Տեւական ժամանակ է, ինչ Հայաստանի պատմության թանգարանի շուրջ թեժ քննարկումները չեն դադարում: Բանն այն է, որ վերջերս Հանրապետության հրապարակում գտնվող պատմության թանգարանի մուտքի կամարների մոտ պաղպաղակի եւ զովացուցիչ ըմպելիքների վաճառքի կետ է ստեղծվել, ինչը բազմաթիվ քաղաքացիների մոտ դժգոհության ալիք է բարձրացրել:
Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց պատմության թանգարանի տնօրեն Գրիգոր Գրիգորյանի հետ եւ պարզեց, որ վաճառքի կետը ստեղծվել է այցելուների առաջարկների հիման վրա: «Թանգարանի այցելուները պտտվում էին ու հետաքրքրվում՝ թե ինչու մոտակայքում չկա մի տեղ, որտեղից կարելի է ջուր կամ զովացուցիչ ըմպելիք գնել»,- պարզաբանեց պատմության թանգարանի տնօրենը:
«Ժողովուրդ»-ի հարցին՝ արդյոք մշակույթի նախարարությունը նախապես տեղյակ եղել է թանգարանի մուտքի մոտ առեւտրի կետ կառուցելու մասին, Գրիգորյանը պատասխանեց. «Ես որոշումները կայացնում եմ ինքնուրույն: Իհարկե, այս ամենի մասին ժողովների ժամանակ զեկուցվել է: Եւ ոչ միայն մշակույթի նախարարությունն է տեղյակ, այլեւ պետական գույքի կառավարման վարչությունը: Ես թաքուն բան չեմ արել, որոշումը կայացրել եմ ինքնուրույն, հետո հայտ եմ ներկայացրել այն մասին, որ պատմության թանգարանի 4.7 քմ տարածքը տրամադրվի որպես զովացուցիչ ըմպելիքների եւ պաղպաղակի վաճառքի կետ»:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Սյունէ Համբարձումյան, Լիդա Եղիազարյան, Արփինե Թովմասյան, Նարեկ Սարգսյան