Հայաստանը վերջին 8 տարվա ամենալուրջ քաղաքական ճգնաժամն է վերապրում. Թոմաս դե Վաալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանը վերջին 8 տարվա ամենալուրջ քաղաքական ճգնաժամն է վերապրում: Այս մասին իր հոդվածում գրում է «Քարնեգի» կենտրոնի Կովկասի հարցերով բրիտանացի փորձագետ, գրող, լրագրող Թոմաս դե Վաալը, փոխանցում է Rusarminfo-ն:

«Այդ ճգնաժամի պատճառն այն է, որ հայկական իշխանությունները չեն կարողանում շահել քաղաքացիների վստահությունը: Նրանք չեն կարողանում հաղթահարել երկրի գլխավոր խնդիրները՝ գործազրկությունը, կոռուպցիան, արտագաղթը, քաղաքական գործիչների անպատժելիությունը, ինչպես նաև ԼՂ հարցը լուծելու անկարողությունը»,-գրում է Վաալը:

Փորձագետի կարծիքով՝ կարող է զարմանալի թվալ, թե որքան երևանցիներ աջակցեցին ոստիկանական բաժանմունքի վրա հարձակված անձանց:«Շատերի համար դա հնարավորություն էր քննադատել իշխանություններին, նրանք բռնություն չէին քարոզում: Եվ դա ցույց է տալիս, թե որքան դժգոհ են քաղաքացիները երկրի իշխանություններից: Սահմանադրությունում վերջին փոփոխությունների շնորհիվ Սարգսյանն ու նրա կողմնակիցները, ամենայն հավանականությամբ, դեռ երկար տարիներ կմնան իշխանության գլխին»,-նշում է Վաալը:

Հեղինակը նշում է նաև, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը նախկինի պես բեռի է Հայաստանի համար, իսկ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Հայաստանն ու Ադրբեջանը առավել լուրջ կոնֆլիկտի եզրին կանգնեցին:

«Սարգսյանն ու իր թիմը հասկանում են, որ ծայրահեղ դեպքում պետք է ձևացնեն, որ Հայաստանը պատրաստ է խելամիտ փոխզիջման: Այլապես մոտ ապագայում պատերազմ է սպառնում Ադրբեջանի հետ, որի ղեկավարությունը բավականին խիստ է տրամադրված: Նույնիսկ եթե հաջողվի խուսափել պատերազմից, Հայաստանը դեռ երկար ժամանակ կմնա միջազգային մեկուսացման մեջ»,-հավելում է հեղինակը:




Լրահոս