Այլընտրանք չկա, միջազգային հանրությունը պետք է ճանաչի Արցախի անկախությունը. Էդուարդ Շարմազանով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազատ եւ անկախ Արցախի գոյությանն այլընտրանք չկա. միջազգային հանրությունը պետք է ճանաչի Արցախի անկախությունը: Այս մասին սեպտեմբերի 4-ին Բուենոս Այրեսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու առաջնորդարանում Հայ առաքելական եկեղեցու Արգենտինայի եւ Չիլիի թեմի առաջնորդ Տեր Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանի, թեմական խորհրդի, ինչպես նաեւ արգենտինահայ համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշել է աշխատանքային այցով Արգենտինայում գտնվող ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Հայկական պատվիրակության կազմում են ԱԺ պատգամավորներ Սուքիաս Ավետիսյանը եւ Միքայել Մանուկյանը:

Առաջնորդարանում ԱԺ փոխնախագահը հանդես է եկել ելույթով՝ մասնավորապես նշելով. «Արգենտինայի եւ Հայաստանի միջեւ բարեկամական հարաբերությունների ձեւավորման հիմքում նախ եւ առաջ դուք եք, սիրելի արգենտինահայեր: Դուք բազմիցս եք ապացուցել, որ ապրելով օվկիանոսից այն կողմ, լինելով Արգենտինայի օրինապահ քաղաքացիներ՝ մնացել եք հայ եւ այստեղ ձեւավորել մի փոքր Հայաստան: Դուք հայտնվել եք հայրենիքից հազարավոր կիլոմետրեր հեռու, քանի որ մեկ դար առաջ Թուրքիայի հանցագործ իշխանությունները որոշեցին աշխարհում մեկ հայ թողնել եւ այն էլ թանգարանում՝ իրագործելով 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը: Սակայն, հայերիս՝ ազատ եւ անկախ հայրենիքում ապրելու ցանկությունն այնքան հզոր գտնվեց, որ անգամ Ցեղասպանությունը չկարողացավ չեզոքացնել անկախության ձգտումը: Մեծ եղեռնից ընդամենը 3 տարի անց Սարդարապատի, Ղարաքիլիսայի եւ Բաշ Ապարանի մայիսյան հերոսամարտերում հայերը պարտության մատնեցին թուրքերին՝ հող նախապատրաստելով հայկական պետականության վերականգնման եւ մեր ժողովրդի ազգային վերածննդի համար:

Հարգելի՛ հայրենակիցներ,

մարդկության դեմ իրագործված ոճրագործությունները վաղեմության ժամկետ չունեն: Մենք շնորհակալ ենք բարեկամ Արգենտինային, որ ընդունել եւ օրենքի ուժով դատապարտել է Հայոց ցեղասպանությունը: Աշխարհը պետք է դատապարտի ոճրագործներին, ինչպես նաեւ պայքարի թուրքական ժխտողականության դեմ, քանի որ ցեղասպանության ժխտումը նույնքան հանցավոր է, որքան ցեղասպանության իրականացումը: Պատահական չէր, որ Հռոմի Ֆրանցիսկոս պապը, հունիսին Հայաստան կատարած իր այցի ժամանակ խոսելով Հայոց ցեղասպանության մասին, հայտարարեց. «Ես որեւէ այլ բառ չգիտեի, քան Ցեղասպանությունը»:

Իսկ մինչ այդ՝ Վատիկանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագի ժամանակ, իրավացիորեն նշեց. «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը հիշելը պարտադիր է, որովհետեւ որտեղ հիշատակ չկա, այնտեղ չարիքը դեռ բաց է պահում վերքը, իսկ թաքցնել հանցանքը նշանակում է թողնել, որ վերքն արնահոսի»:

Սիրելի՛ հայրենակիցներ,

ապրիլյան քառօրյա պատերազմը վերահաստատեց, որ մի քանի ժամում ողջ հայությունը կարող է համախմբվել համընդհանուր գաղափարի շուրջ, այն է՝ պայքարել հանուն ազատ եւ անկախ Արցախի: Հենց այդ միասնության հաղթական ոգին էր, որ թույլ չտվեց ադրբեջանցիներին հաջողություն գրանցել: Սակայն մեր պայքարը դեռ չի ավարտվել. մենք պետք է համախմբվենք հանուն համահայկական խնդիրների լուծման: Այսօր, առավել քան երբեւէ, մեզ անհրաժեշտ է միասնություն եւ համերաշխություն: Մեր համատեղ ջանքերի շնորհիվ պետք է հասնենք նրան, որ միջազգային հանրությունը հարգի ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման սկզբունքն ու ճանաչի Արցախի անկախությունը, քանի որ ազատ եւ անկախ Արցախի գոյությանն այլընտրանք չկա: Պիտի ապրի Արցախն ազատ, պիտի ապրի, քանի որ այդպես է ուզում հայությունը:

Շնորհակալություն ուշադրության համար»:




Լրահոս