«Գործող գյուղապետի հեռու բարեկամներն էլ են կուշտ իրենից». ինչ հույսեր ունի «Քաղաքացիական պայմանագրի» երիտասարդ թեկնածուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արարատի Նոր կյանք գյուղում սեպտեմբերի 18-ին տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ, որին մասնակցելու համար առաջադրվել են 3 թեկնածուներ՝ գործող համայնքի ղեկավար Մայիս Աբրահամայանը, նրա տեղակալ Կարեն Աբրահամյանը, ով վերջինիս հորեղբոր տղան է (ասել է թե՝ ձեւական թեկնածու՝ ձեւական այլընտրանք ապահովելու համար) եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Գարիկ Սարգսյանը:

Այս առնչությամբ «Ժողովուրդը» զրուցեց թեկնածուներից մեկի՝ Գարիկ Սարգսյանի հետ:

-Գարի՛կ, Դուք 29-ը տարեկան եք, ի՞նչը ստիպեց Ձեզ այսքան երիտասարդ տարիքում առաջադրվել որպես համայնքի ղեկավարի թեկանածու:

-Որովհետեւ մեր գործող համայնքի ղեկավարը ընտրվել է 1999թ. եւ մինչ այժմ ինքն է ղեկավարում համայնքը: Եղել են փորձեր մեր համագյուղացիների կողմից, որ փորձել են առաջադրվել, սակայն նա ամեն կերպ կարողացել է ինչ-որ միջոցներով նրանց չեզոքացնել: Չի թողել որեւէ մեկը իրենից բացի առաջադրվի:

-Իսկ Ձեր վրա որեւէ ճնշում չի՞ եղել գործող գյուղապետի կողմից մինչ այս պահը:

-Ես ռեալ հնարավորություն ունեի առաջադրվելու, ու ինձ ոչ մի ճնշում չէր կարող հետ պահել այդ քայլից, որովհետեւ ես էլ ունեմ իմ ծրագրերը՝ կապված իմ գյուղի զարգացման հետ: Ասեմ ավելին՝ այս 17 տարվա մեջ երեւացող ոչինչ չի արվել գյուղացիների հոգսերը թեթեւացնելու համար:

Իսկ ինչի՞ համար գյուղացիները հենց Ձեզ պետք է ընտրեն:

-Ես դպրոցում շատ լավ եմ սովորել եւ գերազանց ավարտել: Ով ինձ ճանաչում է, դրա մասին գիտի, տարիքով երիտասարդ եմ եւ հիմնականում երիտասարդությունն իմ կողմն է: Բացի այդ՝ մարդիկ հոգնել են: Արդեն երկար տարիներ է, ինչ փոփոխություններ տեղի չեն ունենում, մեր գյուղը դեպի լճացման է գնում:

-Առաջադրվելով ընդդիմադիր կուսակցության կողմից՝ ի՞նչ եք կարծում՝ ընդդիմադիր լինելը կօգնի Ձեզ, թե՞ կխանգարի:

-Իհարկե, մարդկանց մոտ կա մտավախություն, թե ով էլ լինի, նույնն է լինելու: Բայց ընդդիմադիր թեկնածուի պարագայում չի լինի. շատ խիստ կհետեւեն թե՛ մարզպետարանից, թե՛ կառավարությունից եւ գյուղին հատկացված գումարներն էլ կօգտագործվեն միայն գյուղի համար:

-Սովորաբար փոքր համայնքներում գյուղացիներն իրենց ընտրությունը կայացնում են՝ ելնելով ծանոթ, բարեկամ սկզբունքից: Այսինքն՝ հաճախ մեծ ձայներ է հավաքում այն մարդը, ով շատ ազգականներ ունի: Այս առումով Ձեր դիրքերն ինչպիսի՞ն են:

– Գործող համայնքի ղեկավարն իր ազգով մեծ է: Բարեկամական, խնամիական կապերով գյուղապետարանի աշխատող անձնակազմը, մանկապարտեզի անձնակազմը բոլորն իր բարեկամներն ու իր ծանոթներն են: Որոշ չափով իրենց ձայներն ապահովվում է, սակայն այնպես չէ, որ լուրջ ազդեցություն կունենան ընտրությունների արդյունքների վրա, եթե մնացած գյուղացիների 50%-ից ավելին ինձ ընտրի, ամեն ինչ լավ կլինի: Ավելին՝ գործող գյուղապետի հեռու բարեկամներն էլ են կուշտ իրենից:

Լիդա Եղիազարյան




Լրահոս