ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻՆ Ի՞ՆՉ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ԵՆ ՏՎԵԼ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր սեպտեմբերի 1-ն է, գիտելիքի օրը: «Ժողովուրդ»-ը ՀՀ կառավարության անդամներից փորձել է պարզել՝ հիշում են իրենց ուսուցչուհու տված կյանքի առաջին խորհուրդը եւ արդյոք այն կիրառել են:

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյան
-Պարո՛ն Թաթոյան, հիշո՞ւմ եք, թե Ձեր ուսուցչուհին ինչ կյանքի խորհուրդ տվեց Ձեզ, եւ կիրառեցի՞ք այն, թե՞ ոչ:
-Այ, դժվար հարց եք տալիս: Մի բան հաստատ եմ հիշում, որ կապված էր նոր կյանք մտնելու եւ հաջողությունների հետ, իհարկե: Ես դրանից հետո էլի հանդիպել եմ իմ ուսուցչին եւ դարձյալ քննարկել ենք այդ բոլոր հարցերը:
-Կոնկրետ կհիշեք խորհուրդներից մեկը, օրինակ՝ ասում են՝ լավ սովորեք, որ լավ մարդ դառնաք: Ձեզ կոնկրետ ի՞նչ ասացին:
-Դե, լավ սովորելը՝ բնականաբար: Գիտեք, այն ժամանակ Խորհրդային Միություն էր, եւ այդ առումով չափազանց կարեւոր էր ե՛ւ լավ սովորելը, ե՛ւ դրանից բացի՝ մշտապես բարոյական սկզբունքներին հավատարիմ մնալը:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արամ Թամազյան
-Պարո՛ն Թամազյան, կոնկրետ կասեք, թե Ձեր ուսուցչուհին ի՞նչ կյանքի խորհուրդ տվեց Ձեզ, եւ արդյո՞ք հետեւեցիք այդ խորհրդին:
-Իմ առաջին ուսուցչուհու անուն-ազգանունը Մայրանուշ Խառատյան է, որին ես շատ-շատ պարտական եմ: Նա նաեւ մեր դասղեկն էր առաջին, երկրորդ դասարանում: Պարտական եմ, որովհետեւ այբուբենը իրենից ենք սովորել, տառերը իրենից ենք սովորել, վայելչագրության հիմքը այդտեղ է դրվել: Չեմ հիշում՝ ինչ պատգամներ է արել, որովհետեւ առաջին դասարանում այդպես պատգամներ չեն անում: Հետագայում ուսուցիչներից շատ են խորհրդատուներ եղել, եւ ես մշտապես աշխատել եմ ընդունել:
-Օրինակ՝ ո՞ր խորհուրդներն ընդունեցիք:
-Լինել ազնիվ, որքան հնարավոր է, դա էլ, գիտեք ինչ, բացարձակ մեծություն չէ, բայց որքան հնարավոր է լինել ազնիվ:
-Իսկ լա՞վ եք սովորել:
-Շատ լավ, գերազանց:
-Բոլորը սեպտեմբերի 1-ին նոր զգեստներով են գնում դպրոց: Օրինակ՝ եղե՞լ է սեպտեմբերի 1, որ Ձեր նախորդ տարվա հանդերձանքով եք գնացել դպրոց:
-Ասեմ Ձեզ, իմ ծնողները սովորական մարդիկ են եղել, այսպես, բարձր պաշտոններ չեն զբաղեցրել, չնայած ես հպարտացել եմ իմ պապով, որը եղել է Կոմիտասի աշակերտներից, ուսունել է Հրաչյա Աճառյան, Մանուկ Աբեղյան, Ասքանազ Մռավյան.. այս խմբի հետ եղել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժ: Լենինի շքանշան է ստացել դեռեւս 40-ական թվականներին, երբ եզակի էին այդ բարձր պարգեւները, եւ ես միշտ աշխատել եմ բարձր պահել իմ պապիկի, նրա ժառանգների՝ իմ ծնողների պատիվը:

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյան
-Պարո՛ն Գրիգորյան, հիշո՞ւմ եք, թե Ձեր ուսուցչուհին ի՞նչ կյանքի խորհուրդ տվեց Ձեզ, եւ արդյոք կիրառեցիք այն:
-Գիտեք, խնդիրը նա է, որ այդ օրը բոլորիս համար հիշողություն է, օգտվելով առիթից՝ ուզում եմ շնորհավորել առաջին դասարանցիների նորամուտը եւ, ընդհանրապես, բոլոր աշակերտներին, ինչպես նաեւ ուսուցիչներին: Բնականաբար, հիշողություններ շատ կան, բայց այդ մասին հետո կխոսենք:
-Իսկ լա՞վ եք սովորել:
-Դուք կարող եք իմ ուսուցիչներից հարցնել, Փառք Աստծո, մինչեւ հիմա ապրում են:
-Այսինքն՝ որեւէ մտավախություն չունեք, որ նրանք այլ բան կասեն կամ Ձեր ատեստատը կհրապարակեն:
-Չէ, կարող եք ազատ հրապարակել ատեստատս, դա բաց է:

ՀՀ կրթության եւ Գիտության նախարար Լեւոն Մկրտչյան
-Պարո՛ն Մկրտչյան, հիշում եք՝ սեպտեմբերի 1-ին Ձեր ուսուցիչներն ի՞նչ կյանքի խորհուրդ տվեցին, եւ արդյո՞ք կիրառեցիք այն:
-Ես էդպես խորհուրդ չեմ հիշում, բայց հիշում եմ իմ ուսուցչից ամենամեծ բանը, որ սովորել եմ, երեւի դա բարությունն է:
-Դրանից հետո միշտ բարի՞ եք եղել:
-Փորձում եմ:
-Լա՞վ եք սովորել:
-Լավ:
-Ասում են՝ Ձեր ատեստատում այլ թվանշաններ կան, եթե հրապարակվի…
-Չէ, այն ժամանակվա համեմատ գերազանցիկ եմ եղել:
-Իսկ եղե՞լ է սեպտեմբերի 1, որ Ձեր նախորդ տարվա հանդերձանքով եք գնացել դպրոց:
-Չէ՛, չէ՛, չի եղել, միշտ նոր զգեստեր են եղել:

ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյան
-Հիշո՞ւմ եք, թե ի՞նչ կյանքի խորհուրդ է տվել Ձեր առաջին ուսուցչուհին:
-Վայ, անկեղծ ասած՝ չեմ հիշում, հիշում եմ՝ ոնց գնացի, տատիկս էր ձեռքս բռնած տարել, ու գիտեք, այնպիսի տպավորություն էր, որ նոր որակ ձեռք բերվեց: Դա է տպավորվել:
-Լա՞վ եք սովորել:
-Այո՛:
-Իսկ եթե այսօր հրապարակվի Ձեր ատեստատը, կարմրելու առիթ չեք ունենա՞:
-Չէ՛, գերազանցիկ էի:
-Իսկ եղել է սեպտեմբերի 1, որ տխրեք՝ նոր հանդերձանքով դպրոց չգնալու պատճառով:
-Չեմ հիշում, անկեղծ ասած, որ նման խնդիր ունենամ:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյան
-Հիշո՞ւմ եք ուսուցչի կողմից Ձեզ տրված կյանքի առաջին խորհուրդը, եւ արդյո՞ք այն կիրառեցիք:
-Երկու հրաշալի ուսուցչուհի եմ ունեցել հենց առաջին դասարանում, երկուսն էլ լուսահոգի են: Կարծում եմ՝ ամենամեծ խորհուրդը այն է, որ երբեք հույսդ չդնես սեփական տաղանդիդ վրա, պետք է աշխատես:
-Կիրառեցի՞ք:
-Ամբողջ կյանքում կիրառում եմ եւ շնորհակալ եմ իրենց, որ այդ խորհուրդը տվել են: Ես ապրում եմ այդ խորհրդով, քանի որ առանց աշխատասիրության ոչինչի չես կարող հասնել:
-Երբեւէ եղել է, որ սեպտեբերի 1-ին տխուր լինեք՝ նախորդ տարվա հանդերձանքով դպրոց գնալու պատճառով:
-Փառք Աստծո, ես մեր տան 10-րդ զավակն եմ, եւ ինձնից ավագ եղբայրներս, քույրերս, հայրս, մայրս ինձ այդպիսի վիճակի մեջ չեն թողել, բայց նաեւ շատ կարեւոր է, որ 10-րդ զավակ նշանակում է այդպիսի ամբիցիաներ չունենալ, ապրել ընտանիքում, որտեղ յուրաքանչյուրը կարող է մյուսի հագուստից օգտվել՝ ըստ տարիքային խմբերի: Այնպես որ այդ առումով չեմ հիշում, համենայնդեպս, այդպիսի դեպք, քանի որ սեպտեմբերի 1-ին նախորդում էր գյուղական վայրից դեպի կենտրոն գնալ, առեւտուր անելը:
-Լա՞վ եք սովորել:
-Դպրոցն ավարտել եմ մեդալով:
-Իսկ եթե Ձեր ատեստատը հրապարակվի, վստա՞հ եք, որ այլ պատկեր չենք տեսնի:
-Չէ՛, անշուշտ:

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյան
-Ի՞նչ կյանքի խորհուրդ տվեցին Ձեզ ուսուցիչները, եւ արդո՞ք հետեւեցիք այդ խորհրդին:
-Չեմ հիշում այդ խորհուրդները:
-Ոչ մեկը չեք հիշո՞ւմ:
-Բայց հետաքրքիր է՝ ինչ-որ մեկը կա, որ հիշում է այդ առաջին խորհուրդը: Ընդհանուր ինչ-որ բաներ ենք հիշում:
-Օրինակ:
-Չգիտեմ, հիմա դպրոցներում կիրառում են, թե ոչ, որ անպայման ձեռքերը պետք է դնենք մեջքի հետեւում:
-Արե՞լ եք:
-Հա, դե այն ժամանակ ստիպում էին, հետո որ սուս մնանք, խելոք մնանք, չխոսանք:
-Սուս մնացի՞ք, խելոք մնացի՞ք:
-Դե, առաջին դասարանի երեխան ոնց կարող է չկիրառել:
-Լա՞վ եք սովորել:
-Եթե գիտեք՝ համալսարանին կից ֆիզմաթ դպրոցն եմ ավարտել, որը Հայաստանում համարվում էր համար առաջին դպրոցը: Այսօր էլ այդ դպրոցը բարձրակարգ լավ որակով երեխաներ են ավարտում: Ֆիզմաթ դպրոցը, որտեղ ես սովորում էի, այն ժամանակ գիշերօթիկ էր, դասերից հետո երեւանցիները մնում էին մինչեւ ժամը 4-5, դասատուների հետ դասերն էինք սովորում, իսկ շրջանի երեխաները գիշերը մնում էին այնտեղ: Ես ասեմ՝ դպրոցը լավն էր, բավականին շատ գիտելիքներ է տվել ինձ բացի նրանից, քանի որ ֆիզմաթ էր, ճարտար լեզու չունեմ, ընդամենը էդքան բան:
-Կհիշեք մեկ սեպտեմբերի 1, երբ նախորդ տարվա հանդերձանքով գնացիք ու շատ տխրեցիք:
-Գիտեք, չեմ հիշում, հիշում եմ մեկ բան, որ պատրաստվում էինք այն ժամանակ շորերի հետ կապված մի քանի տոնի՝ սեպտեմբերի 1-ն էր, նոր տարին էր եւ մայիսի մեկն էր. բոլորս պատրաստվում էինք այդ տոնին նոր շորերով, որպեսզի ներկայանայինք շքերթին:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 

«ԳԱԶԻ ՄԱՐԴԿԱՆՑՈՎ»
«Ժողովուրդ»-ը դեռեւս օգոստոսի 3-ին գրել էր, որ «Գազպրոմ Արմենիայի» Շիրակի մասնաճյուղի մի քանի աշխատակիցներ տեղ են զբաղեցնելու նախկին ՕԵԿ-ական, այժմ վերածնված Հովհաննես Մարգարյանի գլխավորած Գյումրիի ավագանու թեկնածուների ցուցակում: Եւ չնայած որ այդ օրերին ինքը՝ Հովհաննես Մարգարյանը, հավաստիացնում էր, թե միանշանակ չէ՝ ովքեր են լինելու իրենց ցուցակում, սակայն այժմ արդեն «Ժողովուրդ»-ի հրապարակումը փաստացի հաստատվեց: «Ժողովուրդ»-ը ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքէջից տեղեկացավ, որ «Հայկական վերածնունդ» կուսակցության ավագանու թեկնածուների ցուցակի չորրորդ համարը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ իրացման բաժնի ճարտարագետ, չափագետ Ավետիս Առաքելյանն է (վերջինս Գյումրու նախկին քաղաքապետ ՀՀԿ-ական Վարդան Ղուկասյանի փեսան է), 5-րդ համարը Շիրակի գազաֆիկացման-գազամատակարարման մասնաճյուղի փականագործ Հենրիկ Պողոսյանն է, ավագանու թեկնածուների 28-րդ հորիզոնականում էլ հանգրվանել է «Գազպրոմ Արմենիա» Շիրակի մասնաճյուղի ճարտարագետ Ոսկան Մարտիրոսյանը:

 

 

ՓՈՂ ԼԻՆԻ, ԾԱԽՍԵՆ
Հայաստանի ընթացիկ տարվա պետական բյուջեից երիտասարդական ծրագրերի համար նախատեսվել է 819 միլիոն 322 հազար դրամ, որից երեկվա դրությամբ արդեն ծախսվել է 461 միլիոն 879 հազար դրամը: Նշենք, որ նշված գումարից 92 միլիոն դրամը նախատեսվել է հատկացնել ՀՀ սփյուռքի նախարարության կողմից կազմակերպվող «Արի տուն» ծրագրի ֆինանսավորման համար: Այդ գումարից 60 միլիոն դրամն արդեն իսկ ծախսվել է: Շուրջ 12 միլիոն դրամ էլ նախատեսվել է Հայաստանում ինտելեկտուալ խաղերի զարգացմանը խթանելու համար, որից արդեն ծախսվել է 8 միլիոն դրամը: Հարկ է նշել, որ երիտասարդական ծրագրերի համար նախատեսված ընդհանուր գումարից 8 միլիոն պետք է հատկացվի թրաֆիքինգի դեմ պայքարին: Այդ գումարից, սակայն, դեռ ոչ մի ծախս չի կատարվել:

 

 

ԽՈՍՏԱՑԵԼ ԵՆ ՔՆՆԱՐԿԵԼ
Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սէֆիլյանի գործով հունիսի 1-ից կալանավորված Ներսես Պողոսյանի մայրը` Սաթենիկ Պողոսյանը, հայտարարել էր, որ ամեն քայլի կգնա՝ արդարության հասնելու եւ որդու ազատմանը հասնելու համար: Երեկ մեզ հայտնի դարձավ, որ Սաթենիկ Պողոսյանը ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանից խնդրել է իրեն օգնել՝ վերականգնելու որդու ոտնահարված իրավունքները: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տիկին Սաթենիկն ասաց, որ արդարադատության նախարարությունից իրեն գրավոր պատասխանել են, թե դիմումը քննարկվում է, որի արդյունքների մասին իրեն կտեղեկացնեն:




Լրահոս