Հարց քաղաքացիներից` ո՞րն է համարվում սոցփաթեթի դադարեցման ամիս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես օրերս աշխատանքից ազատվել եմ, հիմա ուզում եմ հասկանալ, ո՞րն է համարվում սոցփաթեթի դադարեցման ամիս: Ես կարո՞ղ եմ օգտվել սոցփաթեթի հաշվին առկա գումարից:

Հրայր Մանուկյան (32 տարեկան, մենեջեր)

ՊԱՏԱՍԽԱՆ.Հայտնում ենք, որ աշխատանքից ազատվելու դեպքում (կամ այլ պատճառով սոցիալական փաթեթից օգտվելու իրավունքի դադարեցման դեպքում) սոցիալական փաթեթից օգտվելու իրավունքի դադարման ամիս է համարվում աշխատանքից ազատվելու ամսվան հաջորդող ամիսը, եթե աշխատողը չի օգտվել սոցիալական փաթեթի ծառայություններից կամ օգտվել է, սակայն չունի որեւէ պարտավորություն: Այս դեպքում սոցիալական փաթեթի գումարը դադարում է փոխանցվել աշխատողի սոցալական փաթեթի հաշվին աշխատանքից ազատվելու ամսվան հաջորդող երկրորդ ամսվանից:
Իսկ այն դեպքում, երբ աշխատողն օգտվել է սոցիալական փաթեթի ծառայությունից եւ աշխատանքից ազատվելու օրվա դրությամբ ունի փոխանցման ենթակա պարտավորություններ, ապա անկախ աշխատանքից ազատվելու (կամ այլ պատճառով սոցիալական փաթեթից օգտվելու իրավունքի դադարեցման) հանգամանքից սոցփաթեթի գումարները (իր դրույքին համապատասխան կամ ավելի պակաս՝ պարտավորությունից ելնելով) շարունակվում են փոխանցվել աշխատողի սոցիալական փաթեթի հաշվին պարտավորությունների մարման նպատակով, բայց ոչ ավելի, քան ընթացիկ տարվա առաջին գումարի փոխանցման ամսվանից հաշված մեկ օրացուցային տարին լրանալը:

Եթե աշխատողի սոցիալական փաթեթի առաջին գումարը փոխանցվել է սոցփաթեթի հաշվին ապրիլին, եւ աշխատողն աշխատանքից ազատվում է սեպտեմբերին, ապա այդ ընթացքում նրա հաշվին փոխանցվել է վեց ամսվա գումար, որից, օրինակ, 4 ամսվա գումարը նա արդեն փոխանցել է հանգստի ապահովման ծառայությանը, իսկ մնացած գումարը փոխանցել է առողջության ապահովագրության ծառայության համար եւ ունի վճարման ենթակա պարտավորություն այդ ծառայության համար: Այս դեպքում նա շարունակելու է ստանալ սոցիալական փաթեթի գումարների փոխանցում իր սոցփաթեթի հաշվին առավելագույնը մինչեւ հաջորդ տարվա մարտը ներառյալ՝ այդ ծառայության պարտավորությունը կամ դրա մի մասը մարելու նպատակով:
Աշխատողի աշխատանքից ազատվելու դեպքում սոցիալական փաթեթի գումարի փոխանցման համար պատասխանատու ստորաբաժանումը պարտավոր է դրա մասին 10-օրյա ժամկետում տեղեկացնել տվյալ անձի սոցիալական փաթեթի հաշիվն սպասարկող բանկին: Աշխատանքից ազատվելու դեպքում սոցփաթեթի հաշվում մնացած (կուտակված) գումարի օգտագործման ուղղությունները մնում են նույնը:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ սոցիալական փաթեթի առաջին գումարի փոխանցումը կատարվում է աշխատողի սոցփաթեթի հաշվին դիմումը ներկայացվելու ամսվան հաջորդող ամսվա առաջին 5 աշխատանքային օրերի ընթացքում: Սոցիալական փաթեթի գումարների հերթական (ամենամսյա) փոխանցումներն իրականացվում են մինչեւ հաջորդ ամսվա 5-րդ աշխատանքային օրը:




Լրահոս