«Այս ձևով նրան խոշտանգում են». Հովհաննես Հարությունյանը ՊՊԾ գնդի տարածքում վիրավորվելուց հետո առողջական լուրջ խնդիրներ ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանն առողջական լուրջ  խնդիրներ ունի: ՊՊԾ գնդում վիրավորվելուց և վիրահատվելուց հետո նա ամեն օր ցավեր է ունենում, ինչպես նշում են փաստաբանները հիմա էլ խնդիր է առաջացել ոտքի հետ. չի կարողանում շարժել մատերը:

ArmLur.am-ի հետ զրույցում փաստաբան Արա Ղարագյոզյանը նշեց, որ իրենք բազմիցս բարձրայանել են, որ վիրահատության հետաձգումը կապված է հաշվեհարդարի հետ, այս կերպ փորձում են խոշտանգել նրան. «Դիմումներով դիմել ենք, որպեսզի նրան տեղափոխեն քաղաքացիական հիվանդանոց և վիրահատության ենթարկեն, քանի որ ցավերը չեն դադարում, և նման վերաբերմունքը խոսում է այն մասին, որ մարդուն ուղղակի խոշտանգում են»:

Մեր այն հարցին, թե ինչ են պատճառաբանում վիրահատությունը հետաձգելու համար, փաստաբանը նշեց, որ ասում են, թե ժամանակը չէ. «Մեզ չի հաջողվել անգամ բժշկի հետ խոսել, անընդհատ ինչ-որ մարդիկ են գալիս ովքեր ասում են մենք վիրակապեր փոխողներն ենք, կամ մեկ այլ բան և պատճառն էլ նշում են, որ դեռ դրա ժամանակը չէ, Զարուհի Փոստանջյանն էր դիմում գրել, և նրան պատասխանել էին, որ հրազենային վնասվածք է, և պետք է որոշ ժամանակ անցնի, որպեսզի մկանները ամրանան, հետո նոր կլինի հաջորդ վիրահատությունը»:

Հիշեցնենք, որ Հովհաննես Հարությունյանը վիրավորվել էր հուլիսի 26-ին և տեղափոխվել հիվանդանոց: Հովհաննեսին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի եւ 235-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, ինչպես նաև նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:




Լրահոս