Որքան էլ շոուների մեծ սիրահար և վարպետ ԱԱԾ-ն փորձում է ցույց տալ, որ քրտնաջան աշխատում է և պրոֆեսիոնալ է, այդուհանդերձ, փաստերն այլ բան են վկայում: «Սասնա ծռեր» խմբավորման կողմից հուլիսի 17-ին ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման օրվանից ի վեր շատերին հետաքրքրում է մեկ հարց` որտե՞ղ է «Հիմնադիր խորհրդարան»-ի նախագահ Գարեգին Չուգասզյանը, ով շատերի կարծիքով, պետք է խմբավորման առաջամարտիկը լիներ:
Ի դեպ, սույն անձը հետախուզման մեջ է:
Չուգասզյանն այս օրերին ընդհատակ է անցել, ժամանակ առ ժամանակ գրառումներ է կատարում սոցիալական ցանցերում կամ հարցազրույցներով հանդես գալիս և կրկին անհետանում: Նրա գտնվելու վայրը «Հիմնադիր խորհրդարան»-ում ոչ ոք չգիտի, նրանք կամ չեն խոսում, կամ շրջանցում են Չուգասզյանին վերաբերող ցանկացած հարց:
Եվ ահա, հուլիսի 17-ից օրեր անց` հուլիսի 25-ին, պարզ դարձավ, որ նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել: ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական հաղորդագրության համաձայն` Չուգասզյանը, Պավել Մանուկյանը, Գևորգ Սաֆարյանը, Ժիրայր Սէֆիլյանը և Վարուժան Ավետիսյանը մեղադրվում են դեռեւս 2015թ. ապրիլի 24-ին Երևանում զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության մեջ:
Պարզվում է՝ Գարեգին Չուգասզյանի եւ մի քանի այլ անձանց մասնակցությամբ քննչական գործողություններ իրականացնելու համար օրենքով սահմանված կարգով ուղարկվել են ծանուցագրեր, սակայն Չուգասզյանը, ում նկատմամբ՝ որպես մեղադրյալի, խափանման միջոց էր ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին, չի ներկայացել վարույթն իրականացնող մարմնին։ Եվ ահա, դատարանի որոշմամբ` մեղադրյալ Չուգասզյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Թե ինչու էին հենց այդ ժամանակ հիշել մեկ տարվա վաղեմության դեպքերը, դժվար չէ կռահել, սակայն մինչ այժմ նրան «չեն կարողանում գտնել»:
Այն, որ ԱԱԾ-ն չի կարողանում գտնել հետախուզման մեջ գտնվող անձանց այն դեպքում, երբ վերջիններս բավական ակտիվ հոդվածներ են հրապարակում և շփվում հանրության նեղ զանգվածների հետ, հայտնի էր դեռևս 2008 թվականին, երբ ընդհատակում էին գտնվում Նիկոլ Փաշինյանն ու Խաչատուր Սուքիասյանը: Վերջինս ողջ ընթացքում եղել է Գերմանիայում, և դա հայտնի է եղել, սակայն նրան հայտնաբերել և Հայաստան վերադարձնել, թերևս, չեն ցանկացել:
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի դեպքում իրավիճակը բոլորովին այլ էր: Նա մեկուկես տարի անհայտության մեջ մնաց, սակայն Հայաստանում էր: Պատգամավորի և Գարեգին Չուգասզյանի տարբերությունն այս դեպքում այն է, որ Փաշինյանը միայն հոդվածներ է հրապարակել և լրագրողների կամ հարազատների հետ կոնտակտի դուրս չի եկել: Փաշինյանը ողջ ընթացքում գտնվել է Հայաստանում, իսկ Չուգասզյանի գտնվելու աշխարհագրական վայրը ևս հայտնի չէ:
Հետաքրքիրն այն է, որ այն ժամանակ նույնիսկ հատուկ սարք էին ներկրել Հայաստան, որը հնարավորություն էր տալիս մարդուն նույնականացնել ձայնի հետ, սակայն դա էլ հնարավարություն չտվեց գտնել Փաշինյանին, քանի որ վերջինս ուղղակի ձեռնպահ էր մնում որևէ մեկի հետ շփումից: Հավելենք, որ նրա հանձնվելու պատմությունը ևս հետաքրքիր է. բոլորի համար անսպասելի Փաշինյանը փողոցով անցավ` կրելով գլխարկ և ակնոց, հասավ ՀՀ Դատախազության շենք և հանձնվեց:
Այժմ էլ ԱԱԾ-ն ջանք ու եռանդ չի «խնայում» Գարեգին Չուգասզյանին գտնելու համար: Վերջինս ժամանակ առ ժամանակ ակտիվանում է համացանցում, հարցազրույցներ տալիս, հոդվածներ հրապարակում, սակայն ԱԱԾ-ն կրկին անզոր է: Այստեղ հարցերը բազմաթիվ են. կա´մ ԱԱԾ-ն իսկապես չի կարողանում գտնել նրան, կա´մ էլ չի ցանկանում այս պահին դա անել, քանի որ ընդհատակում գտնվելով` Չուգասզյանը նրանց ավելի պիտանի կարող է լինել:
Մեզ մնում է սպասել առաջիկա զարգացումներին…
Նաիրա Հովհաննիսյան