Ռիո-2016-ը սպառնում է դառնալ ամենավատը Հայաստանի համար. ծանոթ-բարեկամական կապերի անդառնալի հետևանքները. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ռիոյում անցկացվող 31-րդ ամառային օլիմպիական խաղերում Հայաստանն իր անկախության 25 տարիների ընթացքում կարող է ամենավատ արդյունքն արձանագրել: Երեկվա դրությամբ Հայաստանի հավաքականի անդամներից եւ ոչ մեկը դեռեւս մեդալ չէր նվաճել: Նշենք, որ Հայաստանի պատմության մեջ մեկ անգամ` 2004-ին արդեն եղել է դեպք, երբ Աթենքում անցկացվող ամառային օլիմպիադայից մեր հավաքականը դատարկաձեռն  վերադարձավ: Սակայն այն ժամանակ մեր հավաքականի կազմում ընդգրկված էին ընդամենը 18 մարզիկներ: Իսկ այս անգամ Հայաստանից Ռիո է մեկնել 8 մարզաձեւ ներկայացնող 33 մարզիկ: Հիշեցնենք, որ առաջին եւ միակ ոսկե մեդալը Հայաստանի հավաքականը նվաճել է հունահռոմեական ոճում` ըմբշամարտիկ Արմեն Նազարյանի կողմից` 1996 թվականին Ատլատայում անցկացված ամառային օլիմպիական խաղերի ժամանակ:

Հայտնի ճշմարտություն է, որ այն պետությունները, որտեղ իշխանությունները ուղնուծուծով կոռումպացված են, ձախողում են ամեն ինչ, այդ թվում նաեւ՝ սպորտը:

Շուրջ երկու տասնամյակ է, Հայաստանի իշխանությունները փորձում են հանրությանը համոզել, որ կարելի է պետության փողերը գողանալ, հարկերը չվճարել եւ այդպիսով ձեռք բերած կարողության մի մասը ծախսել սպորտի վրա. այս ճանապարհով մի կողմից հնարավոր է դառնում բարերարի համբավ ձեռք բերել, մյուս կողմից էլ՝ սպորտային հաջողութուններ արձանագրել: Բայց ողջ խնդիրն այն է, որ նման համակարգում սպորտի համար անբաժանելի մաս կազմող մրցակցությունն աստիճանաբար տեղը զիջում է ծանոթ-բարեկամական կապերին, եւ հավաքականի կազմում սկսում են տեղ զբաղեցնել անարժանները, որոնց ամենեւին էլ չի հետաքրքրում այն փաստը, որ իրենք մի ամբողջ պետություն են վարկաբեկում»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս