ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ Է ՊԵՏՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հարցազրույց քաղբանտարկյալների կոմիտեի ղեկավար, ՀԱԿ անդամ Կարապետ Ռուբինյանի հետ:-ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը «ՀԺ»-ին տված հարցազրույցում հայտարարել է. «Արաբական հեղափոխական շղթայի երկրներից ոչ մեկը Ղարաբաղի նման խնդիր չունի, եւ մեզ համար ակնհայտ է, որ երկարատեւ քաոսի պայմաններում Ադրբեջանը կհարձակվի ԼՂ-ի վրա: Սա մի իրավիճակ է, որ չենք կարող թույլ տալ: Սերունդները մեզ չեն ներելու ժողովրդավարության հաստատումը` ԼՂ կորստյան գնով»: Մեր տեղեկություններով սա  միանշանակ չի ընկալվել ինչպես Կոնգրեսի ներսի կուսակցությունների առաջնորդների, այնպես էլ շարքային ակտիվիստների կողմից: -Եթե հայտարարությունը որպես զուտ միտք վերլուծելու լինենք, միանշանակ համաձայն եմ, որովհետեւ իսկապես արաբական երկրները, որտեղ տեղի ունեցան եւ ընթանում են հեղափոխություններ, չունեին այդ վտանգը, որ պատերազմական գործողություններ կամ ազգային անվտանգության խնդիրներ ծագեն: Բայց երբ այդ միտքն  օգտագործվում է արդարացնելու համար «չգործունեությունը», նման  վատ արձագանք է լինում: Տպավորություն է ստեղծվել, որ այդ մտքի միջոցով Լեւոն Զուրաբյանը կամ Կոնգրեսը (չգիտեմ` ում անունից է նա խոսել) փորձում են արդարացնել այդ կրավորական դիրքը: Հուսով եմ` դա Կոնգրեսի դիրքորոշումը չէ, որովհետեւ Կոնգրեսը Լեւոն Զուրաբյանը չի, կա քաղաքական խորհուրդ, որի դիրքորոշումը մի քիչ այլ պետք է լինի: Ըստ էության, հիմա փորձաշրջան է. մի կողմից մենք ունենք հիշատակված դեպքերով շատ ոգեւորված ժողովուրդ, որը պահանջում է, ծարավ է պայքարի, եւ որը չի ուզում այլեւս հանդուրժել այս ռեժիմը, մյուս կողմից էլ ունենք ընդդիմություն, որն ամեն առիթով` պատեհ ու անպատեհ, հայտարարում է, որ ինքն է միակ իրական ընդդիմությունը: Եւ եթե հանկարծ դրանից հետո այդ ընդդիմությունը չարձագանքի այդ պահանջներին, ապա կարծում եմ` շատ դժվար կացության մեջ կհայտնվի:-Իսկ այստեղ հակասություններ չե՞ք տեսնում վերջին հանրահավաքում հնչած  Տեր-Պետրոսյանի այն մտքի հետ, որ մենք չենք կարող հավերժ ժողովրդավարությունը ստորադասել Ղարաբաղին եւ այլն:-Եթե հակասությունների վերլուծությամբ զբաղվենք,ապա բազմաթիվ հակասություններ կգտնենք նաեւ այլ հայտարարությունների մեջ: Ուզում եմ հիշեցնել, որ հայտարարվել է, որ մերժում ենք ցանկացած հեղափոխական հռետորաբանություն, հայտարարվել է, որ միայնակ չենք կարող իշխանափոխություն իրականացնել: Հիմա պարզ չէ` արդեն մենք միայնա՞կ չենք, ինչ-որ պայմանավորվածություններ կա՞ն, թե՞, այնուամենանիվ, համարում են, որ միայնակ կարող ենք եւ գնում ենք: Իհարկե, այդպիսի հարցեր ծագում են եւ այս բոլոր հարցերի շուրջ, ես էլ` որպես Կոնգրեսի շարքային անդամ, կուզենայի, որ հստակություն լիներ:-Մենք էլ մարդկանց հետ զրույցների ընթացքում լսել ենք մեկնաբանություն, որ սա այն նույն մոտիվացիան է, որով Ծառուկյանը ստորագրեց հուշագիրը:-Այո՛, արդարացրեց կոալիցիոն հուշագրի` իր ստորագրելը պատերազմի վտանգով: Այսինքն` նույն ձեւով Ղարաբաղն օգտագործվում է որպես   սեփական գործողությունների կամ անգործության արդարացում:-Կասկած եք հայտնում, որ սա հազիվ թե լինի ողջ Կոնգրեսի դիրքորոշումը, եւ  միայն Զուրաբյանինն է, սակայն մյուս կողմից 2008 թ. նույնպիսի պատճառաբանությամբ Տեր-Պետրոսյանն ինքը սկսեց այդքան քննադատված հանրահավաքային պաուզան:-Այո՛, եւ այն ժամանակվանից էլ ես հայտնել եմ իմ անհամաձայնությունը այդ ելույթների հետ: Առհասարակ, Կոնգրեսում մի քիչ տարօրինակ մթնոլորտ է տիրում, որովհետեւ եթե Լեւոն Զուրաբյանը ՀԱԿ համակարգողն է, ապա ինքը պետք է համակարգի, իսկ քաղաքական հայտարարությունները պետք է անեն անդամ կուսակցությունների ղեկավարները, առաջնորդը: Եթե նա այլ ֆունկցիա է ստանձնել, ենթադրենք` առաջնորդի մամուլի խոսնակն է, թող հայտարարեն, որ մենք հասկանանք, թե ինքը ինչ իրավասությունների սահմաններում է դա անում:-«Մեր»` կոնկրետ ո՞ւմ անունից եք խոսում: Ձեր` որպես Ռուբինյանի, եւ էլի ո՞ւմ: Նաեւ ճի՞շտ են տեղեկությունները, որ Զուրաբյանի հայտարարության կապակցությամբ պարզաբանումներ են պահանջվում Տեր-Պետրոսյանից:-Երբ ասում եմ «մենք», նկատի ունեմ Կոնգրեսի շարքային անդամներին, որոնք իրավունք ունեն այդպիսի պարզաբանումներ ստանալու:-Որքանո՞վ եք տեղեկացված` կա՞ն այլ մարդիկ, որոնք պատրաստվում են այս հարցերը բարձրացնել ՀԱԿ առաջնորդի առաջ:-Ես տեղեկացված եմ միայն մամուլով հնչեցվող անհանգստություններից: Եթե մամուլ համարենք նաեւ «Ֆեյսբուք»-ը, ապա այնտեղ էլ այս թեմայով բավականին լուրջ մտահոգություններ կան: Իսկ թե կոնկրետ քաղաքական խորհրդում ինչ է կատարվում, ինչ է քննարկվում, կարողանո՞ւմ են անդամ կուսակցությունների ղեկավարները իրենց պահանջները ներկայացնել, չգիտեմ: Ես միայն տեսնում եմ, որ, ըստ էության, այդ կուսակցությունների ղեկավարների դերակատարումը համարյա նվազագույնի է հասցված, եթե չասեմ` զրոյական է: Սա խոսում է ՀԱԿ-ի ներսում Ժողովրդավարության պակասի մասին, ինչի վերաբերյալ ես խոսել եմ: -Մարտի 1-ի հանրահավաքում ի՞նչ կցանկանաք լսել:-Մարտի 1-ին ես ցանկանում եմ, որ ՀԱԿ-ը, այնուամենայնիվ, լուրջ փոփոխություններ մտցնի իր մարտավարական եւ ռազմավարական ծրագրերում, որովհետեւ ժողովրդին խոստումներ են տրվել, եւ դրանք պետք է կատարվեն: Ես հույս ունեմ, որ մենք ականատեսը կլինենք շատ ավելի կոնկրետ գործողությունների ծրագրի հրապարակման եւ այդ գործողությունների սկզբին: ԱՆՈՒՇ ԴԱՇՏԵՆՑ




Լրահոս