Երկօրյա աշխատանքային այցով Լեհաստան կժամանի ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը։ Նա կմասնակցի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների խորհրդարանական հանդիպմանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Լեհաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էդգար Ղազարյանը:
Լեհաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահի հրավերով ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը օգոստոսի 30-ից 31-ը Վարշավայում կմասնակցի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների «Համերաշխություն և ինքնիշխանություն» խորագրով խորհրդարանական հանդիպմանը, որին կմասնակցեն շուրջ 10 երկրների, այդ թվում` Վրաստանի, Սերբիայի, Մակեդոնիայի, Բոսնիա և Հերցոգովինայի, Մոնտենեգրոյի, Բելառուսի, Թուրքիայի, Ադրբեջանի խորհրդարանների նախագահներ, փոխնախագահներ, պատգամավորներ, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:
Այցի ընթացքում նախատեսված են պաշտոնական հանդիպումներ Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդայի, Լեհաստանի Սեյմի նախագահ (մարշալ) Մարեկ Կուչինսկու և Սենատի նախագահ (մարշալ) Ստանիսլավ Կարչևսկու հետ:
Նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ Լեհաստանի խորհրդարանական պատվիրակության հետ, որի ընթացքում կքննարկվեն Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ազգային խորհրդարանների միջև բազմակողմ համագործակցությանն առնչվող հարցեր:
Հանդիպման շրջանակում հրավիրված կլոր սեղանի և առանձին քննարկումների ժամանակ կբարձրացվեն Եվրոպայի անվտանգությանն ու փախստականներին հուզող խնդիրներ, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային համագործակցությանը վերաբերող ռազմավարական նշանակության հարցեր:
Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների խորհրդարանական հանդիպման ընթացքում Հերմինե Նաղդալյանը հանդես կգա Եվրոպական միության վերածննդին և տարածաշրջանային համագործակցությանն առնչվող ելույթով: