ՀԱՆՈՒՆ ՀՐԱԶԴԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԴԱՏԱՊԱՐՏՎԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանի դեմ կեղծ ցուցմունք տված Հրազդան քաղաքապետարանի «Մաքուր Հրազդան» ՀՈԱԿ տնօրեն Մաթեւոս Ավանեսյանը սուտ մատնության համար դատապարտվեց:

2016 թվականի ապրիլի 17-ին Հրազդան քաղաքապետարանի «Մաքուր Հրազդան» ՀՈԱԿ տնօրեն, քաղաքապետի ընտրություններում 25/09 ընտրատեղամասում Արամ Դանիելյանի վստահված անձ Մաթեւոս Ավանեսյանը հաղորդում էր տվել այն մասին, որ Հրազդան քաղաքի քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանը, Կարենն ու Մհերը այդ օրը՝ ժամը 10:40-ի սահմաններում, թիվ 14 դպրոցում տեղակայված թիվ 25/09 ընտրատեղամասի մոտ՝ փողոցում, անհիմն վիճաբանել են իր հետ, հարվածներ հասցրել, ինչի հետեւանքով ստացել է վնասվածք: Ավելին՝ Ավանեսյանը նկարագրել էր, թե ինչպես են ծեծել իրեն. «Ես ինձ համար կանգնած էի, ինձ մոտեցավ ջիպ մեքենա, ապակին իջացրեց, Սասուն Միքայելյանն էր՝ մյուս թեկնածուն, հայհոյեց, բնականաբար, ես պատասխանեցի, դուրները չեկավ: Երեք հոգի դուրս եկան մեքենայից, Սասուն Միքայելյանը, Կարենը, Մհերը հարձակվեցին վրես: Ընթացքում եղան հարվածներ, դե, բնական է, կռվի մեջ փլավ չեն բաժանում: Փախա… Նրանցից մեկը՝ Մհերը, հետվիցս խփեց, ընկա, կանայք, տղամարդիկ ամոթանք տվեցին, որովհետեւ կռվող մարդը երեք հոգով մեկ հոգու վրա չի հարձակվում»:
Այս հաղորդման հիման վրա ՀՔԾ-ում նախապատրաստվել էին նյութեր, նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն, որպեսզի պարզվի՝ արդյոք Ավանեսյանին ծեծել են, եւ նա ստացել էր վնասվածք: Արդյունքում պարզվել էր՝ Ավանեսյանը խաբել է, նրա մոտ մարմնական վնասվածքներ չէին հայտնաբերվել: Իսկ երբ իրավապահները կանչել էին հերթական անգամ հարցաքննության, որպեսզի պարզեն, թե ինչպե՞ս են Սասուն Միքայելյանի կողմնակիցները ծեծի ենթարկել իրեն, բայց որեւէ վնասվածք չկա, Ավանեսյանը հասկացել է, որ գործը լրջանում է, Արամ Դանիելյանն էլ իրեն «անտեր է» թողել, սկսել է խոսքը կտուրը գցել` ասելով, թե իրականում Սասուն Միքայելյանը եւ այլ անձինք իրեն հարվածներ չեն հասցրել:
Այսպիսով՝ արձանագրվեց, որ Հրազդանի քաղաքապետի թիմակիցը սուտ է խոսել՝ նախապես իմանալով այդ մասին: Իսկ քրեական օրենսգիրքը ունի հատուկ հոդված սուտ մատնության մասով: ՀՔԾ-ն հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով, որ Մաթեւոս Ավանեսյանը նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին՝ անհիմն մեղադրել է Հրազդան քաղաքի քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանին: Արդյունքում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով` հանցագործության մասին սուտ մատնություն տալը պատժվում է ազատազրկմամբ երկու տարի ժամկետով: Ավելի ուշ այս գործը ՀՔԾ-ից ուղարկվեց ՀՀ քննչական կոմիտե, իսկ 2016 թվականի հունիսի 8-ին ուղարկվեց Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան:
Եւ, ահա, մինչ դատաքննությունը սկսելը, Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի վստահված անձ Մաթեւոս Ավանեսյանը միջնորդել է, որ դատական քննությունն անցկացվի արագացված կարգով: Ավելին՝ վերջինս հայտարարել է, որ միջնորդությունը ներկայացրել է կամավոր, խորհրդակցել է իր պաշտպանի հետ, գիտակցում է արագացված կարգով դատաքննություն անցկացնելու հետեւանքները, առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ եւ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչում:
Սույն քրեական գործը նախագահող դատավոր Վարդան Ստեփանյանը բավարարել է ամբաստանյալ Մաթեւոս Ավանեսյանի միջնորդությունը: Ավելին՝ ինչպես պարզեցինք դատարանից՝ Ավանեսյանը հայտարարել է, որ կատարած հանցանքի համար զղջում է եւ խնդրել դատարանից իր նկատմամբ մեղմ վարվել:
Եւ, ահա, հումանիստ դատարանն էլ դատավոր Վարդան Ստեփանյանի նախագահությամբ հունիսի 30-ին որոշում է կայացրել Հրազդան քաղաքապետարանի «Մաքուր Հրազդան» ՀՈԱԿ տնօրեն, քաղաքապետի ընտրություններում 25/09 ընտրատեղամասում Արամ Դանիելյանի վստահված անձ Մաթեւոս Ավանեսյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով եւ նրա նկատմամբ պատիժ նշանակել տուգանք` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի` 200.000 դրամի չափով:
«Ժողովուրդ»-ը Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք նա սուտ մատնության հատկանիշներով դատապարտված Մաթեւոս Ավանեսյանին թույլ տալու է, որ նա շարունակի պաշտոնավարել Հրազդան քաղաքապետարանի «Մաքուր Հրազդան» ՀՈԱԿ տնօրենի պաշտոնը, ի պատասխան՝ քաղաքապետն ասաց. «Եթե դատարանը իր լավ անցյալի համար իրեն այդպես է դատել, ի՞նչ անեմ, ազատե՞մ գործից»:
Հատուկ Հրազդանի քաղաքապետի համար հիշեցնենք, որ ՀՀ համայնքային ծառայության մասին հոդված 12-ի դ կետի համաձայն՝
համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք չունի այն անձը, որը՝
դ) դատապարտվել է հանցագործության համար, եւ դատվածությունը սահմանված
կարգով հանված կամ մարված չէ:
Մեր այն հարցին, թե ինչպես կարող է դատապարտված մարդը շարունակել պետական պաշտոն զբաղեցնել, քաղաքապետ Դանիելյանն ասաց. «Մարդ է. միգուցե սխալված լինի մի անգամ իր կյանքում, դնենք, դատապարտե՞նք: Երբ վճիռը ուղարկեն մեզ մոտ, ես կտեսնեմ, կքննարկեմ, նոր Ձեզ կպատասխանեմ, եթե հակահասարակական քայլ է կատարել, ես նրան կազատեմ գործից»:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ
Սեւ ամպեր են կուտակվել Արթիկի քաղաքապետարանի աշխատակիցների գլխին: «Ժողովուրդ»-ին հասած լուրերի համաձայն՝ նախօրեին իրավապահները խուզարկություն են կատարել Արթիկի քաղաքապետարանում, որտեղից առգրավվել են բազմաթիվ փաստաթղթեր: Ըստ տարածված լուրերի` իրավապահները հայտնաբերել են բազմաթիվ քաղաքացիների տրամադրված տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կեղծ կտրոններ:
Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կտրոնները քաղաքացիները, ըստ կարգի, ձեռք են բերում միայն բանկերից, սակայն ինչ-ինչ հանգամանքներում այդ կտրոնները հայտնաբերվել են քաղաքապետարանի աշխատասենյակներից մեկում: Ըստ պտտվող լուրերի՝ քաղաքապետարանի հայտնաբերված կեղծ փաստաթղթերի հիմքում կանգնած է ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Մուշեղ Պետոյանի աներորդին, որը Արթիկի քաղաքապետարանի եկամուտների հաշվառման եւ հավաքագրման բաժնի պետն է՝ Կարեն Բիչախչյանը:
«Ժողովուրդ»-ը փորձեց վերջինից պարզել, թե ինչ փաստաթղթեր են իրավապահները առգրավել, եւ թե ինչ կապ ունի նա քաղաքացիների տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կեղծ կտրոնների հետ: Կ. Բիչախչյանը պատասխանեց. «Նման տեղեկություն չունեմ, նման բան հայտնաբերել են, թե ոչ, եւ ես էլ կապ չունեմ դրա հետ: Ինչ հարցով Դուք զանգահարել եք, դրա հետ կապ չունեմ, իսկ եթե կան մարդիկ, որ իմ անունը կապում են դրա հետ, թող փաստարկներ բերեն, այլ ոչ թե միայն անուն կապեն»:
Արթիկում տարածված լուրերի համաձայն՝ այս պատմության մեջ խառն է նաեւ պատգամավոր Պետոյանի վարորդը՝ Գեւորգ անունով, որն առավել հայտնի է Բոքս մականունով:
Հիշեցնենք, որ հունիսի 9-ին հայտնի դարձավ, որ ԱԱԾ-ն բացահայտել էր կեղծ փաստաթղթերի պատրաստման, իրացման հանցավոր գործողությունների շարք. «Երեւանում, ինչպես նաեւ ՀՀ տարբեր մարզերում, բազմաթիվ քաղաքացիների տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կեղծ կտրոններ վաճառելու դեպքի առթիվ հարուցված քր. գործի շրջանակներում ապրիլի 20-ին Երեւանի տեխզննման կետերում, առանձին համայնքների վարչական շենքերի վարձակալված սենյակներում, որոշ քաղաքացիների բնակարաններում կատարված թվով 19 միաժամանակյա խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են տեխնիկական զննության 1000-ից ավել կեղծ կտրոն, գործի համար նշանակություն ունեցող փաստաթղթեր եւ էլեկտրոնային կրիչներ: Նախաքննության ընթացքում ձեռք բերված լրացուցիչ տվյալների հիման վրա հայտնաբերվել է նաեւ տպարանը, որտեղ պատրաստվել են տեխզննման կեղծ կտրոնները: Հարուցված քր. գործով 9 անձի առաջադրվել են մեղադրանքներ, որոնցից 8 նկատմամբ որպես խափանման միջոց կալանք է կիրառվել: Միջոցներ են ձեռնարկվում իրացված կեղծ կտրոնների իրական թիվը եւ պատճառված վնասի չափը ճշտելու, ինչպես նաեւ հանցագործության բոլոր մասնակիցներին բացահայտելու ուղղությամբ»:
Չի բացառվում, որ այս ամենի արդյունքում էլ ԱԱԾ-ն ստուգումներ է իրականացրել Արթիկի քաղաքապետարանում եւ նոր բացահայտումներ իրականացրել:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
20 ԼՐԱԳՐՈՂ ՏՈՒԺԵԼ Է
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում շարունակվում է 2016թ. հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երեւան քաղաքի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական դիրքը չարաշահելը), 309-րդ հոդվածի 2-րդ մասի (բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելը) եւ 164-րդ հոդվածի (լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը) հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը. տեղեկացնում է ՀՀ ՀՔԾ-ն: 2016թ. օգոստոսի 10-ի դրությամբ ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ենթադրյալ հանցագործության հետեւանքով տուժել է 20 լրագրող, որոնցից 17-ը քրեական գործով արդեն ճանաչվել են տուժող եւ հարցաքննվել են: Նրանց առողջությանը հասցված վնասի բնույթը եւ ծանրության աստիճանը պարզելու համար նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: 2 լրագրող դեռեւս չի ներգրավվել քննությանը՝ քաղաքից բացակայելու պատճառով, եւս 1-ը հայտարարել է, որ այդ օրն իրեն որեւէ վնաս չի պատճառվել: Հիշյալ դեպքերի ընթացքում լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու եւ խմբով խուլիգանություն կատարելու կասկածանքով 2016թ. օգոստոսի 10-ին ձերբակալվել են երկու քաղաքացիներ:

 

 

ՀԵՏԱՁԳՎԵԼ Է
Վերաքննիչ դատարանը հետաձգել է Խորենացի փողոցում հուլիսի 20-ին տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ մեղադրվող Արարատ Խանդոյանի (Արայիկ Խանդոյանի՝ Միայնակ Գայլի եղբոր) կալանքի դեմ որոշման բողոքարկման քննությունը: Այս մասին Tert.am-ին ասել է Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը: «Արարատ Խանդոյանը դիմում էր ներկայացրել, որպեսզի ներկա գտնվի բողոքարկման քննությանը, բայց ուղեկցորդներ չլինելու պատճառով նրան քրեակատարողական հիմնարկից չէին տեղափոխել դատարան: Այդ պատճառով միջնորդություն ներկայացրեցի դատարանին՝ դատական նիստը հետաձգելու համար: Միջնորդությունը բավարարվեց»,- նշել է փաստաբանը: Հաջորդ դատական նիստը նշանակվել է օգոստոսի 12-ին, ժամը 12:30-ին:

 

 

ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է
Վարդենիսի մշակույթի տանը օգոստոսի 9-ին ՀՀ պաշտպանության նախարարության 2-րդ բանակային զորամիավորման հրամանատարական կազմին է ներկայացվել զորամիավորման նորանշանակ հրամանատար, գնդապետ Դավիթ Մունակյանը: Ներկա է եղել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:




Լրահոս