Քոչարյանը ստում է, որովհետև որոշ հարցերում ինքը նույնիսկ ռեկորդակիր է. Ստյոպա Սաֆարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը սեպտեմբերի 3-ին «Ազատությանը» տված հարցազրույցում անդրադարձել էր ղարաբաղյան խնդրին, տնտեսական գործընթացներին, ինչպես նաեւ երկրում ձեւավորված բարոյաքաղաքական մթնոլորտին:

Թե ինչ մեսիջ էր փորձում փոխանցել նախկին նախագահը եւ ում էր այն ուղղված, «Ժողովուրդ»-ը փորձել է պարզել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանից եւ քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանից:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյան

-Տիկի՛ն Աճեմյան, ինչպե՞ս եք գնահատում Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցում գործող իշխանության հասցեին հնչեցված քննադատությունը:

-Երկրորդ նախագահը պարբերաբար հարցազրույցներ է տալիս` քաղաքական, տնտեսական իրավիճակի հետ կապված: Մեր երեք նախագահներն էլ խիստ տարբերվում են ե՛ւ իրենց մարդկային, ե՛ւ քաղաքական գործիչ տեսակով: Այս առումով երկրորդ նախագահը երեւի թե տարբերվում է իր հարցազրույցների սրությամբ, այսինքն՝ որոշակի դրույթներ կան, որ մենք բոլորս էլ համաձայն ենք, բայց ինքս մատծում եմ՝ շատ հեշտ է կողքից եզրահանգումներ անել, քննադատությամբ հանդես գալ, երբ դու պարզապես դիտորդ ես, երբ չես մասնակցում քաղաքական գործընթացին:

-Իսկ ըստ Ձեզ՝ որքանո՞վ էին թեկուզ որպես դիտորդ՝ նախկին նախագահի դիտարկումները տեղին, իսկ հնչեցրած քննադատությունը՝ օբյեկտիվ: Եվ, ի վերջո, ի՞նչ մեսիջ էր նա փորձում փոխանցել:

-Մեսսիջը մշտապես ուղղված է եղել իշխանություններին այն առումով, որ երեւի թե իշխանությունները ինչ-որ հարցերում թերանում են: Բայց իրավիճակն այնպիսին է, որ իշխանությունը շատ ավելի լավ գիտի ե՛ւ ներսի, ե՛ւ դրսի բոլոր խնդիրները: Կարծում եմ, որ սահմանադրական փոփոխությունները, նաեւ նոր ընտրությունները կարող են շատ բան փոխել մեր կյանքում, եւ համոզված եմ, որ իշխանությունները նախընտրական, ընտրական ճանապարհը անցնելու կամքը ունեն եւ այնպես անելու, որպեսզի ժողովրդի մոտ այդ վստահության դեֆիցիտը պակասի:

Քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյան

-Պարո՛ն Սաֆարյան, ո՞րն էր, ըստ Ձեզ, Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցի հիմնական մեսիջը եւ առավելապես ում էր այն ուղղված:

-Քոչարյանի թեզերը միայն եւ միայն ներքին հանրությանը չեն ուղղված, արտաքին հանրությանն էլ են ուղղված: Քոչարյանը պատահական չէ խնդիրների երեք բլոկ առանձնացնում: Առաջին բլոկում փորձում է հիմնավորել, թե իր կառավարման շրջանում այսպիսի դեղին քարտ Ադրբեջանը ցույց չէր տվել եւ այսպիսի վատ կառավարում չի իրականացվել. երկիրը մեկուսացվում է, դուրս է թռնում տարբեր ծրագրերից, երկրում հասարակությունը գնալով ավելի զայրացած է դառնում: Իհարկե, Քոչարյանը ստում է, որովհետեւ որոշ հարցերում ինքը նույնիսկ ռեկորդակիր է: Երկրորդ բլոկում ղարաբաղյան խնդիրն է, որտեղ կրկին հասցեատերերը երկուսն են` դուրսը եւ ներսը: Դրսին հասկացնում է, որ ինքը այն ղեկավարն է, որը շահագրգռվբած է ստատուս քվոյի փոփոխության հարցում: Քոչարյանը փորձում է հիշեցնել ամերիկյան նախաձեռնությամբ տարված պրոցեսը՝ հասկացնելով, որ ինքը միանգամայն տարբերվում է Սերժ Սարգսյանից: Երրորդ բլոկում անդրադառնալով Սասնա ծռերին՝ նա խոսում է այն մասին, որ, ըստ էության, իշխանություններն ի զորու չէին երկիրը կառավարել, եւ հասարակությունը նրանց դեղին քարտ է ցույց տվել, հետեւաբար հաջորդը կլինի կարմիր քարտը, եւ որպեսզի դա տեղի չունենա, ինքը կրկին, կարծեք թե, ինքնառաջադրում է իրեն:

զրուցեց Արփինե Թովմասյանը




Լրահոս