Հայաստանի բնակչության թիվը չնայած հրապարակային տվյալ է, եւ ՀՀ իշխանությունների ամենամեծ ցանկության դեպքում անգամ այն չի կարող գաղտնի պահվել, բայց նույնիսկ այդ դեպքում ցուցանիշը վաղուց արդեն պետական գաղտնիքի պես մի բան է դարձել: Իհարկե, ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը երեքամսյա պարբերականությամբ հրապարակում է ՀՀ բնակչության թիվը, սակայն այն, մեղմ ասած, այդքան էլ հավատ չի ներշնչում:
Իսկ պատճառն այն է, որ պաշտոնական վիճակագիրներն ամեն կերպ փորձում են թաքցնել Հայաստանի բնակչության իրական թիվը, որպեսզի արտագաղթի տեմպերը քողարկեն: Այս գաղտնապահությունը քաղաքական դրդապատճառ եւս ունի, իշխանությունները բնակչության իրական թիվը «գաղտնի» պահելով՝ ցանկանում են հնարավորինս մեղմել ընտրողների թվի գեր ուռճացված լինելու փաստը:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած ամենաթարմ տվյալների համաձայն՝ այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանի մշտական բնակչության թիվը կազմում է 2 միլիոն 995 հազար 100 մարդ: Սակայն ողջ խնդիրն այն է, որ «մշտական բնակիչը» պարտադիր չէ, որ Հայաստանում բնակվի: Ըստ ԱՎԾ-ի բացատրության. «Մշտական բնակչության թվաքանակում հաշվառվում են այն անձինք, ովքեր մշտապես բնակվում են տվյալ տարածքում, ներառյալ մարդահամարի պահին ժամանակավոր բացակայողները»: Իսկ ժամանակավորապես բացակայող համարվում են մինչեւ մեկ տարի Հայաստանից բացակայողները: Այսինքն՝ մարդուն հանրապետության բնակչության թվակազմից հանում են միայն մեկ տարուց ավել բացակայելու դեպքում: Մյուս կողմից մարդահամարից հետո նույն ԱՎԾ-ն, որպես կանոն, հրապարակում է նաեւ Հայաստանում առկա բնակչության թիվը, որը իր մեջ ներառում է նաեւ մեր հանրապետությունում ժամանակավոր բնակվողներին: Մասնավորապես, 2011 թվականին մարդահամարի պահին Հայաստանում բնակվելիս է եղել 22 հազար 890 օտարերկրյա քաղաքացի, որոնք նույնպես ներառվել են մեր հանրապետության առկա բնակչության թվակազմում, որը 2011-ի հոկտեմբերի դրությամբ կազմել է 2 միլիոն 871 հազար 771 մարդ:
Նույն մարդահամարի տվյալներով՝ Հայաստանի մշտական բնակչության թիվը 2011-ի հոկտեմբերին եղել է 3 միլիոն 18 հազար 854 մարդ: Առաջին հայացքից կարող է թվալ, թե այս ընթացքում Հայաստանի բնակչության թիվն ընդամենը 23 հազար 754-ով է պակասել: Իրականում, եթե այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ մշտական բնակչության թիվը նվազել է, ապա անկման ամբողջական ցուցանիշը ստանալու համար դրան պետք է ավելացնենք մարդահամարին հաջորդած տարիներին բնակչության հավելաճը՝ ծնվածների եւ մահացածների դրական տարբերությունը:
Ստորեւ բերված աղյուսակում ներկայացված են մարդահամարին հաջորդած տարիներին ՀՀ բնակչության հավելաճի թվերը՝ ըստ տարիների:
թվական բնական աճ
2012 14 819
2013 14 594
2014 15 317
2015 13 980
2016 (6 ամիս) 4 133
Ընդ. 62 843
Այսինքն՝ ստացվում է, որ վերջին չորսուկես տարիներին, ըստ պաշտոնապես հրապարակված տվյալների, Հայաստանի բնակչության թիվը նվազել է 86 հազար 597-ով: Մյուս կողմից հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանից արտագաղթը չի դադարում, բնակչության թիվը շարունակելու է անընդհատ նվազել: Ըստ այդմ, Հայաստանի առկա բնակչության թիվը 2 միլիոն 800 հազարից ավել չի կարող լինել, որի մոտ 20 հազարը ՀՀ քաղաքացիներ չեն:
Հ.Գ. Բնակչության թիվը ԱՎԾ-ի կողմից հաշվարկելու հանգամանքը փաստում է, որ Հայաստանի իշխանությունները բնակչության տեղաշարժի տվյալներին լիարժեք տիրապետում են: Մասնավորապես, հստակ արձանագրում են, թե Հայաստանից հեռացածներից ով է վերադարձել, ով՝ ոչ: Այսինքն՝ ցանկության դեպքում իշխանությունները կարող են նույն հաջողությամբ նաեւ ընտրական ցուցակները «մաքրել»:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
61.7 ՄԼՆ ԴՐԱՄ՝ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ
ՀՀ կառավարությունը Լոռու մարզպետարանին առաջիկայում կհատկացնի 161 մլն 700 հազար դրամ: Այս գումարի գերակշիռ մասը հատկացվելու է Վանաձորի քաղաքապետարանին: Իսկ հիմնավորումն այն է, որ հուլիսի 10-ին եւ 11-ին տեղացած հորդառատ անձրեւների հետեւանքով քաղաքի որոշ փողոցների ճանապարհային ծածկը քայքայվել է եւ վերանորոգման աշխատանքներն իրականացնելու համար անհրաժեշտ է 89 մլն 100 հազար դրամ: Բացի այս, Վանաձորի թիվ 11 ավագ դպրոցի մարզադահլիճի մասնաշենքի վերանորոգման համար էլ հարկավոր է 18.5 մլն դրամ: Իսկ 48.5 մլն դրամ էլ կհատկացվի Ալավերդիի որոշ փողոցների, Յաղդան եւ Գյուլագարակ գյուղերի դպրոցների վերանորոգման համար: Իսկ ամենակարեւորն այն է, որ այդ աշխատանքների մեծ մասն իրականացնելու է Վանաձորի գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Սամվել Դարբինյանին պատկանում «Արգիշտիի-1» ընկերությունը:
ԶԱՅՐՈՒՅԹԻ ԽՈՐԸ ԱՐՄԱՏՆԵՐԸ
ՀՀ կառավարության նախորդ՝ օգոստոսի 18-ի նիստում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել էր հաշվարկել, թե վերջին երեք տարիներին որքան գումար է հատկացվել՝ ՄԻԵԴ-ի կողմից Հայաստանի դեմ կայացված վճիռները կատարելու համար: «Եւ, ընդհանրապես, այս սխալ որոշումների համար ինչ-որ մեկը պետք է պատասխան տա՞, թե՞ ոչ: Հանձնարարում եմ ֆինանսների նախարարությանն ու Կառավարության աշխատակազմին քննարկել, թե որքան գումար ենք հատկացրել ՄԻԵԴ-ի որոշումների համար 2014-2015 թվականների եւ այս տարվա ութ ամիսների ընթացքում»,- ասել էր ՀՀ վարչապետը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` իրականում այս զայրույթը առավել խորը արմատներ ունի: Մեր տեղեկություններով՝ ՀՀ կառավարության ղեկավարին զեկուցվել է՝ սպասվում է, որ 2016 թվականի ավարտին ՄԻԵԴ-ը Հայաստանի դեմ մի շարք վճիռներ է հրապարակելու, եւ այդ հեռանկարն արդեն իսկ մտահոգել է ՀՀ կառավարությանը, քանի որ առանց այդ էլ պետբյուջեում գումար չի մնացել: Որտեղի՞ց տան:
ՀՀԿ-ԱԿԱՆ ԽՆԱՄԻՆ
Տավուշի մարզի Բերդ քաղաքում սեպտեմբերի 18-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններում իշխող ՀՀԿ-ն առաջադրել է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մելիքյանի խնամուն` Հարություն Մանուչարյանին: Նրա մրցակիցը «Հայաստանի էլեկտրական ցաներ» ընկերության Բերդի տարածքային կառույցի ղեկավար Դավիթ Պետրոսյանն է: Ի դեպ, նա եւս ՀՀԿ-ական է, սակայն ինքնառաջադրվել է: Առաջին հայացքից կարող է թվալ, թե ՀՀԿ-ականները միմյանց դեմ են պայքարում, սակայն իրականում սա ընդամենը ձեւական բնույթ է կրում եւ պայմանավորված է ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջներով: Բանն այն է, որ եթե համայնքի ղեկավարի միայն մեկ թեկնածու առաջադրվի, ապա ընտրությունները չկայացած կճանաչվեն: Ուստի թեկնածուները նման խորամանկության են դիմում. իրենց հետ առաջադրում են ընկերներին, բարեկամներին, երբեմն նաեւ ընտանիքի անդամներին: Իսկ արդեն գրանցվելուց հետո «կեղծ» թեկնածուները ինքնաբացարկ են ներկայացնում:
ՃՆՇՈՒՄՆԵՐ ԵՆ ՍԿՍՎԵԼ
ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը ArmLur.am-ին հայտնել է, որ արդեն իսկ Մասիսում եւ Գյումրիում իշխանությունները ճնշումներ են սկսել ՏԻՄ ընտրություններում իրենց թեկնածուների վրա: Մասնավորապես, Զոհրաբյանը տեղեկացրել է, որ Գյումրիում իրենց թեկնածու Վարդեւան Գրիգորյանի կինը` Վարդանուշ Գրիգորյանը, դեռեւս տասն օր առաջ դիմում էր գրել եւ դուրս եկել քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող «Անի-պարտեզ» մանկապարտեզի տնօրենի պաշտոնից` անհարկի շահարկումներից խուսափելու համար: «Այսօր արդեն թե՛ մանկապարտեզում, թե՛ մանկավարժական ինստիտուտում, որտեղ տասնչորս տարի ռեկտոր է եղել Վարդեւան Գրիգորյանը, աուդիտ է ուղարկվել` ստուգումներ սկսելու համար»,-նշել է նա: Ինչ վերաբերում է Մասիսին, ապա ըստ Զոհրաբյանի՝ նախօրեին տեղի հանրապետական իշխանությունը կանչել է Մասիսի ոստիկանության բաժնի պետի տեղակալ, գնդապետ Ռաֆիկ Շուշանյանին, ով ԲՀԿ թեկնածու Կարապետ Օհանյանի հետ քավոր-սանիկական հարաբերություններ ունի, եւ նրանից պահանջել ներկայացնել Դավիթ Համբարձումյանի օգտին քվեարկողների ցուցակ: Շուշանյանը պատասխանել է, որ ինքը չի կարող նման բան անել, քանի որ ԲՀԿ-ի թեկնածուի մերձավորն է եւ անմիջապես ազատվել աշխատանքից: «Հիմա, բնականաբար, ձեր այս հրապարակումից հետո իրենք անմիջապես հազար ու մի պատճառաբանություն կգտնեն, թե ինչու են իրականում հեռացրել Ռաֆիկ Շուշանյանին: Բնականաբար, կասեն, որ տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում, բայց մեկ բան հստակ է. ակնհայտ ճնշումներ են սկսվել ԲՀԿ թեկնածուների հանդեպ»,- ընդգծել է ԲՀԿ ղեկավարը:
ԲԱՇԽԵՑԻՆ-ՊՐԾԱՆ
2016թ. օգոստոսի 16-ին ավարտվել է ՀՀ կառավարության կողմից սոցիալապես անապահով ընտանիքներին որպես սոցիալական աջակցություն հատկացված DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարքերի բաշխումը: Գործընթացն իրականացվել է ՀՀ սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների (բաժինների) միջոցով: Ընդհանուր առմամբ բաշխվել է շուրջ 107.550 DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարք:
ԿՎԵՐԱԴԱՌՆԱ ԱՐԴՅՈՔ
Պատասխանելով Armlur.am-ի հարցին՝ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալու մասին տեղեկությունների շուրջ, ԲՀԿ ներկայիս ղեկավար Նաիրա Զոհրաբյանն ասել է.«Քաղաքականությունից հեռանալու որոշումը եղել է բացառապես եւ միայն Գագիկ Ծառուկյանի որոշումը, եւ քաղաքականություն վերադառնալու որոշում կարող է կայացնել միմիայն Գագիկ Ծառուկյանը»: Հարցին, թե այդ կապակցությամբ ինչ դիրքորոշում ունեն անձամբ Զոհրաբյանն ու ԲՀԿ անդամները, տրվել է հետեւյալ պատասխանը.«Ես բազմիցս ասել եմ, մեկ անգամ էլ կասեմ` թե՛ ես, թե՛ կուսակցությունը միանշանակ կողջունենք, եթե պարոն Ծառուկյանը կայացնի քաղաքականություն վերադառնալու որոշում: Ժողովրդի վերաբերմունքը Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադարձին միանշանակ դրական է»:
ՎԱՐԺԱՆՔՆԵՐ
Հայաստանի «Էրեբունի» ավիաբազայում տեղակայված ՌԴ ավիախմբի ուղղաթիռները երեկ ներգրավվել են բարձրլեռնային «Կամխուդ» եւ «Ալագյազ» զորավարժարաններում անցկացվող վարժանքներին: Դրանց մասնակցում են Մի-24Պ հարվածային եւ Մի-8Պ բեռնատար ուղղաթիռներ եւ անձնակազմերը: Օդաչուները անցկացնելու են պայմանական հակառակորդի ցամաքային թիրախներին հրթիռային եւ հրանոթային հարվածներ, ինչպես նաեւ ռազմական ավտոշարասյան, դեսանտի օդային քողարկման վարժանքներ: Ուղղաթիռները ռումբեր են նետելու պայմանական հակառակորդի շարժվող եւ անշարժ օբյեկտների վրա:
ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ
Թուրքական Dogan գործակալության տեղեկացմամբ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օգոստոսի 31-ին ժամանելու է Թուրքիա՝ Անթալիա քաղաքում հետեւելու երկու երկրների ֆուտբոլի ազգային հավաքականների հանդիպմանը: Ըստ նույն աղբյուրի՝ ֆուտբոլային հանդիպումը Անթալիայում դիտելու է նաեւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը: