ԳՐԵԹԵ ՉԱԽ-ՉԱԽ ԹԱԳԱՎՈՐԻ ՆՄԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերադառնալով Փարիզ կատարած ուղեւորությունից` Վանաձորի ղշլաղեցի քաղաքապետ Սամվել Դարբինյանն ուրախացած ու զարմացած ասաց. «Տղե՛րք, էդ Էլիֆելի Արտաշատն ինչ հրաշք բան ա…»: Ներկաներից մեկն ուղղեց. «Արտաշատ չի, աշտարակ ա»: «Հա, դե ես էդ երկու քաղաքը միշտ խառնըմ եմ»… Արտաշատն ու Աշտարակը խառնող Սամվել Դարբինյանն ահա մոտ 12 տարի ղեկավարում է հանրապետության երրորդ քաղաքը եւ իր ֆինանսական հաշիվներն ու օգուտները բնավ չի խառնում: Ավելին, գիտի, թե որ գործարքից կամ ավագանու կայացրած որ որոշումից ինչքան օգուտ ունի:Ինչպես շատ համայնքապետեր, Սամվել Դարբինյանն էլ ասպարեզ եկավ 1999-ի ՏԻՄ ընտրությունների ժամանակ եւ մարզպետ Հենրիկ Քոչինյանի ջանքերով հաղթելով իր մրցակիցներին` ստանձնեց քաղաքապետի պարտականությունները: Իրենք` վանաձորցիներն էլ էին զարմացած, թե ինչպես է քաղաքապետ դարձել մի մարդ, որը հազիվ է կարողանում հոդաբաշխ նախադասություններ արտասանել: Բայց գիտենալով, որ նորընծա քաղաքապետը որոշակի ֆինանսական կապիտալի տեր է եւ զբաղվում է ասֆալտի գործով` չէին զարմանում: Եվ ինչո՞ւ զարմանային, երբ Հայաստանում ձեւավորվում էր տեղական իշխանիկների մի նոր խավ, որը, չունենալով գիտելիքներ եւ կառավարման փորձ, արդեն իսկ ստեղծում էր մի նոր համակարգ, որն անշեղորեն կատարելու էր նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նրա Արմենչիկի հրահանգները: Արմեն Գեւորգյանի համար խիստ շահեկան էր Սամվել Դարբինյանի «ընտրությունը», որովհետեւ հենց այդ քաղաքապետի համաձայնությամբ նա նպատակ ուներ սեփականաշնորհել քաղաքի կենտրոնում գտնվող «Արցախ» պուրակը: 1999-ին ընտրվելով առաջին անգամ, ապա 2002-ին զարգացնելով իր հաջողությունները` Սամվել Դարբինյանն իր հետ քաղաքապետարան բերեց բոլորին անհայտ մարդկանց, որոնցից էր նաեւ Սամվել Կարապետյանը, որը պիտի զբաղվեր աղբահանության գործով: Շատ կարճ ժամանակամիջոցում Սամվել Կարապետյանը հենց քաղաքապետարանի հարեւանությամբ շքեղ երկհարկանի տուն կառուցեց, ինչը շարժեց Սամվել Դարբինյանի նախանձը:  Ուստի, որոշ ժամանակ անց նա աշխատանքից ազատեց Ս. Կարապետյանին: Վերջինս  էլ քաղաքապետի որոշումը վիճարկեց դատարանում: Ժլատ չլինելով ինչպես մարզպետի, այնպես էլ հետագայում տարածքային կառավարման նախարար-փոխվարչապետ դարձած Արմեն Գեւորգյանի հանդեպ, Սամվել Դարբինյանը չմոռացավ նաեւ իրեն եւ կարճ ժամանակամիջոցում չափազանց ցածր գներով սեփականաշնորհելով նախկին երկաթուղայինների մանկապարտեզի շենքը` այստեղ ստեղծեց Լոռու տարածաշրջանի ամենաթանկարժեք` «Արգիշտի» հյուրանոցը: Սա, իհարկե, սկիզբն էր: Շուտով նա  քաղաքի արեւելյան դարպասների մոտ` Վանաձոր-Գյումրի մայրուղու սկզբնամասում, կառուցեց շքեղ «Այգ» ռեստորանը: Ասում են` ախորժակն ուտելիս է բացվում, եւ Սամվել Դարբինյանը, մոռացության տալով քաղաքի հոգսերը, ծուռումուռ ու անանցանելի հիմնական փողոցները, սկսեց զբաղվել սեփական ունեցվածքի ձեւավորմամբ` առաջին հերթին կառուցելով առանձնատուն-դղյակ հայրենի Ղշլաղ թաղամասում եւ դրա ողջ  բակը պատելով  մարմարյա սալիկներով: Հետո էլ քաղաքի կենտրոնում ռեստորան կառուցեց, ապա Տիգրան Մեծ պողոտայից դեպի թատրոն տանող ճանապարհին տեղադրեց ավտոլվացման կետ` այսպես խոչընդոտելով թատրոն գնացողներին, աղավաղելով քաղաքի կենտրոնի ճարտարապետությունը: Բայց դե քաղաքը նրան չէր հետաքրքրում, առավել եւս` թատրոնը:  Ուստի ավագանու որոշմամբ վաճառեց այն տարածքը, որտեղ տեղադրված էր հայ մեծ դերասան Հովհաննես Աբելյանի արձանը: Սա մեր երկրի պատմության մեջ ամենավատ քայլերից մեկն էր, որին  ոչ ոք չանդրադարձավ, քաղաքի մտավորականությունը` նույնպես: Այսօր Սամվել Դարբինյանին են պատկանում բազմաթիվ գազալցակայաններ, հեղուկ գազի լիցքավորման կետեր, վերջերս էլ նա ձեռք բերեց Վանաձորում բոլորին հայտնի Սեզամի Արմենի գազալցակայանները` վերջինիս սնանկացման պատճառով: Վանաձորը հանրապետության այն քաղաքներից է, որտեղ միշտ էլ լարված է քրեածին իրավիճակը. այստեղ երկու տարի առաջ սպանվեց Լոռու մարզի դատախազ Ալբերտ Ղազարյանը: Եվ իրավապահներն առաջին հերթին ոստիկանություն տարան քաղաքապետի երկու որդիներին` Աղասիին ու Արգիշտին: Իսկ նրանց հորեղբոր որդուն` Արման Դարբինյանին,  ձերբակալեցին, քանի որ նրա ավտոմեքենայում հայտնաբերվել էին փամփուշտներ: Թե ինչո՞ւ էին նման աղմկալի սպանությունից հետո անմիջապես քաղաքապետի որդիները կասկածվել` հասկանալի է. նրանք են հաճախ դառնում տարբեր «ռազբորկաների» հերոսներ:  Նրանք եւ քաղաքապետի շրջապատից ոմանք: Այսպես, 2008թ. քաղաքապետի  ընտրությունների ժամանակ Վանաձորի կենտրոնում գտնվող «Օազիս» սրճարանի մոտ կրակոցներ էին հնչել, որի արդյունքում ազդրի մասում վնասվածք էր ստացել Արսեն Փերիխանյանը: Ինչպես պարզվել էր, կրակողը եղել էր Սամվել Դարբինյանի «վստահված անձ», քրեական անցյալ ունեցող ոմն Շալո, որը դեպքից հետո փախուստի էր դիմել:2007-ին վանաձորցի վեց քաղաքացի հանդես եկան ուշագրավ նախաձեռնությամբ` ստորագրահավաք սկսելով Սամվել Դարբինյանին պաշտոնանկ անելու համար: Նրանք առաջնորդվել էին տեղական հանրաքվեի մասին օրենքով, առաջարկել անցկացնել հանրաքվե, սակայն նրանց այս նախաձեռնությունն անավարտ մնաց, քանի որ թե՛ ավագանին, թե՛ Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը, ով հիմա դարձել է Սամվել Դարբինյանի հովանավորը, արհամարհեցին այս քայլը` տեղական լրատվամիջոցներին էլ արգելելով մասնակցել իրավապաշտպան Արթուր Սաքունցի կազմակերպած մամլո ասուլիսին: Յուրատեսակ «Չախ-չախ թագավոր» դարձած Սամվել Դարբինյանը ծիծաղեց լոռեցիների միամտության  վրա ու շարունակեց իր պաշտոնավարումը` համոզված, որ ինքը մեծ պահանջարկ ունի  իշխանությունների մոտ:Քաղաքապետի շքեղ ապրելակերպի «վերջին ակորդներից» մեկն էլ որդու` Արգիշտիի հարսանիքն էր` կազմակերպված Երեւանի «Ալվասար» ռեստորանում, որին մասնակցում էր 600 հրավիրյալ: Այդ հարսանիքից հետո մոտ 10 օր քաղաքապետարանի աշխատակազմն ու Սամվել Դարբինյանի մերձավորները խումհարի մեջ էին, գրեթե կաթվածահար էր քաղաքային իշխանությունը:2012-ին նոր ՏԻՄ ընտրություններ են: Սամվել Դարբինյանը նորից է առաջադրելու իր թեկնածությունը:  Եվ նա գրեթե անգիր գիտի իր մեծ հայրենակից Հովհաննես Թումանյանի հեքիաթի վերջին տողերը. «Ասում են` մինչեւ հիմա էլ Նազարը քեֆ է անում…»:26-02-2011ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ




Լրահոս