ՎԱՆԱՁՈՐՈՒՄ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ ՉԵՆ ՏՎԵԼ, ՄԵՂԱՎՈՐԸ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վանաձորում հոկտեմբերի 2-ին կայանալիք ընտրություններին իշխող ՀՀԿ-ն մասնակցում է նոր թեկնածուով: Մինչդեռ կյանքը ցույց տվեց, որ այնտեղ գործունեություն ծավալող ՀՀԿ-ական քաղաքապետ Սամվել Դարբինյանն ուղղակի ձախողել է աշխատանքը: Հետեւաբար, վանաձորցին պետք է ինքն իրեն հարց տա. ինչո՞ւ պետք է ՀՀԿ-ն կրկին հաղթի այդ քաղաքում:

Հիշեցնենք, որ տեւական քննարկումներից հետո Հանրապետական կուսակցությունը որոշեց, որ կուսակցության ընտրացուցակը գլխավորելու է ՀՀ Լոռու մարզի «Վանաձոր» նոտարական գրասենյակի նոտար Մամիկոն Ասլանյանը: Թե ինչ հաջողություն կգրանցի Ասլանյանը, դեռ վաղ է ասել, բայց նրա՝ չափից ավել ինքնավստահությունը փոքր-ինչ կասկածահարույց է:
Տեղեկացնենք, որ Ասլանյանի իմիջի կերտմամբ ու շտաբի քարոզչական հարցերով դարձյալ զբաղվում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ինչպես Հրազդանի ընտրությունների դեպքում:
Իսկ ի՞նչ գործունեություն ծավալեց եւ ի՞նչ հաջողություններ ունեցավ Վանաձորի գործող ՀՀԿ-ական քաղաքապետ Սամվել Դարբինյանը: Ինչպես հայտնի է՝ նա պարզապես տապալել է իրեն վստահված աշխատանքները՝ ասֆալտապատումից սկսած, աղբահանություն, կադրային քաղաքականություն եւ այլն: Ստորեւ ներկայացնում ենք Վանաձորում առկա դժգոհությունների մի մասը միայն:
Տեւական ժամանակ է, ինչ «Ժողովուրդ» օրաթերթը ահազանգեր է ստանում ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի մի քանի մանկապարտեզների աշխատակիցներից: Նրանց պատմելով՝ Վանաձորի քաղաքապետարանը իրենց աշխատավարձերը չի վճարել:
Նշենք, որ Վանաձոր քաղաքում գործում է 20 մանկապարտեզ: «Ժողովուրդ»-ին դիմած մանկապարտեզների աշխատակիցների պատմելով՝ իրենք չեն ստացել հուլիսի աշխատավարձը, իսկ օգոստոսի աշխատավարձի մասին անգամ չեն էլ մտածում: Դժգոհող աշխատակիցների խոսքերով՝ Վանաձորի մի քանի մանկապարտեզների աշխատակիցներն են միայն ստացել իրենց աշխատավարձերը, իսկ շատերը՝ ոչ: «Քաղաքապետին ինչպես հարմար է, այնպես էլ վարվում է: Եւ ոչ մի բացատրություն: Իսկ մենք կոմունալ վճարումներ ունենք անելու, ընտանիք պետք է կերակրենք: Չեն էլ պատճառաբանում, թե ինչու չեն վճարում: Հավանաբար գումար չունեն»,- «Ժողովուրդ»-ին դժգոհելով՝ պատմեց Վանաձորի մանկապարտեզներից մեկի աշխատակիցը, ով հարգելի պատճառներով չներկայացավ:
Քանի որ քաղաքապետ Սամվել Դարբինյանն իրեն արդեն համարում է նախկին քաղաքապետ եւ բոյկոտում է համայնքի կառավարումը, ուստի խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց քաղաքապետի տեղակալ Լորիկ Սարդարյանի հետ: Վերջինս հաստատեց այն տեղեկությունը, ըստ որի՝ որոշ մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերը վճարվել է, իսկ մի մասինը՝ ոչ: Ինչու աշխատավարձերը չեն վճարվել հարցին, փոխքաղաքապետ Սարդարյանը կարճ պատասխանեց. «Գումար չկա: Հուլիս ամսվա աշխատավարձը մանկապարտեզների մեծ մասը ստացել է: Վանաձորի 20 մանկապարտեզներից միայն 6-ի աշխատակիցները չեն ստացել իրենց աշխատավարձերը, իսկ օգոստոսը դեռ չի ավարտվել, որ ստանան»:
«Ժողովուրդ»-ի հարցին՝ ի վերջո, ե՞րբ են վճարվելու մարդկանց աշխատավարձերը, փոխքաղաքապետը արդարացավ. «Դեռեւս 2013 թվականին նվազագույն աշխատավարձը 5000 դրամով բարձրացվեց, եւ կառավարությունը ընդամենը մեկ տարվա փոխհատուցում արեց, իսկ մյուս տարիներինը ոչ, ինչի հետեւանքով էլ այս իրավիճակը ստեղծվեց»: Վանաձորցի պաշտոնյայի ներկայացմամբ՝ աշխատողների թվաքանակը, մուտքերը նույնն են մնացել, բայց բեռը ավելացել է: «Մեր համակարգի 1200 աշխատողից 1000-ը նվազագույն աշխատավարձ է ստանում, դե, պատկերացրեք, որ այդ 5000 դրամականները ինչ հսկայական գումար է կազմում: Այս հարցով դիմել ենք կառավարություն, քանի որ ինքնակառավարման մասին օրենքի համապատասխան կետով պետք է առաջացած ծախսերի համար պատասխան տա ծախսը բարձրացնող մարմինը: Վճարեք այդ գումարները, որպեսզի մենք աշխատավարձ տանք: Երբ այդ գումարները մեզ կտան, հույս ունենք, որ կտան, որովհետեւ արդեն խոստումներ կան, հետեւաբար մենք էլ կկարողանանք ժամանակին աշխատավարձեր տալ»,- ներկայացրեց Սարդարյանը:
Այսպիսով՝ Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմը մանկապարտեզների աշխատողների աշխատավարձերի չվճարելու մեղքը գցում է կառավարության վրա: Մինչդեռ մանկապարտեզների ֆինանսավորումը բոլոր համայնքներում իրականացվում է համայնքապետարանների կողմից եւ կառավարության վրա մեղքը բարդելը, մեղմ ասած, սխալ է: Թեեւ մյուս կողմից, եթե դիտարկում ենք ՀՀԿ-ին մի ամբողջության մեջ, ապա պետք է արձանագրենք, որ կուսակցության կողմից առաջադրված քաղաքապետի թեկնածուն մեղքը բարդում է կուսակցության առավել բարձր էշելոնում կանգնածների վրա: Այնպես որ, ՀՀ քաղաքացին ունի դժգոհության մեկ օբյեկտ՝ ՀՀԿ-ն:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ԹՎԻ ԱՃՆ ՈՒ ՆՎԱԶՈՒՄԸ
Խորհրդային Միության փլուզումից, Հայաստանի անկախացումից հետո մեր երկրից, այդ թվում Տավուշի մարզից մեծ արտագաղթի հետեւանքով հանրակրթական դպրոցների աշակերտների թիվը խորհրդային ժամանակաշրջանի համեմատ խիստ նվազել է: 2008-2009 ուսումնական տարում մարզի հանրակրթական դպրոցների աշակերտների թիվը 17 553 էր, 2009-2010 ուսումնական տարում՝ 17 400: Աշակերտների քանակի մեծ անկումից հետո վերջին մի քանի տարիներին մարզի հանրակրթական դպրոցների աշակերտների քանակը թեեւ դանդաղ, սակայն աճում է: Ըստ Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանի՝ 2014-2015 ուսումնական տարում մարզի հանրակրթական դպրոցների աշակերտների թիվը եղել է 15777, 2015-2016 ուստարում՝ 15868: Նախատեսվում է, որ նոր՝ 2016-2017 ուստարում Տավուշի մարզի 81 հանրակրթական դպրոցներում կսովորի 16181 աշակերտ: Կարեն Նազարյանը հայտնեց, որ աշակերտների թվի փոքր փոփոխություններ լինում են, քանի որ մինչեւ սեպտեմբերի 5-ը դասարաններ են ձեւավորվում, աշակերտների տեղափոխություններ են լինում: 2014-2015 ուստարում մարզում առաջին դասարանցիների թիվը եղել է 1485, 2015-2016 ուստարում՝ 1737, 2016-2017 ուստարում՝ 1792: Վերջին տարիներին ավելացել է նաեւ դպրոցների դասարանների թիվը: 2014-2015 ուստարում մարզի դպրոցներն ունեցել են 914, 2015-2016 ուստարում՝ 921 դասարան: Նոր՝ 2016-2017 ուստարում Տավուշի մարզի դպրոցները կունենան 931 դասարան: Աշակերտների թվի աճին հակառակ մարզի դպրոցներում նվազել է ուսուցիչների թիվը: 2014-2015 ուստարում Տավուշի հանրակրթական դպրոցներն ունեցել են 2255, 2015-2016 ուստարում՝ 1893, նոր ուսումնական տարում՝ 1880 ուսուցիչ:
Տավուշի մարզում աշակերտների թվաքանակի աճն ուրախացնում է, սակայն մտահոգիչ է մի հանգամանք: Սահմանամերձ գյուղերի դպրոցներում աշակերտների թիվը տարեցտարի նվազում է: Խիստ նվազել է սահմանամերձ Բարեկամավանի, Կոթիի, Ոսկեպարի, Մովսեսի, Չինարի Բերքաբերի եւ սահմանամերձ այլ գյուղերի դպրոցների աշակերտների քանակը: Կյանքի ծանր պայմանների, ադրբեջանական գնդակոծություների հետեւանքով այդ գյուղերի բնակիչները՝ իրենց դպրոցահասակ երեխաների հետ, հեռանում են սահմանամերձ գյուղերից: Որոշ դեպքերում սահմանամերձ գյուղերից տեղափոխվածները բնակություն են հաստատում Տավուշի մարզի՝ ադրբեջանական գնդակոծություններից համեմատաբար ապահով բնակավայրերում: Օրինակ՝ անցյալ տարի Կոթիից տեղափոխված աշակերտների մի մասը դպրոց հաճախեց Նոյեմբերյան քաղաքում: Տավուշի մարզի աշակերտների քանակը դանդաղ աճում է, իսկ սահմանամերձ դպրոցներում սովորողների թիվը՝ արագ նվազում:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 
ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐՆ ՈՒ ԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԸ՝ ԱՎԱԳԱՆՈՒ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐ

Վանաձորի ՏԻՄ ընտրություններում ներկայացված գրեթե բոլոր քաղաքական ուժերի ցուցակներում առկա են բազմաթիվ գործազուրկներ ու թոշակառուներ: Այսպես՝ ՀԱԿ կուսակցության ցուցակը բաղկացած է 35 հոգուց, որից 24-ը որեւէ տեղ չի աշխատում: ՀԱԿ ցուցակը գլխավորում է Ռուբեն Ոսկանյանը՝ «Ներուժ» ՍՊԸ տնօրենը:

Գործազուրկների ու թոշակառուների պակաս չկա նաեւ «Համախմբում» կուսակցությունում: Այս նորաստեղծ քաղաքական ուժի ավագանու ցուցակը բաղկացած է 33 հոգուց, որոնցից 15-ը գործազուրկ է, 3-ը թոշակառու: Ցուցակը գլխավորում է Վանաձորի պետական համալսարանի դասախոս Վահան Ղույումչյանը:
Աշխատանք չունեցողները քիչ չեն նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակում, որը գլխավորում է Վանաձոր համայնքի ավագանու անդամ Արամ Խաչատրյանը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում աշխատանքի որեւէ վայր նշված չէ 11 թեկնածուների դեպքում:
Գործազուրկների մեծ բանակ է տեղ գտել նաեւ «Հայկական վերածնունդ» կուսակցության ցուցակում, որի առաջին հորիզոնականում Վանաձոր համայնքի ավագանու անդամ Արկադի Փելեշյանն է: 70 հոգուց բաղկացած ցուցակից 43-ը գրանցվել է որպես գործազուրկ:
ԲՀԿ-ի 28 հոգուց բաղկացած ցուցակում գործազուրկ է 12 հոգի: ԲՀԿ ցուցակի առաջին հորիզոնականում Վանաձորում հայտնի բժկուհի, ավագանու նախկին անդամ Այծեմիկ Օհանյանն է:
ՀՅԴ-ի ցուցակում էլ 7 հոգի է գործազուրկ: Ցուցակը գլխավորում է Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի աշխատակից Նելսոն Մամուլյանը:
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակում տեղ գտած 35 թեկնածուներից բոլորն էլ կարծես թե ապահովված մարդիկ են՝ բիզնես եւ այլ ոլորտների ներկայացուցիչներ: Կուսակցության ղեկավարը Էդմոն Մարուքյանն է, ցուցակի առաջին տեղում՝ նրա եղբայրը՝ Քրիստ Մարուքյանը:
4 գործազուրկ թեկնածու էլ տեղ է գտել Հայաստանի Հանրապետական կուսակցության ցուցակում, որը գլխավորում է Վանաձորի նոտար Մամիկոն Ասլանյանը:

ԼԻԼԻԹ ԱՎԵՏԻՍՅԱՆ




Լրահոս