Հարց քաղաքացիներից` ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ՀՀ քաղաքացիներին օտարերկրյա բուհերում կրթաթոշակային տեղերի մրցույթին մասնակցելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք, թե կոնկրետ ինչ փաստաթղթեր պետք է ներկայացնել, որպեսզի ՀՀ քաղաքացիները կարողանան օտարերկրյա պետությունների բուհերում կրթաթոշակային տեղերի մրցույթին մասնակցել:

Տիգրան Համբարձումյան (28 տարեկան, պատմաբան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Մրցույթին մասնակցելու համար քաղաքացիները մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնող ստորաբաժանմանը ներկայացնում են՝

ա) դիմում հասցեագրված մրցութային հանձնաժողովի նախագահին, որի մեջ պետք է նշվի ընտրած մասնագիտությունը,

բ) դիմում-հարցաթերթիկ (ըստ ներկայացված ձեւի),

գ) կրթության վկայականի եւ ներդիրի պատճենը նոտարական վավերացմամբ, իսկ կրթաթոշակ հատկացնող երկրի պահանջի դեպքում նաեւ ավարտական դասարաններում կամ կուրսում սովորողները առաջադիմության թերթիկի կամ ակադեմիական տեղեկանքի թարգմանությունը նոտարական վավերացմամբ,

դ) արական սեռի անձինք ներկայացնում են զինգրքույկի պատճենը կամ դրան փոխարինող ժամանակավոր կամ զորակոչային տեղամասից համապատասխան տեղեկանք,

ե) 3×4սմ չափսի լուսանկար (ըստ պահանջվող քանակի),

զ) անձնագրի պատճենը

է) ասպիրանտուրա ընդունվել ցանկացողները ներկայացնում են նաեւ մասնագիտական ռեֆերատ պահանջվող լեզվով, անհրաժեշտության դեպքում համառոտագրությունը հայերեն լեզվով,

ը) այլ փաստաթղթեր, եթե դրանք պահանջվում են կրթաթոշակ տրամադրող երկրի կողմից,

թ) դիմորդը կարող է իր ցանկությամբ լրացուցիչ փաստաթղթեր կցել անձնական գործին:

Դիմորդները նշված փաստաթղթերը ներկայացնում են անձամբ: Բացառիկ դեպքում (հիվանդության, հանրապետությունից բացակայելու եւ այլն) դիմորդը կարող է ներկայացնել փաստաթղթերը ներկայացուցչի միջոցով:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Իհարկե լավ է, որ հայ ուսանողները բացի այստեղ ուսում ստանալուց, դրսում սովորելու տարբերակներ էլ են փնտրում: Ավելացնենք, որ, օրինակ, 2011-2012 ուսումնական տարում Հայաստանից այլ երկրներ սովորողների արտահոսքը կազմել է 5081 հոգի կամ սովորողների ընդհանուր թվաքանակի 1.3%-ը:




Լրահոս