«Բազեում» շարունակում են պայքարել հաղթանակի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բազե» համահայկական երիտասարդական հավաքում շարունակվում են մարզական և մշակութային մրցույթները։ Այսօր տեղի են ունեցել բազկամարտի միջճակատային մրցումները, մեկնարկել են «Բազե-ֆիլմ», «Բազե-հումոր» մրցույթները։

Հավաքի կարմիր ճակատի ղեկավար Ալեքսան Հովհաննիսյանն ընդգծում է, որ «Բազեն» երիտասարդությանը տալիս է գիտելիքներ, շփումներ, պայքարի ոգի։ Ըստ կարմիր ճակատի ղեկավարի՝ այն մթնոլորտը, որ ստեղծվում է հավաքի օրերին ու փոխանցվում մասնակիցներին, հետագայում մեծ դեր կարող է ունենալ երիտասարդների համար։ Նա նաև ասում է, որ հավաքի բոլոր օրերը շատ հագեցած ու թեժ են անցնում, սակայն բոլորը մեծ հաճույք են ստանում այդ զբաղվածությունից և կատարված աշխատանքից։

Կապույտ ճակատի ղեկավար Արմեն Սարգսյանը նկատում է, որ մեծ փորձառություն են ստանում հավաքում։ Կապույտ ճակատում ունեն թե՜ հաղթանակներ, թե՜ պարտություններ, և համախմբված շարունակում են իրենց պայքարը։ Նա նշում է, որ «Բազեում» ամենամեծ ձեռքբերումն ընկերներն են։

Նարնջագույն ճակատի ղեկավար Ռաֆֆի Քարամյանի կարծիքով էլ՝ «Բազեն» համախմբող միջոցառում է։ Նա նշում է, որ 2007 թվականից սկսած, երբ ընդունվել է բուհ, մեծ ցանկություն է ունեցել մասնակցել հավաքին։ 2011-ին արդեն ընդգրկված է եղել հավաքում որպես մասնակից, այս տարի արդեն՝ որպես ճակատի ղեկավար։ Նա նկատում է, որ որպես ճակատի ղեկավար շատ ավելի դժվար ու պատասխանատու է, պետք է հետևել ճակատի 135 անդամներին։ Իսկ մրցույթներում հաղթանակի գրավականը, Ռաֆֆի Քարամյանի կարծիքով, համախմբված թիմն է։
Հիշեցնենք, որ «Բազե» հավաքի կազմակերպիչը Հայաստանի երիտասարդական հիմնադրամն է։ Այս օրերին Ծաղկաձորում շուրջ 500 երիտասարդներ ուժերն են չափում տարբեր ոլորտներում՝ հավաքի հաղթող ճանաչվելու համար։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն




Լրահոս