«Ժողովուրդ»-ը ՀՀ մշակույթի նախարարությանն ուղղված հարցման միջոցով փորձեց պարզել` 2015 թ. հուլիսից մինչեւ 2016 թ. հուլիսը նախարարությունը պետական բյուջեից որքան գումար է ծախսել սեմինարների, համաժողովների եւ աշխատանքային այլ հավաքույթների կազմակերպման համար: Մենք խնդրեցինք փոխանցել նաեւ տվյալ ժամանակահատվածում վերոնշյալ հավաքույթների քանակը եւ ամեն հավաքույթին հատկացված գումարի չափը:
Այսպիսով` մեզ պատասխանեցին, որ նշյալ ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեով նախարարությանը տրամադրված միջոցներից համաժողովների կազմակերպման համար հատկացվել է 70 միլիոն 718 հազար դրամ:
Մասնավորապես` 2015 թվականի հուլիսի 9-11-ը կազմակերպվել է ԱՊՀ մասնակից պետությունների մշակութային համագործակցության խորհրդի հոբելյանական 30-րդ նիստը (19 միլիոն 243 հազար դրամ) եւ 2015 թ. հուլիսի 11-14-ը` «Մշակութային քաղաքականություն. քաղաքականություն մշակույթի համար. մշակույթի դերը «ԵՏ-2015 օրակարգ» կայուն զարգացման օրակարգում» խորագրով միջազգային 3-րդ նախարարական համաժողովը (25 միլիոն 372 հազար դրամ): Արդեն 2016 թ. հունիսի 14-19-ը կազմակերպվել է Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (WFIM) 60-րդ հոբելյանական վեհաժողովը` Հայաստանում (26 միլիոն 111 հազար դրամ):
Համեմատության համար նշենք, որ եթե ուսումնասիրելու լինենք ՀՀ մշակույթի նախարարության 2016 թվականի պետական բյուջեով հաստատված բյուջետային հատկացումների բաշխումը ըստ ֆինանսավորվող ծրագրերի, կտեսնենք, որ օրինակ` երաժշտական եւ արվեստի դպրոցների համար երաժշտական գործիքների ձեռքբերման նպատակով տրամադրվել է ընդամենը 20 միլիոն դրամ: Նույնքան գումար է հատկացվել ի աջակցություն օտարերկրյա պետություններում հայալեզու թատերական ներկայացումների, իսկ, օրինակ, փաստավավերագրական կինոծրագրերի իրականացման համար նախարարությունը նախատեսել է 46 միլիոն դրամ, կամ ի աջակցություն հայկական պատմամշակութային հուշարձանների վավերագրմանը տրամադրվել է 60 միլիոն դրամ:
Ի դեպ, նախարարությունը սեմինարների առնչվող մեր հարցմանը չի պատասխանել: Պարզ չէ` այդ բնույթի միջոցառումներ չեն կազմակերպվե՞լ, թե՞ կառույցը խուսափել է պատասխանից:
Աննա Բաբաջանյան