Սարգսյանն ու Ալիեվը առաջիկա ամիսներին դարձյալ կհանդիպեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Վիեննայում այսօր՝ նոյեմբերի 19-ին, կայացած Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումից հետո, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպման արդյունքներով տարածել են մամլո հաղորդագրություն:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ համանախագահների հաղորդագրությունում, մասնավորապես, ասված է. “Համանախագահները ողջունեցին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին եւ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւին Վիեննայում, որտեղ նախագահները ժամանել են երկու երկրների արտաքին գործերի նախարարների ուղեկցությամբ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցությունները շարունակելու նպատակով: Հանդիպմանը ներկա են եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Ռուսաստանի Դաշնություն, Ֆրանսիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ), ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը: Սա նախագահների առաջին հանդիպումն էր 2012թ. հունվարին Սոչիում կայացած գագաթնաժողովից հետո:
Առանձնազրույցի, ապա դրան հաջորդած համանախագահների եւ նախարարների հետ աշխատանքային հանդիպման ընթացքում նախագահները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Նախագահները համաձայնել են թափ հաղորդել հետագա բանակցություններին՝ ուղղված խաղաղ կարգավորման ձեռքբերմանը եւ հանձնարարել են իրենց արտաքին գործերի նախարարներին՝ համանախագահների հետ միասին, արվածի հիման վրա շարունակել աշխատանքը՝ խաղաղ գործընթացի ակտիվացման նպատակով: Նրանք պայմանավորվել են կրկին հանդիպել առաջիկա ամիսներին:
Որպես հետագա քայլ՝ համանախագահները կկազմակերպեն աշխատանքային հանդիպումներ նախարարների հետ ԵԱՀԿ ԱԳՆ խորհրդի նիստի “հարթակներում”, որը կկայանա ս.թ. դեկտեմբերի 5-6-ը Կիեւում: Համանախագահները ծրագրում են այցելել տարածաշրջան մինչեւ ընթացիկ տարվա վերջ”:




Լրահոս