Պարլամենտարիզմի սկզբունքները կլինեն սահմանադրության նախագծում. ԼՂՀ ԱԺ պատգամավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 17-ին ԼՂՀ խորհրդարանը հրապարակեց Արցախում սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը, ըստ որի՝ ԼՂՀ-ում պատրաստվում են կիսանախագահական կառավարման համակարգից անցում կատարել նախագահականի:

Ինչ են մտածում այս մասին Լեռնային Ղարաբաղում, «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանից:

-Պարո՛ն Իշխանյան, նախօրեին հրապարակվեց Արցախում սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը, ըստ որի՝ ԼՂՀ-ում պատրաստվում են կիսանախագահական կառավարման համակարգից անցում կատարել նախագահականի: Սա ի՞նչ կտա Արցախին:

-Մենք մեր կարծիքը հայտարարել ենք հրապարակավ, որ մեզ համար ընդունելի է պարլամենտական համակարգը եւ փորձել ենք պարլամենտական համակարգի հայեցակարգային սկզբունքները արմատավորել:

Քաղաքական կուսակցությունների մեծամասնությունը կողմ արտահայտվեցին նախագահական համակարգին եւ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը իր վերջնական եզրակացությունը կայացրեց այդ կուսակցությունների հիման վրա: Դեռեւս պետք է քննարկենք, տեսնենք մեր հետագա քայլերը, հնարավոր է՝ պարլամենտարի սկզբունքները տեղ գտնեն Սահմանադրության նախագծի մեջ:

-Իսկ ինչո՞ւ այժմ որոշվեց հրապարակել սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը: Դրա անհրաժեշտությունը որքանո՞վ էր մեծ հենց այս փուլում:

-Քաղաքական ուժերի քննարկումների արդյունքում ի հայտ եկած սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը դեռեւս փետրվարին էր մեկնարկել, արդեն իսկ Հայաստանում տեղի ունեցած սահմանադրական բարեփոխումներից հետո Արցախում սկսեցին քննարկումները: Ապրիլյան դեպքերը պարզապես ազդեցին, որ որոշ ժամանակով հետաձգվեցին այդ քննարկումները:

-Պարո՛ն Իշխանյան, տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ սահմանադրական փոփոխություններից հետո Բակո Սահակյանը կշարունակի պաշտոնավարել մինչեւ 2020 թվականը, այսինքն՝ ԼՂՀ նախագահի պաշտոնավարությունը երկարաձգվելու է 3 տարով: Դուք ի՞նչ գիտեք այս մասին եւ, առհասարակ, ինչպես եք գնահատում նման հեռանկարը:

-Անցումային դրույթների խնդիրները ո՛չ հայեցակարգում կան տեղ գտած, ո՛չ էլ քննարկվել են: Այստեղ խնդիրը չի վերաբերում Բակո Սահակյանի անձին եւ Բակո Սահակյան նախագահին, այսինքն՝ երբ որ անցումային դրույթների շուրջ ի հայտ կգան ընդհանուր տեսակետները, մոտեցումները արդեն պարզ կդառնա, բայց մի բան ակնհայտ է, որ մինչեւ 2020 թվականը գործող խորհրդարանի լիազորությունների ավարտի ընթացքում 2017 թվականից ընկած ժամանակահատվածը լինելու են անցումային դրույթներ:

Զրուցեց Արփինե Թովմասյանը




Լրահոս