Սուրբ Սարգիս եկեղեցում (Նոր Նորք) այսօր երեկոյան տեղի ունեցավ բանաստեղծ, թարգմանիչ, գրականագետ, Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի Մատենադարան ինստիտուտի տնօրեն Հրաչյա Թամրազյանի հոգեհանգստի արարողությունը: «Արմենպրես»ի հաղորդմամբ` արարողությանը ներկա էին բազմաթիվ գրողներ, արվեստագետներ, քաղաքական տարբեր կառույցների ներկայացուցիչներ, Հրաչյա Թամրազյանի հարազատները, ընկերները, նրա ստեղծագործությունների երկրպագուները:
«Իմ առաջին ուսանողներից էր. համեստ, կիրթ, նվիրված երիտասարդ: Հրաչյայի ավարտելուց հետո մտերիմ բարեկամներ դարձանք: Գիտելիքների հարուստ պաշար ուներ. շատ լուրջ էր վերաբերվում իր աշխատանքին: Գիտական խոր ուսումնասիրություններ էր կատարում միջնադարյան գրականության ոլորտում: Ինձ համար Հրաչյա Թամրազյանը մեծ բանաստեղծ էր, որի ստեղծագործությունների կարիքն այսօր կա: Նա ամբողջական պոեզիա էր ստեղծում: Արտակարգ թարգմանություններ է կատարել: Բարձր մարդկային արժանիքներ ուներ: Նրա համար կարևոր էին գրականությունը, արվեստը և մարդկային հարաբերությունները: Ես կորցրեցի իմ հոգու ընկերոջը», ընդգծեց բանաստեղծ, Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Հենրիկ էդոյանը: Գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Արքմենիկ Նիկողոսյանի համար Հրաչյա Թամրազյանն այն քիչ հայ գրողներից է եղել, որոնց բոլոր գրքերն ինքը կարդացել է և նրանց մասին դիմանկարային հոդվածներ գրել: Նիկողոսյանի խոսքով՝ Հրաչյան առաջին իսկ հանդիպումից փշրում էր բոլոր արգելքները և անմիաջական շփում հաստատում մարդկանց հետ: «Շատ ազնվազարմ տեսք ուներ. ասես մեր ժամանակների մարդ չլիներ: Եթե հոգնած, ձանձրացած, զայրացած լինեիր, Հրաչյայի կողքին նստելով, կարող էիր միանգամից հանգստանալ: Նրա մշտական որոնումները պոեզիայի անդաստանում, նրա Նարեկյան դպրոցի շուրջ արժեքավոր ուսումնասիրություններն իմ գիտական և գրականագիտական կյանքից անպակաս են եղել: Հրաչյա Թամրազյանի մահն իսկապես մեծ կորուստ է գիտական և գրականագիտական աշխարհի համար», ասաց Արքմենիկ Նիկողոսյանը: ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի գնահատմամբ՝ Հրաչյա Թամրազյանը մտավորական էր, ով մեծ դեր է խաղացել հայագիտության բնագավառում իրականացվող հետազոտությունների զարգացման գործում: «Թամրազյանը կարողացավ Մատենադարանը նոր նվաճումների հասցնել: Աշխարհի տարբեր գիտական կենտրոնների ներկայացուցիչներ հիացած էին այն ձեռքբերումներով, որոնք Մատենդարանն ունեցավ Հրաչյա Թամրազյանի տնօրինության ընթացքում: Նրա մահը բոլորիս համար մեծ կորուստ է»,նշեց Մարտիրոսյանը:
Հրաչյա Թամրազյանը ծնվել է 1953 թ. դեկտեմբերի 5-ին Երևանում։ Ավարտել է Երևանի Ն. Կրուպսկայայի անվան միջնակարգ դպրոցը, այնուհետև՝ Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1977 թ. աշխատանքի է անցել Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում` նախ որպես ավագ լաբորանտ, ապա կրտսեր ու ավագ գիտաշխատող։ Հրաչյա Թամրազյանը 1997-2007 թթ. համատեղությամբ աշխատել է որպես «Նաիրի» հրատարակչության տնօրեն և Մատենադարանի ավագ գիտաշխատող։ 1999թ. ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։ 2007 թվականից զբաղեցրել է Մատենադարանի տնօրենի պաշտոնը։ Նա բազմաթիվ մենագրությունների, գիտական հոդվածների և տարբեր ոլորտներում կատարած ուսումնասիրությունների հեղինակ էր: