ԳՈՐԾԱՐԱՐԸ ԹՅՈՒՐԻՄԱՑԱԲԱ՞Ր Է ԱՌԱՋԱԴՐՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում սեպտեմբերի 18-ին տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններ, որոնց հետ կապված բավականին զավեշտալի իրավիճակ է ստեղծվել. առաջադրված թեկնածուներից մեկը պնդում է, որ տեղյակ չէ իր առաջադրման մասին:

Նշենք, որ Ապարանի քաղաքապետի պաշտոնի համար առաջադրվել են 4 թեկնածու՝ Ապարանի գործող ՀՀԿ-ական քաղաքապետ Գոռ Աբրահամյանը, ՀՀԿ-ական Տիգրան Եղիազարյանը, «Ապարան» պանրի գործարանի տնօրեն, անկուսակցական Տիգրան Հովհաննիսյանը եւ «Ապարան գրուպ» ՍՊԸ-ի տնօրեն, անկուսակցական Էդգար Փարվանյանը: «Ժողովուրդ»-ը ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքէջից տեղեկացավ, որ Տիգրան Եղիազարյանը ինքնաբացարկ է հայտնել, իսկ «Ապարան» պանրի գործարանի տնօրեն Տիգրան Հովհաննիսյանի դիմումը մերժվել է, ինչի պատճառով վերջինս չի կարող մասնակցել ՏԻՄ ընտրություններին:
«Ժողովուրդ»-ը կապ հաստատեց Տիգրան Հովհաննիսյանի հետ՝ զրուցելու համար նրա մերժման պատճառների շուրջ: Սակայն պարզվեց, որ վերջինս նույնիսկ տեղյակ չէր, որ ինքը Ապարանի քաղաքապետի պաշտոնում որպես քաղաքապետի թեկնածու է առաջադրվել. «Ես չեմ առաջադրվել եւ ոչ էլ մերժվել եմ: Նման բան չկա»:
«Ժողովուրդ»-ի հարցին՝ եթե չի առաջադրվել, ապա ինչպե՞ս է նրա անուն-ազգանունը հայտնվել ԿԸՀ թեկնածուների մասին տեղեկատվական ցանկում, Հովհաննիսյանը պատասխանեց. «Չգիտեմ: Ես միտք էլ չեմ ունեցել քաղաքապետի պաշտոնի համար նույնիսկ թեկնածություն առաջադրել: Ես միայն կարող եմ ասել, որ Տիգրան Եղիազարյանի փոխարեն են իմ անուն-ազգանունը այդտեղ գրել: Նման բան է եղել: Ժամանակ էլ չունեմ, որ գնամ, պարզաբանեմ»:
Չնայած Տիգրան Հովհաննիսյանի հայտարարություններին՝ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի թիվ 14 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Ոսկանյանը հակառակն է պնդում: Վերջինս «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց հետեւյալը. «Կոնկրետ Տիգրան Հովհաննիսյանի դիմումը մերժվել է անհրաժեշտ վճարումները չկատարելու պատճառով: Մենք իր դիմումն ունենք եւ իրեն 48 ժամ ժամանակ ենք տվել, որպեսզի վերջինս իր գրավը մուծի: Չի մուծել, եւ մենք մերժել ենք նրա դիմումը: Մենք ունենք իր դիմումը՝ առաջադրման վերաբերյալ, բայց առանց գրավի»: Նրա խոսքերով, նույնիսկ կա ներկայացված որոշում այն մասին, որ Տիգրան Հովհաննիսյանին տրվել է 48 ժամ ժամանակ, որպեսզի առաջադրման համար անհրաժեշտ մյուս բոլոր փաստաթղթերը ներկայացնի: Թիվ 14 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի պատմելով՝ Հովհաննիսյանը պակաս փաստաթղթերը չի ներկայացրել: «Մենք օգոստոսի 24-ին մերժել ենք նրա դիմումը, քանի որ չի ունեցել համապատասխան թղթերը: Այն, որ ինքը հերքում է, թե չի առաջադրվել, դա չի համապատասխանում իրականությանը: Ես վստահեցնում եմ, որ ունեմ իր կողմից ներկայացված դիմումը առաջադրման համար: Նույնիսկ հաշվառման վերաբերյալ անձնագրայինից տեղեկանք կա մեզ ներկայացված»,- ներկայացրեց Մ. Ոսկանյանը:
Այս ամենի արդյունքում՝ ստացվում է, որ գործող ՀՀԿ-ական քաղաքապետ Գոռ Աբրահամյանը ունի մեկ մրցակից՝ Էդգար Փարվանյանը: Նշենք, որ Ապարանի քաղաքապետ Գոռ Աբրահամյանը 2005 թվականին այդ պաշտոնը ստանձնեց բավականին սկանդալային իրավիճակում՝ ստիպելով իր համաքաղաքացիներին ոտքի կանգնել, ըմբոստության ցույցեր անել, անգամ փորձել փակել միջպետական ճանապարհը: Եւ հիմա Գոռ Աբրահամյանն էլի է ցանկանում քաղաքապետ դառնալ: Եւ ինչո՞ւ չցանկանա, երբ այդպես է ցանկանում նաեւ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը, իսկ վերջինիս համար Ապարանը յուրատեսակ սեփականություն է, որտեղ ինքն է որոշում, թե ով է լինելու քաղաքապետ: Հուսանք՝ գործարար Տիգրան Հովհաննիսյանին հենց այս փաստը չի շփոթության մեջ գցել ու խանգարել քաղաքապետի պաշտոնի համար առաջադրվելու հարցում:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս