Շանթի Յուրայի եղբոր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շուրջ երկու տարի դատարանի դռները ընկած Շանթի Յուրայի եղբոր նկատմամբ քրեական հետապնդումը, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, դադարեցվեց:

Հիշենենք, որ 2014 թվականի հունվարի 8-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, «Շանթ» ռեստորանային համալիրի տարածքում աղմկահարույց դեպք էր տեղի ունեցել: Ռեստորանի սեփականատեր Յուրա Ղարիբյանի եղբայրը` Սամվել Ղարիբյանը, իր վարած «Volkswagen Touran» մակնիշի 111 ՍՏ 65 համարանիշի ավտոմեքենայով մեծ արագությամբ Ջանիբեկյան փողոցում դուրս էր եկել հանդիպակաց երթեւեկելի գոտի, կոտրել մուտքի դուռը, այնուհետեւ մտել «Շանթ» ռեստորանային համալիրի տարածք եւ մխրճվելով ներս` կոտրել բարմենի սեղանն ու գույքը: Սամվել Ղարիբյանը իրավապահներին հայտնել էր, թե ինքը միտումնավոր չի արել, սակայն ի սկզբանե շատերը չէին հավատում այս դեպքի պատահականությանը, քանի որ ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Ղարիբյան եղբայրների ջրերը մեկ առվով չեն հոսում:

Ինչեւէ, տեղի ունեցած միջադեպին տրվել էր իրավական ընթացք, ինչի արդյունքում 2014 թվականի սեպտեմբերի 29-ին Սամվել Ղարիբյանի գործը ուղարկվել էր Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, եւ շուրջ երկու տարի տեւած դատաքննությունից հետո՝ 2016 թվականի մարտի 10-ին, Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Շանթի Յուրայի եղբորը` Սամվել Ղարիբյանին դատապարտել է ազատազրկման մեկ տարի ժամկետով: Սամվել Ղարիբյանի պաշտպան Հայկ Ալումյանը բողոքարկել էր այս որոշումը ՀՀ վերաքննիչ դատարանում եւ նշել, որ Սամվել Ղարիբյանը չէր կարող մեղավոր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդվածի որեւէ մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ, քանի որ նա որեւէ գույքային վնաս չի պատճառել գործով տուժող «Ապարանք Շանթ» ՍՊ ընկերությանը: Սամվել Ղարիբյանը գործել է առանց դիտավորության։

Իսկ, ահա, Սամվել Ղարիբյանն էլ իր հերթին ՀՀ վերաքննիչ դատարանում հայտնել էր, թե Աջափնյակի դատարանը դատավճիռը կայացրել է դատավարական նորմերի խախտմամբ. «Համաձայն ինձ առաջադրված մեղադրանքի՝ հանցագործությունը տեղի է ունեցել 08.01.2014թ., իսկ մեղադրական դատավճիռը կայացվել է 10.03.2016թ., այսինքն՝ քրեական պատասխանատվության համար նախատեսված վաղեմության ժամկետի անցած լինելու պայմաններում»։

Արդյունքում, ՀՀ վերաքննիչ դատարանը որոշել է Սամվել Ղարիբյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասով Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ 2016 թվականի մարտի 10-ի դատավճիռը բեկանել, քրեական գործի վարույթը կարճել եւ Շանթի Յուրայի եղբոր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել` քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով:

Քնար Մանուկյան




Լրահոս