղ-ադրբեջանական սահմանին հիմա իրավիճակը հանգիստ է եւ վերահսկելի: Այս մասին երեկ լրագրողներին ասել է ԼՂՀ ՊԲ հրամանատար Լեւոն Մնացականյանը: Դիտարկմանը` շատ է նշվում, որ օգոստոսին կարող է նորից պատերազմ սկսվել, նախարարն արձագանքել է. «Ամեն օր էլ կարող է սկսվել, մենք՝ զինվորականներս, միշտ էլ պիտի պատրաստ լինենք»:
ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը երեկ ընդունել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին: ՀՀ ՔԿ նախագահի նախաձեռնությամբ տեղի ունեցած հանդիպման ժամանակ քննարկվել են, մասնավորապես, մայրաքաղաքում հուլիսին տեղի ունեցած անկարգությունների դեպքերի առթիվ քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործերով նախաքննության ընթացքում դատավարության կողմերի, մասնակիցների դատավարական իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքային կարգով քննարկել քննության ընթացքում փաստաբանական համայնքի եւ քննչական մարմինների կողմից արձանագրվող խնդիրները:
ԳԱԶ ԿԱՐՏԱՀԱՆԵ՞ՆՔ
ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվում է «Էներգաիմպեքս» 100 տոկոս բաժնեմասով պետական ընկերություն, որը հնարավորություն կունենա Իրանից գնել, ներմուծել եւ արտահանել գազ: «Որոշումը պայմանավորված է նրանով, որ ներկայում ՀՀ¬ում չկա որեւէ կառույց, որը կունենա իրավունք այլ երկրներից, մասնավորապես, Իրանի Իսլամական Հանրապետությունից գնել, ներկրել եւ որպես տարանցիկ երկիր արտահանել էլեկտրաէներգիա եւ գազ: Կառավարության այս որոշմամբ նախատեսված ընկերության ստեղծումը կփակի այդ բացը, եւ մենք երկրում կունենանք կառույց, որն այդ իրավունքները կունենա եւ կիրականացնի»,¬ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության նիստում ասել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Լեւոն Յոլյանը: Հիմնավորման համաձայն՝ ընկերության ստեղծումը հնարավորություն կընձեռի ավելացնել բնական գազի ներկրումն Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից՝ առավել արդյունավետ դարձնելով Իրան¬Հայաստան գազամուղի օգտագործումը:
ԱՇԽԱՏԱՆՔ ՊՆ-ՈՒՄ
ՀՀ պաշտպանության նախարարությունը Երեւանի կայազորի զորամասերից մեկում պայմանագրային հիմունքներով ծառայության է հրավիրում արական սեռի մինչեւ 40 տարեկան, պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած քաղաքացիների։ Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 010 28 54 22 հեռախոսահամարով կամ դիմել տարածքային զինվորական կոմիսարիատ։
ԵՎՍ ՄԵԿ ԶՈՀ
Օգոստոսի 4-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռեւս չպարզված հանգամանքներում, մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1997թ. ծնված Վահան Վահեի Միքայելյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: