ՄԵՐ ԵՐԿՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ՃԿՈՒՆ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայկական ուսումնասիրությունների «Անի» կենտրոնը օրեր առաջ հրապարակել էր ղարաբաղյան կարգավորման 2011թ. Կազանի փաստաթուղթը, որը բավականին ուշագրավ նրբերանգներ է պարունակում: Մասնավորապես, այնտեղ հստակորեն խոսվում է Ադրբեջանին ԼՂՀ 5, ապա եւս 2 տարածքներ զիջելու մասին:

Այս առնչությամբ «Ժողովուրդ»-ը մի քանի հարցեր է ուղղել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Սուքիաս Ավետիսյանին եւ Կարինե Աճեմյանին:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյան
-Պարո՛ն Ավետիսյան, այն հանգամանքը, որ այժմ ԼՂՀ հակամարտության խնդրի շուրջ տարվող բանակցությունների սեղանին Կազանյան փաստաթուղթն է, գործնականում չի հերքվում, ըստ այդմ ենթադրվում է, որ հայկական կողմը չի հրաժարվում Ադրբեջանին տարածքներ զիջել: Ըստ Ձեզ՝ քառօրյա պատերազմից հետո նույնիսկ նման մտադրությունը չի՞ անարգում մեր զոհերի հիշատակը:
-Հայաստանը զիջումներին երբեք կողմ չի եղել, կան համապատասխան սկզբունքներ եւ Հայաստանի եւ Ղարաբաղի իշխանությունները խնդիրը միշտ էլ դրել են նույն հարթության մեջ մինչեւ Ղարաբաղի ինքնորոշման հարցի ճանաչումը չլինի, առաջին հերթին Ադրբեջանը չճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, որեւիցե զիջումների, որեւիցե բանի մասին խոսելն ուղղակի ավելորդ է:
-Կազանյան փաստաթղթում նշված է, որ Լեռնային Ղարաբաղին հարակից ադրբեջանական բոլոր տարածքները, որոնք գտնվում են հայկական վերահսկողության տակ, վերադարձվում են Ադրբեջանի վերահսկողության տակ: Առաջին փուլում վերադարձվում են Աղդամի, Ֆիզուլու, Ջեբրայիլի, Զանգելանի եւ Ղուբաթլուի շրջանները: Հետագայում վերադարձվում են Քելբաջարի շրջանն ու Լաչինի շրջանի ոչ միջանցքային հատվածները: Հայկական ուժերը դուրս են բերվում Քելբաջարի շրջանից: Կարո՞ղ ենք ասել, որ բացի տարածքների զիջումից՝ տեղի հայ բնակչությունը դուրս է գալու իր բնակավայրերից:
-Գիտեք ինչ, տարբեր փաստաթղթեր եղել են` Կազանյան փաստաթուղթ է եղել, մադրիդյան սկբունքները կան, այսինքն՝ տարբեր փաստաթղթերի մասին միշտ էլ խոսել ենք, մի բան է, որ կա փաստաթուղթ, որի տակ համաձայնություն է տրվել, մի ուրիշ բան է, որ այդ փաստաթղթից հետո քայլեր չեն արվում, այսինքն՝ հրադադարը չի շարունակվում, անընդհատ փոքր կամ մեծ պրավակացիաներ են լինում իրենց կողմից: Նորից եմ ասում, մենք արդեն 20 տարուց ավելի է՝ լսում ենք տարբեր տարածքների մասին, բայց մեր դիրքորոշումը հստակ է ու մեկն է:
-Պարո՛ն Ավետիսյան, Հայաստանում ընդամենը 8 ամիս հետո խորհրդարանական ընտրություններ են տեղի ունենալու, որոնց արդյունքում հնարավոր է՝ իշխանության կազմը փոփոխվի: Որքանով է արդարացված, որ վաղուց իր վստահության մանդատը սպառած իշխանության կողմից ԼՂՀ խնդրի շուրջ առարկայական բանակցություններ են վարվում:
-Բերեք, չկապենք խորհրդարանական ընտրությունները: Ես չեմ կարծում, որ որեւիցե իշխանություն Հայաստանում կամ Ղարաբաղում կարող է այդ հարթության մեջ նայել այս հարցին, դրա համար միանշանակ է, որ բոլոր ժամանակների իշխանություններն էլ նույն ձեւով են մտածել:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյան
-Տիկի՛ն Աճեմյան, ըստ էության, այժմ ԼՂՀ հակամարտության խնդրի շուրջ տարվող բանակցությունների սեղանին Կազանյան փաստաթուղթն է դրված, ինչը փաստում է, որ հայկական կողմը չի հրաժարվում Ադրբեջանին տարածքներ զիջել: Դուք այս մասով ի՞նչ կասեք:
-Այդքան կրքեր բորբոքել տարածքների վերաբերյալ պետք չի, երբ իրականում մենք գիտենք, որ դա հարց է, որ ամրագրված է ԼՂՀ Սահմանադրությամբ: Բակո Սահակյանն ինքն էլ շեշտեց, որ միայն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքով եւ հանրաքվեով կարող են նման հարցերը լուծվել: Այս ակտիվ շրջանում, երբ մեր թե՛ արտաքին եւ թե՛ ներքին մարտահրավերները տասնապատկվել են, դաշտում չափազանց զգույշ պետք է լինել: Դա հարց չէ, որը կլուծվի թաքուն կամ ընդհատակյա: Այս օրերին ե՛ւ հարթակում կանգնած, ե՛ւ, առհասարակ, վերլուծություններ անելիս շատերին լսեցի, ովքեր հեռու են Ղարաբաղից, Ղարաբաղում ընդհանրապես չեն եղել, ընդամենը իշխանություններին հակադարձելու համար չի կարելի այդ հարցը այդքան շահարկել:
-Կազանյան փաստաթղթում նշված է, որ Լեռնային Ղարաբաղին հարակից ադրբեջանական բոլոր տարածքները, որոնք գտնվում են հայկական վերահսկողության տակ, վերադարձվում են Ադրբեջանի վերահսկողության տակ: Սա նշանակում է, որ վտանգված է նաեւ հայ բնակչության բնականոն կյանքը:
-Տարիների ընթացքում եղել են մադրիդյան սկզբունքեր, Կազանյան փաստաթուղթ, հետագայում հանդիպումներ, եւ, չգիտես ինչու, հիմա կոնկրետ Կազանյան փաստաթուղթն է անընդհատ մեջբերվում կամ հղում արվում: Ինքս համարում եմ, որ մեր երկրի ղեկավարները շատ ավելի ճկուն քաղաքականություն են վարում, եւ անհնար եմ համարում որեւէ փաստաթուղթ, որը մեր շահերին դեմ կլինի, մեր ժողովրդին կտարհանի կամ Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը կխարխլի:
-Տիկի՛ն Աճեմյան, շուրջ 8 ամսից Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են իրականացվելու: Չեք կարծո՞ւմ, որ ճիշտ չէ այժմ գործող իշխանության կողմից ԼՂՀ խնդրի շուրջ առարկայական բանակցություններ վարել, քանի որ հնարավոր է ընտրությունների արդյունքում իշխանության կազմը փոփոխվի:
-25 տարվա ընթացքում մենք ղարաբաղյան հարցում նույն տրամաբանությամբ գնացել ենք առաջ, այսինքն՝ ինշխանությունները միշտ նպատակաուղղված են եղել դեպի ինքնորոշման, հարցի ճանաչման, ԼՂՀ անվտանգության պահպանման: Չեմ կարծում՝ որեւէ իշխանություն եթե փոխվի կամ շարունակի գործել, այս տրամաբանությունից դուրս լինի:

 

 

 
ՊԵՏՔ Է ԱՇԽԱՏԱՆՔ ՏԱՆԵԼ՝ ՍՊՈՐՏԸ ԶԱՐԳԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Ռիո դե Ժանեյրոյում ընթացող 31-րդ օլիմպիական խաղերին հայ մարզիկների պարտության, նրանց պատրաստվածության եւ այլնի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է 20-րդ դարի Հայաստանի լավագույն մարզիկ, օլիմպիական չեմպիոն, Հայաստանի Հանրապետության մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Ալբերտ Ազարյանի հետ:

-Պարո՛ն Ազարյան, սպորտի բնագավառում տարվող պետական քաղաքականությունը ինչքանո՞վ եք համարում արդյունավետ` հաշվի առնելով Ռիոյում մեր մարզիկների գրանցած արդյունքները:
-Մեզ մոտ արդեն սպորտի ասպարեզում որոշ չափով ունենք հարջողություններ, եւ այդ մասին մտածում են մարդիկ, որոնց որ պետք է մենք շատ գովաբանենք, դրանցից մեկն էլ մեր սիրելի Գագիկ Ծառուկյանն է, որ շատ մեծ աշխատանք է տարել մեր սպորտի ասպարեզի համար, բայց քաղաքականությունը վատ չի: Այստեղ ամենակարեւոր հարցը այն է, որ մարմնամարզությունը պետք է զարգացնել, կոմունիստների ժամանակ ունեցել ենք 233 մարզադպրոց, հիմա ոնց կարող ենք զարգացնել, երբ կամպյուտերները շատացել են, եւ երեխաները զբաղվում են դրանով, չեն էլ ուզում ընդհանրապես սպորտով զբաղվել, այդ տեսակետից հարկավոր է մի քիչ աշխատանք տանել՝ սպորտը զարգացնելու համար:
-Ակնհայտ է, որ օլիմպիական խաղերում Հայաստանի հավաքականը ձախողվել է: Ինչո՞վ է սա պայմանավորված:
-Ամեն ինչը նորմալ է եղել, եւ հավաքներ են կատարել մինչեւ օլիմպիական խաղերը: Մենք օլիմպիական կոմիտեի հաշվին 10 օրով հավաքի ենք գնացել, եւ հավաքից հետո նոր մասնակցել են օլիմպիական խաղերին, այսինքն՝ այսպիսի հաջողություն ոչ մեկ չէր ունեցել, բայց անհաջող մրցումներ ստացվեց մեզ համար: Ես չեմ կարող ասել, որ դրանք անհաջողություններ են, այլ ուղղակի սպորտի ասպարեզում այդպիսի բաներ լինում են: Ես շատ հետաքրքիր նայում էի մեր մարմնամարզությանը, մյուս սպորտաձեւերին այդքան ուշադրություն չդարձրեցի, որովհետեւ իմ երեխաները, որ վատ մասնակցեցին, դրա համար ես վատ էի զգում: Բայց Ջուլֆալակյանը, որ առաջին րոպեից տարվեց, դա շատ մեծ վնաս էր մեր սպորտային ասպարեզի համար, հնարավոր բան չէր, որ ֆինալ չընկներ:
-Հայաստանի պետական կառավարման կոռուպցիայի բարձր մակարդակի մասին խոսում են բոլորը: Ըստ Ձեզ՝ նման պայմաններում հավաքականների մակարդակով Հայաստանը կարո՞ղ է հաջողություններ արձանագրել:
-Հիմա ես ունեմ 13-14 երեխաներ, որոնք որ չտեսնված լավ հաջողությունների են հասնում իրենց տարիքային ասպարեզում, եւ մենք դրանց վրա մեծ ուշադրություն ենք դարձնում: Այնպես որ, աշխատանքը լավ գնում է, եւ սպասում ենք, որ կամաց-կամաց կկարողանանք հաջողության հասնել:

Նյութերը՝ ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ

 

 

 
ՀՀԿ-Ն ԸՆԴԴԵՄ ՀՀԿ-Ի
Արարատի մարզի Մասիս քաղաքի գործող քաղաքապետ ՀՀԿ անդամ Սաշա Հակոբյանը երեկվա դրությամբ դեռ չէր առաջադրել իր թեկնածությունը: «Ժողովուրդ»-ը Մասիսի գործող քաղաքապետից փորձեց պարզել, թե հնարավո՞ր է` նա ընդհանրապես չառաջադրվի: Մասիսի քաղաքապետ Սաշա Հակոբյանը, սակայն, հայտարարեց, որ ինքն անպայման առաջադրվելու է: «99 տոկոսով առաջադրելու եմ թեկնածությունս: Կուսակցության հետ դեռ չեմ քննարկել այս հարցը, բայց իրենց կողմից գրավոր կամ բանավոր ոչ մի բան չկա իմ չառաջադրվելու կամ առաջադրվելու վերաբերյալ»,- պարզաբանեց Սաշա Հակոբյանը: Մեր այն հարցին, թե ինքն ինչպես է վերաբերվում այն փաստին, որ ՀՀԿ-ն Մասիսում քաղաքապետի թեկնածու է առաջադրել Դավիթ Համբարձումյանին, Հակոբյանն ասաց. «Նորմալ: Ես բազմաթիվ օրինակներ կարող եմ բերել, որ կուսակցությունը երկու հոգու է առաջադրել: Չի բացառվում, որ իմ թեկնածությունն էլ առաջադրի»:

 

 

ԻՆՔՆԱՄՈՌԱՑ ԾԱԽՍՈՒՄ ԵՆ
Ընթացիկ տարվա պետական բյուջեով սահմանամերձ համայնքներին աջակցելու համար նախատեսվել է հատկացնել 928 միլիոն 871 հազար դրամ, որից երեկվա դրությամբ արդեն հասցրել են ծախսել 413 միլիոն 409 հազար դրամը: Նկատենք, որ նշված գումարից 10 միլիոն 551 հազար դրամը հատկացվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեից, իսկ ավելի քան 12 միլիոն դրամն էլ հատկացվել է Արարատի, Գեղարքունիքի, Վայոց ձորի եւ Տավուշի մարզպետարաններին:

 

 

ԿՐԿԻՆ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ
ՀՀ կառավարությունն իր վաղվա նիստում հերթական անգամ միլիոնավոր դրամներ կհատկացնի` Հայաստանի դատական համակարգի հակաիրավական վճիռների դիմաց փոխհատուցելու համար: Մասնավորապես, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Սիմոնյանն ընդդեմ Հայաստանի» գործով 2016 թվականի ապրիլի 7-ի վճռի պահանջները կատարելու համար գործադիրը 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի ՀՀ արդարադատության նախարարությանը կհատկացնի 18 հազար 255 եվրոյին համարժեք դրամ:

 

 

ԳՆԱ, ՏԵՍՆԵՍ ԿԳԱ՞
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ նախօրեին ստորագրած որոշմամբ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Արզուման Հարությունյանը տասն օրից կմեկնի արձակուրդ: Հարությունյանը արձակուրդում կգտնվի 2016 թվականի օգոստոսի 29-ից մինչեւ սեպտեմբերի 12-ը։ Այս փաստը ուշագրավ է այն պատճառով, որ ԱԱԾ-ում եւ ընդհանրապես իրավապահ համակարգում տեղի ունեցած պաշտոնանկություններից հետո ոչ ոք չի կարող ասել, թե արձակուրդից ով կվերադառնա, ով՝ ոչ:




Լրահոս