2015-ի սեպտեմբերից մեկնարկել են Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի վերազինման աշխատանքները: Ծրագրի շրջանակներում նախատեսված է տեխնիկապես հագեցնել դահլիճը եւ բեմը: «Ժողովուրդ»-ը Մայր թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանից հետաքրքրվեց` վերազինման, կոսմետիկ վերանորոգման աշխատանքները երբ կավարտվեն, եւ նոր եթերաշրջանում ինչ է սպասվում հանդիսատեսին:
-Պարո՛ն Էլբակյան, վերանորոգման աշխատանքների ծայրը երեւո՞ւմ է:
-Աշխատանքները գնում են առաջ, սպասվում է, որ կունենանք նոր, ժամանակակից դահլիճ եւ բեմ: Շինարարությունը նոր շինարարություն է բացում, այնպես որ ստույգ վերջնաժամկետ նշել չեմ կարող, բայց երեւի հոկտեմբերին այս ամենի վերջը կերեւա: Ամեն դեպքում, դեռ բավական գործ կա անելու:
-Առաջիկա թատերաշրջանում հանդիսատեսին ի՞նչ է սպասվում:
-Պատրաստվում ենք հանդիսատեսի դատին հանձնել «Պեպո»-ն. նախապատրաստական աշխատանքներ են տարվում: Բացի այդ` երիտասարդ ռեժիսոր Դավիթ Հարությունյանը ղարաբաղյան թեմայով ներկայացում կբեմադրի:
-Սունդուկյանցիները Ձեզ հետ մեծ հույսեր են կապում: Սա պարտավորեցնող չէ՞: Ինչպե՞ս եք պատրաստվում գործել` այդ հույսերն արդարացնելու համար:
-Ես, իհարկե, ուրախ եւ շնորհակալ եմ այդ առիթով, ես էլ իրենց հետ եմ հույսեր կապում: Մեր ստեղծագործական հարաբերությունները բոլորովին նոր փուլ են թեւակոխել: Առհասարակ, դերասանի եւ ռեժիսորի հարաբերությունները նման են ամուսնու եւ կնոջ կապին. նրանք պետք է փոխադարձ սիրեն, լրացնեն միմյանց, կարծում եմ` դա մեզ կհաջողվի:
Որպես գեղարվեստական ղեկավար` ես նաեւ հայրական վերաբերմունք ունեմ դերասաններից շատերի հանդեպ. այս դեպքում դու յուրաքանչյուրի ճակատագրի մասին մտածում ես: Այս ամենը պետք է փորձենք պահել, պարզապես թատրոն ասվածը մեկ օրում չի ստեղծվում. դա երկարատեւ, բարդ գործընթաց է, ինչի արդյունքում թատերախումբը հանգում է ընդհանուր մտածողության եւ գեղագիտության:
-Հետաքրքիր է` ավագ սերնդի դերասանների հետ, որոնցից ոմանք տարիքով մեծ են Ձեզնից, ի՞նչ հարաբերությունների մեջ եք: Նրանց հետ հե՞շտ է աշխատելը:
-Այդ դերասաններից, ցավոք, շատ քիչ մարդ է մնացել, ոմանք, օրինակ, հիվանդ են (Աստված նրանց ուժ ու եռանդ տա, որ շարունակենք մեր համատեղ աշխատանքը), իսկ ովքեր կան, նրանց հետ լավ հարաբերություններ ունենք թե՛ ստեղծագործական, թե՛ անձնական կյանքում:
-Իսկ Մայր թատրոնը բաց կլինի՞ երիտասարդ կադրերի, օրինակ` ռեժիսորների, դրամատուրգների առաջ:
-Թատրոնում այս պահին շատ երիտասարդներ կան, նույնիսկ, եթե ուզում եք ճիշտն իմանալ, չափից ավելի շատ (ծիծաղում է): Վստահ եղեք, որ եթե լինեն այնպիսի ուժեր, որոնք կհամապատասխանեն թատրոնում հաստատելիք գեղագիտությանը, եւ կլինեն կադրեր, որոնք կունենան աստվածատուր ունակություններ, նրանք փողոցում չեն մնա:
-Շատ է խոսվում այն մասին, որ Մայր թատրոնը պետք է ժամանակի հրամայականներին ընդառաջ գնա, փորձի ձեռքը պահել դարի զարկերակին: Դուք ի՞նչ կարծիքի եք:
-Այո՛, թատրոնը պետք է կարողանա ճիշտ զգալ ժամանակը եւ պետք է փորձի իր ժամանակի ճիշտ թարգմանը լինել, բարձրացնել այնպիսի խնդիրներ, որոնք մարդուն պետք են համաշխարհային քաոսից ազատագրվելու համար: Համաշխարհային իրականությունը մի մեծ քաոս է, որտեղ տարբեր մտքեր են թեւածում` ե՛ւ բարոյական, ե՛ւ անբարոյական:
Թատրոնը պետք է խնդիրների լուծում առաջարկի կամ գոնե մարդկությանը հնարավորություն տա մտորելու` ինչպիսին է մեր իրականությունը, եւ ինչպիսին է լինելու վաղվա օրը:
Աննա Բաբաջանյան