«Ժառանգություն»-ն ԱԺ ընտրություններին կարող է մասնակցել դաշինքով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս «Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն տարածեց սեպտեմբերի 18-ին եւ հոկտեմբերի 2-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին չմասնակցելու վերաբերյալ: Պատճառների եւ կուսակցության հետագա քայլերի մասին «Ժողովուրդը» զրուցեց «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ:

-Պարո՛ն Մարտիրոսյան, «Ժառանգություն» կուսակցությունը հայտարարեց ՏԻՄ ընտրություններին չմասնակցելու մասին՝ նշելով, որ Դուք ենթարկվել եք բռնաճնշումների: Կարելի՞ է ենթադրել, որ այդ բռնաճնշումները Ձեզ պառակտել են:

-Պառակտվելու խնդիր չկա, ուղղակի կազմակերպչական առումով այլեւս չենք հասցնի որեւէ ձեւով մասնակցել, քանի որ ես էի, այսպես ասեմ, գլխավոր բանակցողը անձերի եւ ուժերի հետ: Ըստ էության, այդ պրոցեսն էլ է կանգնել, որ ինչ-որ ձեւով միասնական պայքար մղենք, ինչի կողմնակիցն ենք եղել միշտ, խոսքը դրան է վերաբերում: Գումարած դրան, ըստ էության, մեր նկատմամբ քրեական հետապնդումը չի դադարել:

-Եթե Դուք համարում եք, որ այս մթնոլորտում հնարավոր չէ մասնակցել ընտրություններին, ապա ինչպե՞ս պետք է մասնակցեք 2017 թվականի ԱԺ ընտրություններին, չէ՞ որ ժամանակահատվածը կարճ է:

-2017 թվականի հետ կապված որեւէ քննարկում չենք արել, բայց կարելի է հստակ ասել, որ մինչեւ այդ իսկապես շատ բաներ են փոխվելու: Ակնահայտ է, որ ինչ-որ դինամիկ փոփոխությունների շրջափուլ ենք մտել, նաւ ինձ համար միանշանակ է, որ եթե դաշինքով մասնակցենք, ապա դա այնպիսի դաշինք պետք է լինի, որը իր մեջ կրում է Հայաստանի ինքնիշխանության վերականգնման, Հայաստանի ազգային պետական շահի պաշտպանության քայլեր, եւ ակնհայտ է, որ Հայաստանը ինքիշխանության, ազատության, ինքնուրույն որոշումներ կայացնելու դիրքից այնքան է հեռացել, որ պետք է շատ ջանքեր թափի, որպեսզի վերադառնա սուբեկտայնության աստիճանի, որովհետեւ այս պահին, ցավոք սրտի, օբյեկտ է դարձել Ռուսաստանի ձեռքին:

-Այսինքն՝ հնարավոր է, որ ԱԺ ընտրություններին մասնակցեք դաշինքո՞վ:

-Չենք քննարկել, բայց հնարավոր է՝ գուցե առանձին մասնակցենք, գուցե ընդհանրապես չմասնակցենք, որովհետեւ կարող է քաղաքական դաշտի ճնշումներն ավելի խստանան, ավելի շատ անօրինականություններ լինեն: Այս մասին դեռ վաղ է խոսել:

-Իսկ ինչո՞ւ ՏԻՄ ընտրություններին դաշինքով չմասնակցեցիք:

-Գլխավոր բանակցողը ես էի, եւ ինձ ազատազրկեցին: Կուսակցության ամբողջ ուշադրությունն իր անդամների ազատագրման ուղղությամբ է եղել եւ ոչ թե ՏԻՄ-ի:

-Արդյո՞ք իշխանափոխություն սկսելու համար պետք չէ սկսել հենց ՏԻՄ ընտրություններից:

-ՏԻՄ ընտրություններն ինչ կապ ունեն, եթե ամբողջ բյուջեն գտնվում է մարզպետի ձեռքին, եթե ոստիկանությունը, պետական տարբեր օղակները այդ ճնշումները բանեցնում են: Ասենք թե մի քանի գյուղապետ եղան, դա ինչ է տալու: Գյուղապետը լիազորվա՛՞ծ է, որ ցուցակների հավելագրումների ուղղությամբ քննչական գործողություններ անի, իրավական հետապնդում իրականացնի, ամեն լիազորություն ունի՞ գյուղապետը, իհարկե, ոչ:

-Այսինքն՝ կուսակցությունը միայն ԱԺ ընտրություններո՞վ է հետքրքրված:

-Ո՛չ, կուսակցությունը շատ կարեւորում է ՏԻՄ մակարդակը: Դրա համար մեր ծրագրային դրույթների մեջ ՏԻՄ լիազորությունների մեծացումն ու հստակեցումն է եւ, ընդհանրապես, ՏԻՄ համակարգի փոփոխությունը երկրում: Այս պարագայում, ինչպես հիմա է, մարզպետներ կան, որոնք, ըստ էության, տնօրինում են ամբողջ բյուջեն, եւ գյուղապետերն անմիջականորեն կախվածության մեջ են մարզպետներից, եւ մենք տեսնում ենք, որ գյուղապետերի ձեռքին ոչինչ չի լինում:

Շատ կարեւորելով ՏԻՄ-ը` հասկանում ենք, որ գլխավոր փոփոխությունները ոչ թե ՏԻՄ-ով են լինելու, այլ պառլամենտական ընտրություններով այս պարագայում, որովհետեւ նախագահական չի լինելու, իսկ եթե կարողանանք պայքարել արտահերթ նախագահական ընտրությունների համար, ապա նաեւ նախագահական ընտրություններով:

-Եվ, ի վերջո, ի՞նչ քայլեր են ձեռնարկվում՝ «նախկին» «Ժառանգությունը» վերականգնելու համար:

-Նախկին «Ժառանգությունը» վերականգնել պետք չէ, որովհետեւ «Ժառանգությունը» չի քանդվել, որ նախկինն էլ վերականգնվի:

2004 թվականից ինչ մենք գործում ենք, անընդհատ լուսանցքում ենք հայտնվում տարբեր գնահատականների, բայց ամեն մի ընտրություն ցույց է տալիս, որ իրականության մեջ միակ կուսակցությունը, որը նվազ հնարավորություններով եւ այդքան ճնշումների ենթարկվելով միշտ հասարակության համակրանքը շահում է, «Ժառանգությունն» է:

Վահագն Հակոբյան




Լրահոս