ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՍԵՓԱԿԱՆ ՈՒԺԵՐՈՎ
Լոռու մարզի հեռավոր Ծաթեր համայնքում տարիներ շարունակ գլխավոր խնդիրը ներհամայնքային ու գյուղ բերող ճանապարհների անմխիթար վիճակն է: Դրանք պարզապես  անանցանելի են ու քարուքանդ, սակայն պետությունը միջոցներ չունի ներհամայնքային ճանապարհաշինության համար: Ներկայումս պետական միջոցները հիմնականում հատկացվում են միջհամայնքային ու հանրապետական նշանակություն ունեցող ճանապարհների բարեկարգմանը: Ծաթերում այս ամենը լավ գիտակցում են: Պետական աջակցություն չկա, բայց կան համայնքի բնակիչների ուժերն ու հնարավորությունները: Նրանք որոշել են, որ պետք է մնացած համայնքներից տարբերվեն ու բողոքելու փոխարեն գործեն: Ներկայումս Ծաթերի բնակիչների միջոցներով ներհամայնքային ճանապարհները գրունտապատվում են: Սա խնդրին, իհարկե, ժամանակավոր լուծում կտա, համոզված է Ծաթերի ղեկավար Բագրատ Ղալայանը: Նա նշում է, որ ոչ վաղ անցյալում անանցանելի էին նաեւ միջհամայնքային ճանապարհները: Ծաթերի ու մոտակա չորս համայնքների ղեկավարները դիմել են ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանին, վերջինս էլ անմիջապես արձագանքել է: «Այդ գումարներով Այգեհատ-Արեւածագ արդեն անանցանելի դարձած ճանապարհը լցրել ենք շիբինով, որ հնարավոր լինի երթեւեկելը»,-ներկայացրեց Բագրատ Ղալայանը:
Բացի ճանապարհների խնդրից՝ Ծաթերում նաեւ ոռոգման ցանցն է շարքից դուրս եկած:  Գյուղացիները, լավատես լինելով, 20 տարի դիմացել են, սակայն արդեն դժվարանում են: Համայնքի ղեկավարը համոզված է, որ եթե այս խնդիրը լուծվի, գյուղատնտեսությունն արագ կզարգանա: Կառավարության կողմից մատչելի գներով գյուղացուն տրամադրվող դիզվառելիքը, պարարտանյութն ու սերմացուն ոգեւորել են գյուղացուն, սակայն, ինչպես իրենք են նշում, գյուղատնտեսությամբ զբաղվելու համար ջուր է հարկավոր: Այս խնդրի կապակցությամբ համայնքի ղեկավարը մի քանի անգամ դիմել է համապատասխան մարմիններին: Սակայն հարցին լուծում տալու համար համայնքից պահանջվել է 30.000 դոլարի ներդրում, ինչը, բնականաբար, անհնար է:

ԱՐՄԻՆԵ ԲԱԼԱՅԱՆ
Լոռի

ԹՈՒՆԱՎՈՐՎԵԼ ԵՆ
Նոյեմբերի 15-ին՝ ժամը 00:30-ին, հիվանդանոցից ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գազի թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2005թ. ծնված Հարություն Հ.-ն եւ 2010թ. ծնված Արիանա Հ.-ն: Պարզվել է, որ երեխաները թունավորվել են նոյեմբերի 14-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, իրեց տան խոհանոցում կենցաղային գազի արտահոսքից: Իսկ նոյեմբերի 13-ին՝ ժամը 10:50-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով բուժօգնության են տեղափոխվել 1998թ. ծնված Արփինե Թ.-ն եւ 1998թ. ծնված Նոնա Ե.-ն: Պարզվել է, որ աղջիկները թունավորվել են Մադինա գյուղի դպրոցի դասասենյակում տեղադրված նավթի վառարանից շմոլ գազի արտահոսքի հետեւանքով:




Լրահոս