ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ ՄԵԿՆՈՒՄ ԱՐՏԵՐԿԻՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին մասնակցող թեկնածուներն արդեն իսկ սկսել են անմիջականորեն ներգրավվել պետության արտաքին քաղաքականության մեջ: Սա ավանդույթ է, եւ կարելի է ասել՝ պարտադիր պայման այս գերտերության նախագահության թեկնածուների համար` մինչեւ քվեարկությունը այցելել հատկապես այն երկրներ, որոնք Միացյալ Նահանգների հետ առավել բարձր կարգի հարաբերություններ ունեն: Հետաքրքիր է, որ այս առումով Հայաստանը նույնպես բացառություն չէ, եթե նկատի ենք ունենում 2008թ. նախագահական ընտրություններից առաջ Սերժ Սարգսյանի ու Լեւոն Տեր-Պետրոսյանի արտասահմանյան խորհրդավոր այցելությունները:

Շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու, գործարար Դոնալդ Թրամփը բոլորի համար անակնկալ այցելեց Մեքսիկա: Հատկանշական է, որ Թրամփի եւ Մեքսիկայի քաղաքական վերնախավի հարաբերությունները համերաշխ որակել պարզապես անկարելի է: Թրամփը ավելի քան մեկ տարի է, ինչ հրապարակավ քարոզում է Մեքսիկայից ԱՄՆ ապօրինաբար թափանցած ներգաղթյալներին պատժելու, նրանց հետ ուղարկելու քաղաքականությունը: Գործարարը, թերեւս, ԱՄՆ նախագահության թեկնածուների մեջ ամենածայրահեղականը տրամադրված լինելով անօրինական ներգաղթյալների նկատմամբ՝ նույնիսկ հայտարարել եւ այսօր էլ կրկնում է, որ ԱՄՆ-Մեքսիկա սահմանի ողջ երկայնքով պետք է կառուցել մի մեծ պատ: Վերջինս, ըստ այդմ, պետք է արգելք հանդիսանա անօրինական ներգաղթի համար եւ լուծի ԱՄՆ-ի սոցիալ-տնտեսական հարթության սուր հարցերից մեկը: Հատկանշական է, որ եթե նախորդ նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության թեկնածու Բարաք Օբաման խոստանում էր Լատինական Ամերիկայից ապօրինաբար ԱՄՆ թափանցած եւ աշխատանք գտած, ընտանիք կազմած քաղաքացիներին երկրում ապրելու օրինական իրավունք տալ, ապա նույն հարցի նկատմամբ Թրամփը արմատապես հակառակ է տրամադրված` առաջարկելով խիստ մեթոդներով կանգնեցնել ապօրինի ներգաղթը եւ երկրից վտարել ապօրինի ներգաղթյալներին:
Թրամփի դիրքորոշումը հանդիպում է նույնիսկ ապօրինի ներգաղթի դեմ արմատական տրամադրություններ ունեցող մյուս հանրապետականների անհամաձայնությանը: Ցանկանալով հանդերձ կասեցնել անօրինական ներգաղթյալների հոսքը` ԱՄՆ-ում արդեն հաստատվածներին վտարելը կարող է հակառակ ազդեցությունն ունենալ: Ուստի պատահական չէ, որ Թրամփի նման կեցվածքը պիտի հանդիպեր առաջին հերթին մեքսիկական իշխանությունների բացասական վերաբերմունքին: Հիշարժան է, որ վերոնշյալ հսկայական պատը կառուցելու համար Թրամփը խոստանում էր ֆինանսական միջոցներ հայթայթել առաջին հերթին Մեքսիկայի հաշվին` ստիպելով վերջինիս կառավարությանը վճարել դրա դիմաց: Թրամփի հետ հանդիպումից հետո Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենա Նիետոն հայտարարություն էր տարածել, որ ԱՄՆ նախագահի թեկնածուի հետ քննարկվել են փոխադարձաբար հետաքրքրող բազմաթիվ հարցեր, սակայն հսկայական պատի կառուցման մասին խոսք լինել չի կարող: Մեքսիկայի նախագահը արտահայտել է իր դժկամ վերաբերմունքը նման գաղափարի հանդեպ, առավել եւս անհնար համարել իր կառավարության կողմից պատի կառուցման համար ֆինանսական հատկացման հնարավորությունը:
Ըստ էության, Թրամփը Մեքսիկա էր գնացել՝ զուտ ներքին քաղաքական դիվիդենտներ շահելու համար: Պարզ է, որ Մեքսիկայի իշխանությունները գործնականում չեն կարող ազդել ԱՄՆ նախագահական ընտրությունների վրա: Փոխարենը Թրամփը ցույց տվեց իր ընտրողներին, որ ի վիճակի է «նախագահական» այցելություններ կատարել եւ հրատապ համարվող թեմաները քննարկել այլ երկրների ղեկավարների հետ: Փաստ է սակայն, որ Մեքսիկայի իշխանությունը Թրամփին ընդառաջ չի գնացել` պահպանելով պատի կառուցման հարցում իր նախկին տեսակետը: Այդ հանգամանքն էլ թույլ էր տվել դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնին ծաղրել Թրամփի այցը` նկատելով, որ Թրամփը տապալվել է իր առաջին դիվանագիտական ձեռնարկման մեջ` հաշվի առնելով քարոզարշավի ընթացքում շարունակաբար պատի կառուցումից խոսելն ու Մեքսիկայի նախագահի հետ լոկ հպանցիկ այդ հարցին անդրադառնալը: Քլինթոնի մոտեցումն էլ ավելի է ծաղկեցրել Աշխատավորների ամերիկյան ֆեդերացիայի եւ արտադրական կազմակերպությունների հեղինակավոր կոնգրեսի նախագահ Ռիչարդ Թրումկան` արձանագրելով, որ Թրամփը Մեքսիկայում իրեն պահեց ինչպես հայտնի մուլտհերոս Վիննի Թուխը: Հանուն արդարության հարկ է նկատել, որ Թրամփին հերթական անգամ հաջողվեց հայտնվել համաշխարհային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում` ապահովելով իր մասին կայուն տեղեկատվության տարածման տեմպը: Մեդիա դաշտի գրավումը Թրամփի նվազագույն նվաճումն է, թեկուզեւ նման մեթոդներով:
Հատկանշական, որ Հայաստանում նախագահի թեկնածուներն էլ են արտասահմանյան այցեր կատարում ընտրությունների նախօրյակին: Անշուշտ, հայկական այցերը միանշանակորեն տարբերվում են ամերիկյանից, քանզի այս պարագայում խնդիրն ավելի շատ արտաքին ուժային կենտրոնների աջակցությունը ստանալն է, քան ներքին լսարանի վրա ազդելը: Հիշենք, որ 2008թ. նախագահական ընտրություններից առաջ` 2007թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, դեռ վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանը կատարեց երեք նշանակալից այցելություն` Մոսկվա, Վաշինգտոն եւ Փարիզ: Կասկած չկա, որ Սարգսյանի այցելությունները միտված էին աշխարհաքաղական այդ կենտրոնների կողմից որպես նախագահի ընդունելի թեկնածու ներկայանալուն: Դատելով հաջորդող ընտրությունների ժամանակ Սերժ Սարգսյանի հանդեպ միջազգային հանրության գորովալից վերաբերմունքից՝ կարելի է եզրակացնել, որ Սարգսյանը իր նպատակին հասել էր: Նույն ընտրությունների շրջանում Մոսկվա այցելեց նաեւ նախագահության մեկ այլ հավակնորդ, առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Տարբեր աղբյուրներից սպրդած տեղեկությունները հուշում են, որ նրան Մոսկվայում չէին մերժել, սակայն Մարտի 1-ն ու դրան հաջորդած իրադարձություններն էլ ապացուցեցին, որ Մոսկվան նախընտրել էր Սարգսյանին: Ի դեպ, այս շղթան խախտելու փորձ արեց միայն Րաֆֆի Հովհաննիսյանը, որը «Պուտինից հաղթանակը բերելու» մեկնեց միայն ընտրություններից հետո` բավարարվելով ՌԴ մայրաքաղաքի տեսարժան վայրերը Արա Աբրահամյանի ուղեկցությամբ վայելելու հաճույքով:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 
ԳՅՈՒՂԱՊԵՏԸ ՉԻ ԱՌԱՋԱԴՐՎԵԼ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՊԱՏՃԱՌՈՎ

ՀՀ Արմավիրի մարզի 170 բնակիչ ունեցող Կողբավան գյուղում սեպտեմբերի 18-ին գյուղապետի ընտրություններ են տեղի ունենալու: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ առաջադրված թեկնածուները երկուսն են՝ Կողբավանի նախկին գյուղապետ, ՀՅԴ-ական Սերոբ Սերոբյանը, անկուսակցական Գուրգեն Դանիելյանը: Իսկ գործող գյուղապետ Հովհաննես Քոչարյանն այս անգամ չի առաջադրվել:

Ընտրությունների թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է ՀՀԿ-ական գյուղապետ Հովհաննես Քոչարյանի հետ:
-Պարո’ն Քոչարյան, քանի՞ տարի է, ինչ գյուղապետ եք:
-Ես 2008 թվականից ընտրվել եմ Կողբավանի գյուղապետ:
-Այս անգամ գյուղապետի պաշտոնի համար չեք առաջադրվել: Ինչո՞ւ:
-Պատճառ չկա, ուղղակի չեմ ցանկանում այլեւս աշխատել:
-Ի՞նչ խնդրի հետ է կապված: Գյուղապետի աշխատավա՞րձն է ցածր, թե՞ խնդիրներն են շատ:
-Գյուղապետի վարձատրությունը շատ ցածր է, բյուջեն շատ փոքր է, ոչինչ չես կարող անել գյուղի համար: Իսկ նորմալ աշխատավարձ չես կարողանում տաս, հետեւաբար իմաստ չուներ առաջադրվել:
-Առաջադրված թեկնածուներից ՀՅԴ-ական Սերոբ Սերոբյանը նախկին գյուղապետն է…
-Իմ ընկերն է: Մեկ-երկու սեզոն ինքն է աշխատում, մեկ-երկու սեզոն էլ՝ ես: Հերթով (ծիծաղում է-Ս.Հ.): Հերթով աշխատում ենք, որ չհոգնենք:
-Այսինքն` գյուղապետի հաջորդ ընտրություններին կառաջադրվե՞ք:
-Դե, կյանք է: Եթե առողջությունս ների, կառաջադրվեմ:
-Այլ աշխատանքի անցնելո՞ւ եք: Ի՞նչ եք ծրագրել:
-Իհարկե, պետք է աշխատանք գտնեմ, իմ ընտանիքին ով է պահելու: Դեռ չգիտեմ, աչքի տակ մի քանի գործ կա, տեսնենք, թե ինչ կստացվի:
-Ի՞նչ խնդիրներ կան գյուղում, որոնք այդպես էլ չկարողացաք լուծել:
-Խմելու ջրի խնդիրն է. գյուղում ընդհանրապես ջրագիծ չկա: Ջուրը բերովի է, գյուղում մի ցիստեռ ունենք, շաբաթվա մեջ մեկ անգամ ջուր ենք բերում եւ բաժանում ընտանիքներին: Այլ տարբերակ չկա:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

 

 

 
ԸՆԴԱՄԵՆԸ 8 ԻՐԱՎԱԽԱԽՏ
2016թ. օգոստոսի 1-ի դրությամբ ՀՀ Տավուշի մարզի ոստիկանության տարածքային բաժինների անչափահասների գործերով տեսչություններում իրավախախտման եւ հանցագործության կատարման համար պրոֆիլակտիկ հաշվառման մեջ է եղել 8 անչափահաս, որից 4-ը Իջեւանի տարածաշրջանից (մեկը կատարել է բռնաբարություն, 1-ը՝ գողություն, 2-ը` ուսումից խուսափող են), 1-ը՝ Դիլիջանից (գողություն), 3-ը՝ Բերդի տարածաշրջանից (գողություններ են կատարել): Այդ մասին տեղեկացանք Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչությունից: Զարմանալի է, որ Նոյեմբերյանի տարածաշրջանից կատարած իրավախախտման համար ոչ մի անչափահաս պրոֆիլակտիկ հաշվառման չի եղել: Նոյեմբերյանի տարածաշրջանն ընդգրկում է Նոյեմբերյան քաղաքը եւ 18 գյուղեր, այդ բնակավայրերում չկա՞ն ուսումից խուսափող, տարբեր բնույթի իրավախախտումներ կատարող երեխաներ: Մյուս կողմից էլ՝ 132 000 բնակիչ ունեցող մարզում 8 երեխաների պրոֆիլակտիկ հաշվառման վերցնելը ցույց չի տալիս անչափահասների շրջանում իրավախախտումների իրական պատկերը: Նշենք նաեւ, որ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը ոստիկանության ծառայողների հետ համատեղ իրականացրել է միջոցառումներ` ուղղված անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների եւ իրավախախտումների կանխարգելմանը, դրանք ծնող պատճառների եւ պայմանների վերացմանը, երեխաների նկատմամբ ֆիզիկական, հոգեբանական, սեռական, տնտեսական բռնության հիմնախնդիրների ուսումնասիրությանը, նրանց իրավունքների ու շահերի պաշտպանությանը:

 

 

ԱՌԵՂԾՎԱԾԱՅԻՆ ԱՆՀԵՏԱՑՈՒՄ
Արդեն տեղեկացրել ենք, որ օգոստոսի 8-ի երեկոյան Իջեւան քաղաքին հարակից Գանձաքար գյուղի Տլուտ սարամասից անհետացել է Գանձաքարի բնակչուհի, 1938թ. ծնված Սեդա Զաքարյանը: Նա գյուղից 20 կմ հեռավորությամբ գտնվող սարամասում պահում էր իրենց ընտանիքի անասունները: Գանձաքարի գյուղապետ Շահեն Շահինյանը «Ժոովուրդին» փոխանցեց, որ մեկ շաբաթ առաջ Հրազդան քաղաքի մոտ մայրուղում մի վարորդ տեսել է Սեդա Զաքարյանին, սակայն կինը նրա հետ չի խոսել: Գյուղապետն ասաց, որ ինքը եւ իր համագյուղացիները գնացել են Հրազդան, վարորդն իրենց եւս ասել է, որ ճանաչել է Սեդա Զաքարյանին: Սակայն Հրազդանում կնոջ որոնումներն արդյունք չեն տվել: Գյուղապետին հարցրինք, թե արդյո՞ք Ս. Զաքարյանի հոգեկան վիճակը մինչեւ անհետանալը նորմալ է եղել: Շ. Շահինյանն ասաց, որ կինը հոգեպես առողջ էր, սակայն կապված մեծ տարիքի հետ՝ կարող էին առողջական խնդիրներ ծագել: Հավելենք, որ տեւական ժամանակ՝ հուլիսի 24-ից, անհետ կորած է նաեւ Բերդի տարածաշրջանի Չինչին գյուղի բնակիչ, 1934թ. ծնված Խորեն Կարապետյանը, ով տնից դուրս է եկել եւ այլեւս չի վերադարձել:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս