ՀԱՐՑ. Ես ուզում եմ որպես զբոսաշրջիկ տասը օրով մեկնել Ֆրանսիա, բայց չգիտեմ, թե մեկնելու համար ինչ թղթեր են անհրաժեշտ: Խնդրում եմ մի փոքր ծանոթացրե՛ք մեկնելու կարգին (փաստաթղթեր, վիզա, մուծումներ): Ո՞ւր պետք է ես դիմեմ:
Անի Խաչատրյան (23 տարեկան, ուսանողուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայաստանի Հանրապետության քաղաքացին Շենգեն վիզայի համար վճարում է 60 եվրոյին համարժեք դրամ` անկախ վիզայի տեւողությունից (1 օրից մինչեւ 5 տարի): Ֆրանսիան կարճաժամկետ վիզաներ է (3 ամիս) տրամադրում Շենգեն ողջ տարածքի համար (Գերմանիա, Ավստրիա, Բելգիա, Դանիա, Իսպանիա, Էստոնիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Հունաստան, Հունգարիա, Իսլանդիա, Իտալիա, Լիտվա, Լատվիա, Լյուքսեմբուրգ, Մալթա, Նորվեգիա, Նիդերլանդներ, Լեհաստան, Պորտուգալիա, Չեխիա, Սլովակիա, Սլովենիա, Շվեդիա, Շվեյցարիա):
Վիզա ստանալու համար Ֆրանսիայի հյուպատոսություն կարելի է դիմել միայն այն դեպքում, երբ ուղեւորության բուն նպատակը Ֆրանսիան, Պորտուգալիան, Իսլանդիան կամ Լիտվան են, եւ երբ բնակվում եք Հայաստանում:
Սա վերաբերում է նաեւ Հայաստանում կեցության իրավունք ունեցող այլ երկրների քաղաքացիներին: Գործնական թե տուրիստական ուղեւորության դեպքում առաջնային է գործնականը: Համադրված նպատակների առկայության դեպքում հաշվի է առնվում ուղեւորության տեւողությունը: Հյուպատոսական ծառայությունը դիմումներն ընդունում է երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 9:00-13:00-ը:
Երեւանում Ֆրանսիայի դեսպանատուն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նկատենք, որ նշված չէ, թե 60 եվրո վճարելուց հետո արդյոք մուտքի թույլտվություն ստանալու 100-տոկոսանոց երաշխիք կա: