ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԵԿ ՕՐՎԱ ՓԱՍՏԱԲԱՆԸ
Փաստաբանների պալատի նախագահ ընտրված Արա Զոհրաբյանի գործունեության շատ դրվագներ դուր չեն գալիս պալատի անդամներին: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում շատ փաստաբաններ դժգոհեցին, որ վերջերս պալատի նախագահի տեղակալ նշանակված Արթուր Հովհաննիսյանը փաստաբան է դարձել նշանակվելուց մեկ օր առաջ: Սա նշանակում է, որ Արա Զոհրաբյանի բացակայության դեպքում մեկ օրվա փաստաբանը պետք է փոխարինի նրան: Ի՞նչն է եղել մեկ օրվա փաստաբանին պալատի փոխնախագահ դարձնելու պատճառը: «Ժողովուրդ»-ի այս հարցին ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանը պատասխանեց. «Արթուր Հովհաննիսյանն աշխատել է ՀՀ արդարադատության նախարարությունում որպես վարչության պետ: «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի նախորդ (2011թ.) փոփոխությունների նախագծերի կազմման աշխատանքային խմբի անդամ էր եւ փաստաբաններիս հետ շփումներում աչքի էր ընկել իր արհեստավարժությամբ: Նրան ճանաչում եմ ավելի քան 3 տարի: Բացի այդ՝ նա փաստաբանի որակավորման քննություններ էր հանձնել եւ ուներ վկայագիր»: Արա Զոհրաբյանը հավելեց, որ ինքն անձամբ է առաջարկել Հովհաննիսյանին տեղափոխվել ՓՊ, ու դա է պատճառը, որ նա փաստաբանի կարգավիճակ ունենալու հաջորդ օրը նշանակվել է ՓՊ նախագահի առաջին տեղակալ:

ԱՌԱՆՑ ԿՐԾՔԱՆՇԱՆԻ
Արդեն տեւական ժամանակ է, ինչ ՀՀ քաղաքաշինության նախարար, ՕԵԿ-ական Սամվել Թադեւոսյանն իր հարազատ կուսակցության կրծքանշանը չի կրում: Երեկ լրագրողները փորձում էին նախարարից պարզել, թե ինչու է հրաժարվել իր «աստղազարդ» կրծքանշանից, արդյոք ամաչում է, որ ՕԵԿ-ական է: Սակայն նախարարը, որը մշտապես աչքի է ընկնում լրագրողների հետ հարաբերվելու անկարողությամբ, միայն մի բան էր կրկնում՝ «զբաղված եմ»: Իսկ իրականում նա խորհրդարանի միջանցքում ընդամենը «դարդոտած» ծխում էր: Իհարկե, անգործության պարագայում ծխելն էլ զբաղմունք է:

ԽՈՇՈՐԱՑՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ
Գյումրի քաղաքում գործող արվեստի 3 պետական բուհերի մասնաճյուղերը` «Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտ» ՊՈԱԿ-ը, «Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիա» ՊՈԱԿ-ը եւ «Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» ՊՈԱԿ-ն առաջիկայում միավորվելու են: Նման որոշման են հանգել ՀՀ գործադիր մարմնում: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ հայտարարել է, որ Հայաստանին ձեռք չի տալիս բազմաթիվ փոքր բուհեր ունենալը, իսկ համախմբումը կբարձրացնի ուսման որակը: Հիշեցնենք՝ երեկ «Ժողովուրդ»-ը գրել էր, որ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) Վանաձորի մասնաճյուղը միանալու է Վանաձորի մանկավարժական համալսարանին, նաեւ դադարեցվելու է ՀՊՃՀ-ի գործունեությունը:




Լրահոս