Հարց քաղաքացիներից` ժառանգը ինչպե՞ս կարող է ստանալ իրեն հասանելիք գումարը, եթե ունի երկքաղաքացիություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ ժառանգը ինչպե՞ս կարող է ստանալ իրեն հասանելիք գումարը, եթե ունի երկքաղաքացիություն: Եվ կցանկանայի իմանալ նաեւ՝ եթե ժառանգություն ստացողը զինծառայող է, ապա ինչպե՞ս է կարգավորվում նրա գումարը ստանալու գործընթացը:

Գայանե Հովակիմյան (53 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ երկքաղաքացիության հանգամանքը որեւէ կերպ չի սահմանափակում անձի իրավունքները կուտակային բաղադրիչում: Եթե երկքաղաքացիություն ունեցող անձը բազային եկամուտ է ստանում Հայաստանում, ապա նա պարտավոր է կատարել նպատակային սոցիալական վճարներ: Նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը, նա կարող է միանվագ ստանալ իր խնայողությունները, եթե հրաժարվի ՀՀ քաղաքացիությունից եւ մշտական բնակության նպատակով մեկնի Հայաստանից:

Տեղեկացնում ենք, որ կուտակային կենսաթոշակային ակտիվների ժառանգման հետ կապված հարաբերությունները, ինչպես այդ ակտիվների կուտակման, այնպես էլ դրանց կենսաթոշակի վերածելու փուլում կարգավորվում են «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքով եւ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով:
Պարտադիր բաղադրիչի մասնակցի՝ կենսաթոշակային ակտիվների կուտակման փուլում մահվան դեպքում նրա կենսաթոշակային հաշվում առկա կենսաթոշակային ակտիվները փոխանցվում են ժառանգի կուտակային կենսաթոշակային հաշվին (բացառությամբ, եթե ժառանգը չի հանդիսանում ՀՀ քաղաքացի եւ չունի մասնակիցների ռեեստրը վարողի մոտ բացված կենսաթոշակային հաշիվ): Ժառանգը կենսաթոշակային այդ ակտիվների՝ միայն հիմնական կենսաթոշակի քսանհինգապատիկ չափը կարող է ստանալ կանխիկ:

Եթե ժառանգը չի հանդիսանում կուտակային բաղադրիչի մասնակից, ինչպիսին է զինծառայող հանդիսացող անձը, ապա մասնակիցների ռեեստր վարողը (ՀԿԴ-ն) պարտավոր է նրա համար բացել կենսաթոշակային հաշիվ եւ ժառանգված կենսաթոշակային ֆոնդի փայերը համապատասխան չափով փոխանցել այդ կենսաթոշակային հաշվին` անկախ ժառանգի տարիքից: Այդ պահից սկսած ժառանգը ձեռք է բերում պարտադիր կենսաթոշակային ֆոնդի մասնակցի համար «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքով սահմանված բոլոր իրավունքները եւ կրում է այդ օրենքով սահմանված բոլոր պարտականությունները՝ բացառությամբ նպատակային սոցիալական վճարներ կատարելու պարտականությունը:

Եթե պարտադիր մասնակիցը մահացել է կուտակային կենսաթոշակային խնայողությունների վճարման, այն է՝ կենսաթոշակի տեսքով ստանալու փուլում, ապա ժառանգման ենթակա կենսաթոշակը ժառանգներին փոխանցվում է օրենքով սահմանված կարգով:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ եթե օտարերկրացի ժառանգն ունի անհատական կենսաթոշակային հաշիվ իր բնակության վայրում, ապա կարող է իր հաշվին առկա գումարը «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով միանվագ փոխանցել իր բնակության վայրի անհատական կենսաթոշակային հաշվին:




Լրահոս