Չար ասեկոսեներով փորձում են իմ անձնական կյանքը հանրայնացնել. Արմինե Պողոսյան (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը շարունակում է ներկայացնել բլից-հարցազրույցների շարք հայ հայտնիների հետ: Դրանց շնորհիվ ընթերցողների կողմից ճանաչված անձինք կբացահայտվեն իրենց էության նոր, հետաքրքիր կողմերով, կպատմեն իրենց կյանքից քչերին հայտնի դրվագներ, հնարավոր է` երբեմն բացեն նաեւ գաղտնիքներ: Այս անգամ մենք զրուցել ենք Երեւանի Ս. Սարգսյանի անվան պետական համազգային թատրոնի դերասանուհի Արմինե Պողոսյանի հետ, ով հայտնի է «Տարտյուֆ», «Ծննդյան տոները սենյոր Կուպելոյի տանը», «Շխոնց Միհրան», «Պատվի համար», «Բլեզ», «Հացի խնդիր» եւ այլ ներկայացումներում իր կերտած կերպարներով, «Ալա Բալա Նիցա», «Եթե բոլորը», «Սուպեր մամա», «Սիրո գործակից» ֆիլմերում խաղացած դերերով: Հեռուստադիտողները նրան ճանաչում են նաեւ հեռուստասերիալներից եւ «Կարգին հաղորդում» հումորային նախագծից:

14081240_1119391338141931_1216473245_n

-Արմինե՛, մարդկանց հետ ծանոթանալիս, սովորաբար, ինչի՞ հիման վրա եք կազմում Ձեր առաջին տպավորությունը:

-Տվյալ անձնավորության` շփման մեջ անկեղծ լինելու չափաբաժնի: Դա երեւում է զրուցակցի աչքերից եւ միմիկայից:

-Նկարագրեք Ձեր մանկությունը մի քանի բառով:

-Լիարժեք, անհոգ մանկություն եմ ունեցել, շրջապատված եմ եղել սիրող ու հոգատար ծնողներով եւ հարազատներով։

14031033_1119391318141933_399201297_n

-Ի՞նչ փոխվեց Ձեր կյանքում ճանաչվելուց հետո. նշեք մեկ դրական եւ մեկ բացասական միտում:

-Լավը մարդկանց սերն է իմ արվեստի նկատմամբ: Իրոք, հաճելի է, երբ նրանք փողոցում կամ այլ վայրում ճանաչում են ինձ եւ գովեստի խոսքեր են ասում` նշելով, որ սիրում են իմ կերտած կերպարները: Բացասականն էլ այն է, որ շատերն իրենց չար ասեկոսեներով փորձում են իմ անձնական կյանքը հանրայնացնել:

-Ամենաանսպասելի քայլը, որ երբեւէ արել եք:

-Անգամ ինձ համար անսպասելի էր իմ ամուսնությունը։

-Ո՞րն եք համարում Ձեր ամենամեծ առավելությունը եւ թերությունը:

-Թերեւս, իմ ամենամեծ առավելությունը, որը կարող եմ միաժամանակ համարել թերություն, նվիրվածությունն է մարդկանց եւ նրանց հանդեպ մեծահոգի լինելը:

-Մարդկանց Ձեր բնավորության ո՞ր գիծը կարող է նեղացնել:

14081170_1119391334808598_419443792_n

-Նեղացնելը չեմ կարող ասել, սակայն նրանց նյարդայնացում, անգամ հունից հանում են իմ հանգստությունն ու հավասարակշռվածությունը:

-Կարող եք աչք փակել մարդկանց թերությունների առաջ, եթե…

-Եթե նրանք գիտակցում են եւ իրոք փորձում են շտկել դրանք։

-Այս երեք որակներից ո՞րն է առավել բնորոշ Ձեզ` հնարամիտ, արագ կողմնորոշվող, թե՞ նրբանկատ:

– Նրբանկատ:

-Իսկ ա՞յս երեքից` անուշադիր, ալարկոտ, թե՞ անփույթ:

-Թող մեծամտություն չհնչի, բայց այս հատկանիշներից ոչ մեկն ինձ բնորոշ չէ:

-Ո՞ր դեպքում եք այրում հետդարձի կամուրջները:

14088960_1119391324808599_769072661_n

-Երբ ինձ ստում, դավաճանում են:

-Ֆոբիաներ ունե՞ք:

-Այո ունեմ, մեկը` բարձրությունից (հատկապես` ինքնաթիռով ճանապարհորդությունից), մյուսը` ջրից:

-Գրող, որը Ձեզ համար անգերազանցելի է:

-Նրանք երկուսն են` երկու Ուիլյամները՝ Շեքսպիր եւ Սարոյան:

-Տղամարդիկ միշտ նկատում են Ձեր ո՞ր հատկությունը:

– Աշխուժությունն ու էնտուզիազմը:

-Կինը սեքսուալ է, երբ…

-Երբ խելացի է:

-Անձնական կյանքում Ձեզ լիարժեք կերպով երջանիկ զգալու համար պակասում է միայն…

-Անձնական կյանքս արդեն իսկ լիարժեք է:

-Աստծո հետ Ձեր հարաբերություններն ինչպիսի՞ն են:

-Որպես հայ քրիստոնյա եւ Հայ առաքելական եկեղեցու հետեւորդ` հավատում եւ սիրում եմ իմ Աստծուն եւ պարբերաբար այցելում նրա սուրբ տուն՝ եկեղեցի։

-Ապրելու համար Ձեզ բավական է միայն…

-Հարազատ մարդկանց նվիրվածությունն ու սերը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս