ՀԱՐՑ. Եթե անձը ապաստան ստանալու դիմում է ներկայացրել եւ մերժվել է, ապա խնդրում եմ ասեք՝ նորից դիմելու համար ի՞նչ է անհրաժեշտ:
Նելլի Մնացականյան (58 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ ապաստանի դիմումը վերջնական (ներառյալ դատական կարգով) մերժվելուց հետո քաղաքացին կարող է կրկին դիմում ներկայացնել միգրացիոն պետական ծառայություն՝ Հայաստանում ապաստան ստանալու համար, եթե ի հայտ են եկել նոր իրադարձություններ եւ փաստեր, որոնք բավարարում են հետեւյալ չափանիշներին.
– նոր իրադարձությունները եւ փաստերը ի հայտ են եկել ձեր առաջին դիմումի վերաբերյալ ՄՊԾ-ի կողմից որոշում կայացվելուց հետո,
– նոր իրադարձությունները եւ փաստերը հաստատում են հետապնդումների ենթարկվելու նրա երկյուղը կամ հաստատում են նրա քաղաքացիության կամ մշտական բնակության երկիր վերադարձի դեպքում նրա նկատմամբ այնտեղ լուրջ վտանգի առկայությունը:
ՄՊԾ-ն քննության կառնի նոր ի հայտ եկած հանգամանքները եւ փաստերը, եւ քաղաքացու նոր դիմումի վերաբերյալ կկայացնի որոշում:
Հայտնում ենք, որ քաղաքացու նոր դիմումը ՄՊԾ-ի կողմից քննության չի առնվի, եթե առկա չեն նոր իրադարձություններ եւ փաստեր:
Միգրացիոն պետական ծառայություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ եթե անձը բողոքարկել է ՄՊԾ-ի որոշումը, ապա մինչեւ դատական ատյանների կողմից վերջնական որոշում ընդունվելը, նա համարվում է ապաստան հայցող եւ իրավունք ունի օրինական գտնվել ՀՀ տարածքում: