Տավուշի մարզում օգոստոսյան շոգ է: Մթնոլորտն ավելի է շիկանում նախընտրական լարված պայքարից: Սեպտեմբերի 18-ին ՏԻՄ ընտրություններ տեղի կունենան Նոյեմբերյանի, Բերդի եւ Իջեւանի տարածաշրջաններում: Համայնքի ղեկավար ընտրվելու համար թեժ մրցակցություն է խոշորացված Նոյեմբերյան համայնքում:
Այն այժմ ընդգրկում է Նոյեմբերյան քաղաքն ու Ադրբեջանին սահմանակից 8 գյուղեր: Նոյեմբերյան համայնքի ղեկավարի թեկնածու են առաջադրվել գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ Վանուշ Ամիրաղյանը, Բարեկամավանի գյուղապետ, ՀՀԿ անդամ Գարիկ Աբազյանը, Նոյեմբերյանի նախկին քաղաքապետ, անկուսակցական Սերյոժա Ամիրաղյանը, անհատ ձեռնարկատեր, անկուսակցական Կարեն Աբազյանը, Նոյեմբերյանի ճանապարհաշինական «Լեւոն-2» ՍՊԸ գնորդ, ՀՀԿ անդամ Արթուր Անանյանը, Ոսկեպարի գյուղապետ, ՀՀԿ անդամ Երվանդ Եգանյանը եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Գարիկ Փիրումյանը: Վ. Ամիրաղյանը առաջադրվել է ՀՀԿ-ի կողմից, մյուս թեկնածուները՝ ինքնառաջադրմամբ:
Թեժ պայքար է սպասվում նաեւ Նոյեմբերյանի տարածաշրջանի խոշորացված Այրում եւ Կողբ համայնքներում: Այրում համայնքը ներառում է համանուն քաղաքը եւ Դեբեդի հովտի 7 գյուղեր: Այրում համայնքի ղեկավարի թեկնածու են առաջադրվել Բագրատաշենի գյուղապետ, ՀՀԿ անդամ Արկադի Մակյանը, Պտղավան համայնքի ղեկավար, ՀՀԿ անդամ Արայիկ Պարանյանը, «Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերության գործակալ, անկուսակցական Արարատ Պետրոսյանը, անհատ ձեռնարկատեր, անկուսակցական Դավիթ Փարսադանյանը: Ա. Պարանյանն առաջադրվել է ՀՀԿ-ի կողմից, մնացածներն՝ ինքնառաջադրմամբ:
Կողբի համայնքը ներառում է Կողբ եւ Զորական գյուղերը: Կողբ համայնքի ղեկավարի թեկնածու են առաջադրվել Կողբի գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ Արամայիս Աբովյանը, նախկին գյուղապետ, անկուսակցական Արսեն Աղաբաբյանը, Զորականի գյուղապետ, ՀՀԿ անդամ Սուրեն Մարտիրոսյանը, ՀՀԿ անդամ Գոռ Վանյանը: Ա. Աբովյանն առաջադրվել է ՀՀԿ-ի կողմից, մնացածներն՝ ինքնառաջադրմամբ:
Սուր մրցակցություն է սպասվում նաեւ Իջեւան քաղաքին հարակից Գետահովիտ գյուղում, որտեղ մրցակցելու են գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ Արթուր Ղազարյանը, նրա տեղակալ, անկուսակցական Սպարտակ Վանեսյանը, անկուսակցական Գոհար Ղազարյանը եւ ՀՀԿ անդամ Ստեփան Մեսրոպյանը: Լարված պայքար է լինելու նաեւ Ազատամուտ, Վազաշեն, Մովսես եւ այլ համայնքներում: Խոշորացված համայնքների ավագանու ընտրություններում եւս մեծ մրցակցություն է լինելու: Սակայն փոքր համայնքներից ավագանու թեկնածու առաջադրվածների մեջ կան անձինք, ովքեր գրագիտության խնդիր ունեն:
Նոյեմբերյանում տեղակայված Տավուշի մարզի թիվ 40 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից տեղեկացանք, որ ավագանու թեկնածու առաջադրվելու համար պահանջվող փաստաթղթերը լրացնելու ժամանակ, կուսակցական պատկանելության վերաբերյալ գրառում կատարելիս թեկնածուներից մեկը գրել է՝ «անկուսակցածակ» ընտանեկան դրության մասին հարցին ի պատասխան էլ թեկնածուներից մեկը գրառել է «ամուսնացված», մյուսը ՝ «լարված», մեկ ուրիշը՝ «նորմալ»:
Ոսկան Սարգսյան