ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՈՐ ԽԱՂԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի նախագահ Էրդողանը երեկ հայտարարել է, որ պատրաստ են «Թուրքական հոսք» գազամուղի իրագործմանը: «Մենք պատրաստ ենք անհապաղ քայլեր ձեռնարկել այդ նախագծի իրականացման ուղղությամբ, քննարկել այն եւ որոշում կայացնել: Որեւէ խոչընդոտ չկա», – ասել է Էրդողանը:

Այս գազամուղը պետք է ՌԴ-ից գազը Սեւ ծովով հասցնի Թուրքիա, այնուհետ՝ Հունաստան: Դրանով նախատեսվում է արտահանել տարեկան շուրջ 32 միլիարդ խորանարդ մետր գազ: ՌԴ-ի համար այն հանդիսանալու է նաեւ ուկրաինական տրանզիտի այլընտրանք, ինչն էլ քաղաքական տեսանկյունից փոխշահավետ է դարձնում դրա իրագործումը: Սակայն «Թուրքական հոսքի» ճակատագիրը հարթ չէր: Նախ՝ 2014թ. դեկտեմբերի 1-ին Վլադիմիր Պուտինն Անկարայում հայտարարեց, որ գազատարի իրագործումը սառեցվում է Եվրոպայի ապակառուցողական պահվածքի պատճառով: Հետագայում, սակայն, սառույցը կոտրվեց, բայց այս անգամ էլ «վրա հասավ» ռուս-թուրքական հարաբերությունների խիստ լարումը՝ կապված ռուսական ինքնաթիռի խոցման հետ: Այս կապակցությամբ 2015թ. նոյեմբերի 26-ին Մոսկվայից հայտնեցին, որ «Թուրքական հոսքը», ինչպես նաեւ մի քանի այլ ներդրումային ծրագրեր կասեցվում են «Սու-24» ինքնաթիռի ոչնչացման պատճառով: Սակայն այն բանից հետո, երբ Էրդողանը սկսեց խնդիրներ ունենալ Եվրոպայում, ամեն ինչ փոխվեց: Նա ցավակցություն արտահայտեց ռուս օդաչուի զոհվելու կապակցությամբ, որից հետո Պուտինն անմիջապես Թուրքիային սկսեց դիտարկել իբրեւ հզոր գործընկեր, որը կարող է օգնել դուրս բերելու սեփական երկիրն արեւմտյան էմբարգոների տակից եւ չեզոքացնելու ամերիկյան «աշխարհաքաղաքական անակոնդային», որն արդեն բոլոր կողմերից ավելի է սեղմում Ռուսաստանին: Հարաբերությունները սկսեցին բարելավվել, ու Էրդողանը որոշեց ավելի հեռուն գնալ՝ հայտարարելով «Թուրքական հոսքի անհապաղ իրագործման» մասին:
Հատկանշական է, որ այդ հայտարարությունն արվում է այն ժամանակ, երբ պետք է հանդիպեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Իրանի նախագահ Հասան Ռուհանին եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Փաստորեն, Թուրքիան ՌԴ-ին հասկացնում է, որ ինքը պատրաստ է նրա հետ ներգրավվելու աշխարհատնտեսական պրոյեկտներում: Սա ակնարկ է նաեւ առ այն, որ Իրանը չպետք է դառնա Ռուսաստանի հետ աշխարհաքաղաքական նոր բեւեռի հանգրվաններից մեկը: Հաշվի առնելով թուրք-իրանական մրցակցությունը տարածաշրջանում որպես ռեգիոնալ գերտերություններ՝ բնական է, որ Անկարան ամեն ինչ անելու է, որպեսզի թույլ չտա իրանական դերի ուժեղացում: Մյուս կողմից էլ, սա Մոսկվային շատ ձեռնտու տարբերակ է, քանի որ ներկայում լավ հնարավորություն է ստացել այս երկու տերություններին իր շուրջը համախմբելու համար, ինչից էլ փորձելու է օգտվել: Հազիվ թե Մոսկվայում հավատան, որ հնարավոր է այնպիսի բեւեռ, որտեղ կարող են լինել Իրանն ու Թուրքիան միաժամանակ, ուստի ռուսներն աշխատելու են այդ երկրներին պահել ազդեցության ներքո՝ տարաբնույթ քաղաքական ու տնտեսական պրոյեկտների իրագործման կամ նախագծման միջոցով: Թուրքիան, Արեւմուտքի հետ ժամանակ առ ժամանակ հարաբերությունները խզելով, սկսում է նայել դեպի հյուսիս: Սա իր աշխարհաքաղաքական կոդերի այլընտրանքն է, այսինքն՝ մոտակա եւ հեռակա հարեւանների հետ հարաբերությունների կառուցման ռազմավարությունը: Երբ այն հակադրվում է հյուսիսում, ապա կրկին թեքվում է դեպի Արեւմուտք եւ այսպես շարունակ: Սույն այլընտրանքն Անկարայի համար, անշուշտ, Ադրբեջան-Ռուսաստան-Թուրքիա բեւեռն է (որոշ բացառություններով նաեւ Վրաստանը): Նման բեւեռը Թուրքիայի համար կարելի է համարել «կվազի-բեւեռ», քանի որ առայժմ այդ երկիրն առավելապես ինտեգրված է արեւմտյան ծրագրերում: Նրան պետք է ուղղակի Վաշինգտոնին ու Բրյուսելին ցույց տալ աշխարհաքաղաքական որոշակի այլընտրանք, որը կարող է ցանկացած ժամանակ խաղարկվել: Հասկանո՞ւմ են սա Կրեմլում, կարծես՝ այո, դրա համար էլ Իրանի հետ առաջ են քաշում «աշխարհաքաղաքական կոդերի» սեփական այլընտրանքը: Ռուսներն ու թուրքերն աշխարհաքաղաքական փնտրտուքների մեջ են եւ վերջնականապես չեն կողմնորոշվել սեփական բեւեռների հարցում, ինչը Արեւմուտքին հնարավորություն է տալու հեշտությամբ այդ «կվազի-բեւեռները» արժեքային ու ֆունկցիոնալ ճգնաժամերի մեջ դնել ու տապալել:
Այստեղ կարեւոր է, թե Հայաստանն ինչ օգուտներով կամ նվազագույն կորուստներով կկարողանա դուրս գալ, եթե ինչ-որ բեւեռ ստեղծվի թուրք-ադրբեջանական մասնակցությամբ, որը դուրս կթողնի Հայաստանին տարածաշրջանային գործընթացներից: Համենայնդեպս, մեզ համար Իրանն ունի ռազմավարական նշանակություն, ուստի պետք է նրա հետ առավել խորացնել ինտեգրացիոն կապերը: Ի դեպ, մինչ Բաքվի եռակողմ հանդիպումը, Իրանի եւ Հայաստանի միջեւ ուժի մեջ մտավ առանց վիզայի ռեժիմը: Սա նշանակում է, որ Թեհրանը դեռեւս մեր երկիրը տեսնում է իր հետաքրքրությունների շրջանակներում, մանավանդ, որ նա միշտ էլ զգուշացել է ադրբեջանա-թուրքական դաշնակցությունից՝ դիտարկելով այն տարածաշրջանում իր դիրքերի թուլացման գլխավոր սպառնալիք:

ԱՐՄԱՆ ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 
ՄՈՒԹ ԳՈՐԾԱՐՔ
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ քաղաքացի Վրեժ Դավթյանը դիմել է կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն եւ խնդրել է իրեն օտարել Կոտայքի մարզի Ջրվեժի 13-րդ փողոց թիվ 58 հասցեում գտնվող «Երկրագործության եւ բույսերի պաշտպանության գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի լաբորատոր շենքը, նաեւ դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասը: Նշենք, որ Ջրվեժի 13-րդ փողոցի թիվ 58 հասցեում գտնվող լաբորատոր շենքը կազմում է 219.1 քմ, իսկ դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասը՝ 0.097 հա: Մեր տեղեկություններով՝ պետական գույքի կառավարման վարչությունը պատրաստվում է ուղղակի վաճառքի ձեւով օտարել գույքը: Իսկ ուղղակի վաճառքի ձեւով օտարման ենթակա գույքի վաճառքի գինը կազմում է 12 մլն 406 հազար 720 դրամ: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ նաեւ, որ դեռեւս 2015 թվականի դեկտեմբերի 16-ին նշված գույքը գնահատվել է 12 մլն 406 հազար 720 դրամ, ինչը շատերի մոտ մտահոգություն է առաջացնում: Բանն այն է, որ այս շենքի իրական արժեքը 3 անգամ թանկ է գնահատված արժեքից: Համեստ գների հաշվարկով 219 քմ մակերեսով շինություն կառուցելու համար անհրաժեշտ է նվազագույնը 80 հազար դոլար (400 դոլար): Եթե շուկայական նվազագույն գներով (50 դոլար) հաշվենք, ապա 970 քմ հողամասի համար անհրաժեշտ է 48.5 դոլար: Սակայն, չգիտես թե ինչու, ավելի քան 60 մլն դրամանոց գույքը մեր կառավարությունը 12 մլն 406 հազար 720 դրամով ուղղակի վաճառքի ձեւով օտարում է մի անհայտ քաղաքացու: Իսկ իշխանությունները պատահական մարդու նման նվեր չեն մատուցի:
Ի դեպ, միաժամանակ գնորդը պետք է վճարի նաեւ գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.097 հա հողատարածքի կադաստրային արժեքը, որն էլ կազմում է 4 մլն 388 հազար 280 դրամ: Նշենք, որ տվյալ գույքը Վրեժ Դավթյանին ուղղակի վաճառքի ձեւով օտարելու մասին նախագիծը պետական գույքի կառավարման վարչությունը վաղը կներկայացնի կառավարություն:

 

 

 

ԿԿԱՆԽԵՆ ՔԱՅՔԱՅՈՒՄԸ
ՀՀ կառավարությունը Կոտայքի մարզի Աբովյանի Հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանի մասնաշենքի վերակառուցման նախագծային աշխատանքների իրականացման նպատակով քաղաքաշինության նախարարությանը գումար կհատկացնի: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ քաղաքաշինության նախարարությանը կհատկացվի 17 մլն 540 հազար դրամ: Ըստ քաղաքաշինության նախարարության՝ անհրաժեշտություն է առաջացել վերակառուցել թանգարանի մասնաշենքը՝ հետագա քայքայումը կանխելու եւ անվտանգ շահագործելու համար:

 

 

 
«ԲԱՐԵՎ ԵՐԵՎԱՆ»-Ի ՊԱՀԱՆՋԸ
Ս.թ. հուլիսին «Սասնա ծռեր» խմբավորման իրականացրած գործողությունների հետեւանքով առաջացավ բողոքի մեծ ալիք, որը դրսեւորվեց ցույցերի, երթերի ու ակցիաների միջոցով:
Ոստիկանությունը բռնի ուժով, օրենքի կոպիտ խախտմամբ դրանք բնախեղդ արեց: Եվ այդ ամբողջի պատասխանատվությունը կրում է Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը: Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցությունը օրեր առաջ պահանջեց ազատել նրան աշխատանքից: Նրա պաշտոնանկությունն այլեւս իրականություն է:
Այդ օրերին ոստիկանության գործողություններն իրենց հրոսակային դրսեւորմամբ գագաթնակետին հասան Երեւանի Սարի թաղ համայնքում, եւ այն, կարելի է ասել, տեռոր էր ցուցարարների ու խաղաղ բնակչության հանդեպ: Այդ վայրագությունների կազմակերպողն ու պատասխանատուն ՀՀ փոխոստիկանապետ, ՈԶ հրամանատար Լյովա Երանոսյանն էր, ով ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ ուղարկվեց արձակուրդի:
«Բարեւ Երեւան»-ը պահանջում է Լյովա Երանոսյանին արձակուրդի ուղարկելու փոխարեն ազատել աշխատանքից եւ պատասխանատվության ենթարկել օրենքի ողջ խստությամբ:
Խմբակցությունը շարունակելու է լրատվամիջոցներին ու հանրությանը ներկայացնել «թեկնածուների» հաջորդական շարքը՝ պահանջելով նրանց պաշտոնանկությունը՝ հետեւողական լինելով դրանց իրականացման հարցում:
Երեւանի ավագանու
«Բարեւ Երեւան» խմբակցություն

 

 

 

ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԻ ԽՆԴԻՐԸ ՎԱՐԿՆ Է
Երեկ ՀՀ գյուղատնտեսության նախարարության խորհրդակցությունների սենյակում տեղի է ունեցել ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում ներկայացվել են պտուղ-բանջարեղենի մթերումների եւ արտահանումների ընթացիկ արդյունքները: Փոխնախարարի փոխանցմամբ՝ հանրապետության բոլոր մշակաբույսերի բերքահավաքը սկսվել է:
«Նախարարը մի քանի խորհրդակցություն է անցկացրել, որոնց ընթացքում բարձրացված հիմնական խնդիրները, կարելի է ասել, լուծվել են: Օգոստոսի 1-ից սկսել է լոլիկի մթերումը: Իսկ ծիրանի արտահանման գործընթացը մինչեւ այսօր իրականացվում է: Երկրները հիմնականում Ռուսաստան, Վրաստան, Բելառուս եւ Արաբական Միացյալ Էմիրություններն են: Տոնավաճառները գործում են Կասյան փողոցում նաեւ կենտրոն վարչական շրջանում»,- նշել է Ռ. Մակարյանը: Բանախոսի փոխանցմամբ՝ խաղողի մթերման սեզոնին դեռ մեկ ամիս կա, եւ գին որոշելը դեռ վաղ է: «Գյուղացիների կողմից հիմնական խնդիրը, որը բարձրացվել է, վարկերն են: Նշենք, որ դրանց հետ կապված տարվում են անհատական աշխատանքներ»,- ամփոփել է փոխնախարարը:




Լրահոս