Հայաստանում Պոլիոմիելիտի կանխարգելման միջոցառումները շարունակվում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Առողջապահության համաշխարհային կազմակերպության նոյեմբերի 11-ի տեղեկատվությամբ  Սիրիայի Արաբական Հանրապետությունում 13 դեպքի մոտ հաստատվել է առաջին տիպի վայրի պոլիովիրուս (WPV1): Վերջնական գենետիկ հետազոտությամբ պարզվել է, որ անջատված վիրուսներն, ամենայն հավանականությամբ, կապված են 2012 թվականի դեկտեմբերին Եգիպտոսում շրջակա միջավայրի նմուշներում հայտնաբերված պոլիովիրուսներին, որոնք իրենց հերթին կապված էին Պակիստանում շրջանառող վայրի պոլիովիրուսներին:
Հիվանդ երեխաների մեծ մասը մինչև 2 տարեկան է։ Նրանք պատվաստված չեն պոլիոմիելիտի դեմ կամ թերի են պատվաստված: Նշենք, որ երեխաների ընդգրկման հաշվարկային ցուցանիշը Սիրիայում 2010 թվականի 91%-ից 2012 թվականին նվազել է` դառնալով 68%:
Նկատի ունենալով Սիրիայի քաղաքական և սոցիալ-տնտեսական ներկայիս ծանր իրավիճակը, պոլիոմիելիտի դեմ պատվաստումներում ցածր ընդգրկվածության արդյունքում խոցելի խմբերի առկայությունը, ինչպես նաև բնակչության ակտիվ տեղաշարժը՝ առաջին տիպի վայրի պոլիովիրուսների հետագա միջազգային տարածման վտանգը շատ բարձր է:
Սիրիայի ողջ տարածքում և հարևան երկրներում նոյեմբերի սկզբներին մեկնարկել է լայնածավալ պատվաստումների կամպանիա, որը նախատեսվում է ավարտին հասցնել վեց կամ ութ ամսվա ընթացքում՝ կախված համաճարակային իրավիճակի զարգացումից:
Հայաստանի Հանրապետություն վարակի ներբերման դեպքում վարակի հետագա տարածման կանխարգելման նպատակով ամբուլատոր–պոլիկլինիկական կազմակերպություններում ուսումնասիրվում են մինչև վեց տարեկան բոլոր երեխաների բժշկական փաստաթղթերը: Այն երեխաները, որոնք պոլիոմիելիտի դեմ պատվաստումներ չունեն կամ թերի են պատվաստված հրավիրվում են պատվաստումների: Իրազեկման աշխատանքներ են տարվում պոլիոմիելիտի պատվաստումներից հրաժարված ծնողների, ինչպես նաև երկիր ժամանած սիրիահայերի շրջանում: Մինչև 15 տարեկան սիրիահայերը, ովքեր չունեն բժշկական փաստաթղթեր կամ պոլիոմիելիտի դեմ չեն պատվաստվել առնվազն երեք դեղաչափով, դարձյալ հրավիրվում են պատվաստումների: Ընդհանուր առմամբ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության գնահատմամբ, Հայաստանի Հանրապետությունը, ըստ պոլիովիրուսների տարածման, դասվում է ցածր ռիսկայնություն ունեցող երկրների շարքում: Այդ մասին է վկայում մեր երկրում պոլիոմիելիտի դեմ երեք դեղաչափ պատվաստումներում երեխաների ընդգրկման բարձր ցուցանիշը (97%), որն ապահովում է վայրի պոլիովիրուսի հանրապետություն ներկրման դեպքում բնակչության շրջանում հետագա տարածման կանխարգելման նպատակով անհրաժեշտ իմուն շերտի առաջացումը: Բացի այդ, երկրում տարիներ շարունակ իրականացվում է պոլիոմիելիտի ախտանշանային հսկողություն (սուր թորշոմած կաթվածահարության)` պոլիոմիելիտի կասկածելի դեպքերի վաղաժամ հայտնաբերման նպատակով: Սիրիայի բռնկման հետ կապված բուժաշխատողների շրջանում կրկին իրականացվել են իրազեկման խորհրդատվություններ` պոլիոմիելիտի կասկածելի դեպքի ստանդարտ բնորոշման և դեպքի վաղաժամ հայտնաբերման, դրանից բխող այլ կանխարգելիչ միջոցառումների իրականացման վերաբերյալ:
Այս մասին հաղորդում է Հայաստանի առողջապահության նախարարության կայքը:




Լրահոս