«Ժողովուրդ» օրաթերթը դեռևս օգոստոսի 25-ին գրել էր, որ ընտրացուցակների կազմմկան և մատնահետքերի բազայի ստեղծման համակարգի ներդրման համար օրենքով սահմանված վերջնաժամկետին քիչ ժամանակ է մնացել, սակայն դեռ հայտնի չէր` արդյոք ԸՕ այս կարևոր փոփոխությունները կյանքի կկոչվեն, թե ոչ:
Այսօր արդեն պարզ դարձավ, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրավիրված արտահերթ նիստում չեղյալ է համարել 2016թ. հունիսի 30-ին ԱԺ-ի կողմից ընդունված Ընտրական օրենսգրքի փոփոխությունների օրինագիծը: Պատճառն այն է եղել, որ նշված փոփոխությունների համար անհրաժեշտ տեխնիկական միջոցները, ըստ Կառավարության գրավոր պատասխանի, նշված ժամկետում հնարավոր չի եղել ապահովել։
Հունիսի 30-ին ձեռքբերված պայմանավորվածություններից հետո մշտապես այնպիսի տպավորություն է եղել, որ իշխանությունն ամեն կերպ փորձում է ձախողել նոր համակարգի ներդրումը, քանի որ մի կողմից՝ այն նոր գլխացավանք է առաջացնելու իշխանությունների համար ինչպես սուբյեկտիվ՝ վերարտադրության պրոցեսի բարդացման, այնպես էլ օբյեկտիվ՝ զուտ տեխնիկական խնդիրների կարգավորման տեսանկյունից: Մյուս կողմից էլ՝ արդեն իսկ կա Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դրական եզրակացությունն ու բարձր գնահատականը՝ 4+4+4 ձեւաչափով ձեռք բերված համաձայնության շուրջ, հետեւաբար իշխող ՀՀԿ-ին էլ պետք չէ նոր ջանքեր գործադրել՝ ընդառաջ գնալու ընդդիմության պահանջներին: Բացի այդ, չմոռանանք, որ կա այդ համակարգերի ներդրման ֆինանսական կողմը՝ անհրաժեշտ 16 միլիոն եվրոյի հարցը:
Հավելենք, որ Մուկուչյանը նիստում հրապարակել է նաև Հայաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի նամակը, որից պարզ դարձավ, որ լեհական ընկերությունը դեռ հուլիսի 8-ին կառավարությանը տեղեկացրել էր, որ գործընթացը նշված ժամանակահատվածում իրականացնել հնարավոր չէ:
Հիշեցնենք, որ «4+4+4» ձևաչափի շրջանակներում իշխանության և ընդդիմության միջև Ընտրական օրենսգրքում ընտրական գործընթացի օրինականության վերահսկման կազմակերպման տեխնիկական մեխանիզմների սահմանման շուրջ փոխհամաձայնության մասին հայտարարությունը ընդունվել էր հունիսի 16-ին: