ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք` ես ի՞նչ կարող եմ անել այն դեպքում, երբ վթար է տեղի ունեցել, սակայն ես համաձայն չեմ մեղավորության կամ վնասի չափի հետ: Ինչպե՞ս վարվեմ, ո՞ւր կարող եմ դիմել:
Նորայր Մանուկյան (49 տարեկան, վարորդ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ն. Մանուկյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ ապահովագրական պատահարի արդյունքում Ձեզ պատճառված գույքային վնասների կամ պատահարի պատճառների փորձաքննության արդյունքներին համաձայն չլինելու դեպքում Դուք իրավունք ունեք առաջնային փորձաքննության արդյունքների ծանուցման օրվանից հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, կողմերի փոխադարձ համաձայնությամբ նշանակել լրացուցիչ փորձաքննություն կամ բյուրո գրավոր դիմում ներկայացնելու միջոցով պահանջել կրկնակի փորձաքննության անցկացում:
Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրման ինստիտուտը (ԱՊՊԱ) գործում է Հայաստանում 2011 թվականի հունվարի 1-ից: ԱՊՊԱ փոխհատուցման պայմանագրերի թիվը հինգ տարում ավելացել է՝ 25.313-ից հասնելով 41.203-ի: Նշենք, որ 2015 թվականին մերժվել են 929 պայմանագրերով ներկայացված փոխհատուցումներ՝ 2011 թվականին գրանցված 349-ի համեմատ: Ապահովագրական հատուցումները հինգ տարում ավելացել են՝ 7,2 մլրդ դրամից հասնելով 8,8 մլրդ դրամի: Միաժամանակ 2015 թվականին հատուցումները կրճատվել են 9,27 տոկոսով:
Ավելացնենք նաեւ, որ Հայաստանում ԱՊՊԱ փոխհատուցման միջին վճարը հինգ տարում նվազել է՝ 223.392 դրամից հասնելով 212.661 դրամի: Ի դեպ, ՀՀ-ում ԱՊՊԱ-ի ներդրումից հետո ապահովագրված մեքենաների թիվն ավելացել է՝ 2015 թվականին 390.266-ից հասնելով 457.878-ի: