Արագածոտնի մարզի Եղիպատրուշ համայնքում սեպտեմբերի 18-ին տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ, որին մասնակցելու համար առաջադարվել էին գործող գյուղապետ Մարզպետ Գրիգորյանը և նրա 24-ամյա որդին Հովհաննես Գրիգորյանը, սակայն վերջինս ինքնաբացարկ է հայտարարել: Հավելենք, որ Մարզպետ Գրիգորյանն համայնքի ղեկավար է արդեն 22 տարի, ում այս տարի ևս առաջադրել է ՀՀԿ կուսակցությունը:
ArmLur.am-ն այս առնչությամբ զրուցեց Եղիպատրուշ համայնքի ղեկավար Մարզպետ Գրիգորյանի հետ:
-Պարո՛ն Գրիգորյան, ինչո՞ւ է Ձեր որդին իր թեկնածությունն առաջադրել, իսկ հետո հրաժարվել:
– Դե՛ ասում է ես երիտասարդ եմ, տենց փոշմանել է, եսիմ:
-Հնարավո՞ր է, որ դա հատուկ էր արված: Ինչպե՞ս պետք է պայքարեիք միմյանց դեմ հայր և որդի:
-Դե որոշեց, որ կարողա ինքը չկարողանա դրա համար էլ հրաժարվեց էլի: Դե միշտ էլ հայր և որդու միջև պայքար եղել ա:
–Արդեն 22 տարի համայնքի ղեկավար եք, ինչպե՞ս է Ձեզ հաջողվում մնալ գյուղապետ, այլ թեկնածուներ չե՞ն առաջադրվում:
-Այս տարիների ընթացքում ամբողջ ջրի ցանցը փոխել եմ, ամբողջ գյուղը ապահովված է գիշերային լուսավորությամբ, նախակրթարան սարքել եմ, դպրոցը վերանորոգել եմ և այլն: Հիմա էլ ճանապարհային շինարարական աշխատանքներ ենք կատարում, 9 կմ արդեն ասֆալտապատված է: Իսկ թեկնածուներ եղել են, ուղղակի ես եմ անցել, իմ լավ աշխատանքի շնորհիվ: Հիմա թեկնածուներ չկան, քանի որ 6 ամիս հետո խոշորացման ենք գնում, 5-6 ամսվա համար էլ ինչ դնեն:
-Հայտնի է, որ Ձեզ աջակցում է Աղվան Հովսեփյանը: Ընտրություններում նույնպե՞ս Ձեզ սատարում է:
-Չէ՛, նման բան չկա, դա բացառված է, ես առաջադրվել եմ ՀՀԿ կուսակցության կողմից:
Լիդա Եղիազարյան