Սեպտեմբերի 13-ից մեկնարկելու է Ազգային ժողովի աշնանային նստաշրջանը: «Ժողովուրդ»-ն ԱԺ պատգամավորներից հետաքրքվեց` ինչպես են պատրաստվում նստաշրջանին եւ ինչպիսի նախաձեռնություններով են մտադիր հանդես գալ:
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյան
-Պարո՛ն Մելքումյան, օրենսդրական ի՞նչ նոր նախագծեր եք պատրաստվում ներկայացնել ԱԺ առաջիկա քառօրյային:
-Իհարկե, մենք պատրաստվում ենք նախագծեր ներկայացնել: Ես երկու օրենքի նախագիծ եմ պատրաստել` Գյումրի քաղաքում ձեռնարկատիրության պետական աջակցության եւ «Նաիրիտ» գործարանի գործունեության եւ կառավարման հատուկ ռեժիմ սահմանելու մասին: Նաեւ գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորման շեմը բարձրացնելու մասին: Այսինքն՝ երեք նախագիծ մենք հստակ ունենք, որ պատրաստվում ենք դնել շրջանառության մեջ: Բացի դրանից՝ առաջիկայում կբերեն ընտրական օրենսգրքի հետ կապված փոփոխությունները, մեր վերաբերմունքը կասենք: Մի խոսքով, լուրջ, ծավալուն աշխատանք է սպասվում:
ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյան
-Պարո՛ն Մարուքյան, շուրջ 10 օրից մեկնարկում է ԱԺ հերթական քառօրյան: Դուք ի՞նչ օրենսդրական նախաձեռնություններով եք պատրաստվում հանդես գալ:
-Մի անգամ ես Գալուստ Սահակյանին ասացի, որ նախագծեր ունեմ, որոնք տարիներով մնացել են, եւ Ազգային ժողովին շատ կարճ ժամանակ է մնացել, այսինքն՝ մեր մանդատը ավարտվելու է, բայց դրանք մնացել են, օրենք չեն դառնում, չնայած այն հանգամանքին, որ կա դրական եզրակացություն: Հիմա ես պետք է աշխատեմ, որ այդ նախագծերն առաջին հերթին ընդունվեն, ոչ թե նոր նախաձեռնություններով հանդես գամ: Դրանք, ըստ էության, կյանքի չեն կոչվում` եղած հանրապետական մեծամասնության պատճառով: Ավելին՝ մի քանի օր առաջ հարկային օրենսգրքի վերաբերյալ 9 էջից բաղկացած իմ առաջարկներն եմ ուղարկել, որն էլի նախաձեռնություն է: Դրանց մեջ հատկապես կարեւորում եմ նախեւառաջ եկամտային հարկը ոչ թե բարձրացնելուն, այլ իջեցնելուն ուղղված քայլերը:
ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյան
-Պարո՛ն Մարգարյան, ԱԺ աշնանային նստաշրջանին ինչպե՞ս եք պատրաստվում:
-Բոլոր նստաշրջանների յուրաքանչյուր քառօրյային մենք ունեցել ենք բազմաթիվ օրենքի նախագծեր, այս քառօրյայում նույնպես ունենք: Կառանձնացնեմ մեկը. այս քառօրյայում քննարկման առարկա է դառնալու Գյումրի քաղաքին հարկային արտոնություններ տալու մասին իմ կողմից հեղինակված օրենքի նախագիծը: Պետք է տաքսիստները, ուսուցիչները, ովքեր տանն են աշխատում, ազատվեն արտոնագրային վճարներից, շրջանառության հարկից ազատվեն փոքր ու միջին ձեռներեցները, նրանք, ովքեր առեւտրով են զբաղվում: Շինարարական մրցույթներին պետք է նախապատվություն տրվի, «Շիրակ» օդանավակայանը համարվի ազատ տնտեսական գոտի:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյան
-Պարո՛ն Պողոսյան, առաջիկա քառօրյային ի՞նչ նախաձեռնություններով եք պատրաստվում հանդես գալ:
-Սոցիալական, կրթական ոլորտի մի քանի նախաձեռնություններ եմ արել, որոնք կառավարությունը մասամբ մերժել է: Քննարկումները ցույց կտան, թե ինչ ճակատագրի կարժանանան այս նախագծերը: Օրինակ՝ մեկ նախաձեռնություն էի արել, որ բոլոր վիրավոր զինծառայողներին պետք է համապատասխան սոցիալական ծառայություն մատուցեն, սակայն մերժում եմ ստացել: Գլխավորն այն չէ, որ իմ նախաձեռնությունը անցնի, այլ այն, որ այդ գաղափարը կյանքի կոչվի:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայան
-Տիկի՛ն Եսայան, սեպտեմբերի 13-ին մեկնարկող ԱԺ աշնանային քառօրյային ինչպե՞ս եք պատրաստվում:
-Այս նստաշրջանի ընթացքում շատ կարեւոր օրենքի նախագծեր ունենք քննարկելու: Կարծում եմ՝ շատ արդյունավետ, դրական իմաստով լարված, տքնաջան քառօրյա է սպասվում: Ինքս այս շրջանում օրենքի նախագծի հեղինակ չեմ. գիտեք մեզ մոտ ինչպես է. կառավարությունն է հիմնականում լինում հեղինակը կամ պատգամավորների մի խումբ, այս փուլում որեւէ օրենքի նախագծի համահեղինակ չեմ:
ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյան
-Պարո՛ն Վարդանյան, առաջիկա նստաշրջանում ի՞նչ օրենքի նախագիծ եք պատրաստվում ներկայացնել:
-Նստաշրջանին պատրաստվում ենք ինչպես բոլոր նստաշրջաններին: Դեռ կոնկրետ նախաձեռնություն չկա շրջանառության մեջ դրված:
ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյան
-Պարո՛ն Մանուկյան, պատրաստվո՞ւմ եք որեւէ օրենքի նախագիծ ներկայացնել ԱԺ նոր նստաշրջանում:
-Բոլոր նախաձեռնությունները կքննարկենք հինգշաբթի օրը` խմբակցության նիստի ժամանակ:
զրուցեց Արփինե Թովմասյանը