ՀԱՐՑ․ Խնդրում եմ ասեք՝ օտարերկրյա քաղաքացին իրավունք ունի՞ Հայաստանի Հանրապետությունում որդեգրում կատարել։ Այսինքն՝ նա կարո՞ղ է հայ երեխայի որդեգրել։
Սիրարփի Հայրապետյան (34 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ․ Հայտնում ենք, որ հայ երեխաները կարող են որդեգրվել օտարերկրյա քաղաքացիների կամ էլ քաղաքացիություն չունեցող անձանց կողմից: Դա թույլատրվում է միայն այն դեպքում, եթե երեխան չի կարող որդեգրվել մերձավոր ազգականների կամ էլ մշտապես ՀՀ-ում բնակվող եւ Հայաստանի քաղաքացի հանդիսացող ընտանիքի կողմից:
Այն անձինք, որոնք ցանկանում են ՀՀ-ում երեխա որդեգրել, պետք է գրանցվեն որպես որդեգրող ծնողներ անձամբ կամ էլ իրենց լիազորված ներկայացուցչի միջոցով կցեն հետեւյալ փաստաթղթերը՝ իրենց համապատասխան պատճեններով.
1. Անձը հաստատող փաստաթուղթ:
2. Հավաստագիր՝ կենցաղային պայմանների վերաբերյալ:
3. Վկայական` ընտանիքի կառուցվածքի մասին:
4. Վկայական` եկամուտի եւ պաշտոնի մասին:
5. Իրավասու կազմակերպության կամ էլ առնվազն երեք անձանց կողմից տրամադրված անհատական երաշխավորագիր տվյալ անձի պատշաճ վարքագծի վերաբերյալ:
6. Բժշկական հավաստագիր, որտեղ բացակայում են հետագայում թվարկվող հիվանդությունները:
7. Ամուսնության վկայական:
8. Ամուսիններից մեկի` երեխային որդեգրելու դեպքում մյուս ամուսնու գրավոր համաձայնությունը, բացառությամբ այն դեպքերի, երբ ամուսինները դադարեցրել են ամուսնական հարաբերությունները եւ համատեղ չեն ապրում ավելի քան մեկ տարի, եւ երկրորդ ամուսնու բնակության վայրը անհայտ է:
9. Հավաստագիր՝ դատվածության վերաբերյալ:
շարունակելի
«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական ընկերություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ»․ Որդեգրված հայ երեխաների գրանցումը իրականացվում է որդեգրող ծնողների բնակության երկրում գտնվող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում եւ հյուպատոսական հաստատություններում: